Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին գործադուլ

Հունվար 19,2010 00:00

Կիրակի օրվանից «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության ստորգետնյա հանքի աշխատողները հերթական գործադուլն են սկսել՝ ղեկավարությունից պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Գործադուլավորների պատմելով՝ շաբաթ օրը գիշերվա հերթափոխից հանք չեն մտել, իսկ կիրակի օրվանից՝ հունվարի 17-ից, արդեն սկսեցին իրենց բողոքի ցույցը, որը հասունացել էր դեռ Ամանորի նախօրեից: «Տնտեսական ճգնաժամը պատճառ բռնեցին՝ մեր աշխատավարձը ցածրացրին, ասացին մետաղների գները բարձրանա՝ կբարձրացնենք հետագայում: Հիմա ինչո՞ւ չեն բարձրացնում, ինչքան ժամանակ է՝ ասում են համբերեք… մետաղների գները վաղուց բարձրացել են, ո՞ւմ են հիմարի տեղ դնում: Պահանջում ենք բարձրացնել մեր աշխատավարձերը: Նախկինում կրկնակի բարձր էինք վարձատրվում, հիմա մտնում ենք հանք դուրս գալիս՝ 100-110 հազար գումար են տալիս: Ո՞վ է տեսել հանքի աշխատողին 100 հազար դրամ փող տան: Ասում էին դեկտեմբերից բարձրացնելու են աշխատավարձը, բայց կրկին նույն ցածր աշխատավարձն ենք ստացել: Ամեն անգամ Ամանորին մենք «պրեմիա» էինք ստանում, բայց էս անգամ նույնիսկ դա էլ չստացանք: Դրա փոխարեն մեզ «ավանս» էին առաջարկում: Մենք կոմբինատի ղեկավարությունից պահանջում ենք բարձրացնել մեր աշխատավարձերը, գործադուլի նպատակը սա է: Էնքան ժամանակ հանք չենք մտնի, էնքան կշարունակենք մեր գործադուլը, մինչեւ բավարարեն մեր պահանջը: Օտարերկրացին մեզ ստրուկի տեղ ուզում ա աշխատեցնի: Մենք դա նրան թույլ չենք տա: Եթե մեր երկրի ղեկավարությանը չի մտահոգում իր քաղաքացիների հոգեվիճակը, ապա մենք ինքներս թույլ չենք տա, որ մեր իրավունքները ոտնահարեն»,- բողոքում են գործադուլավորները:
Իսկ ահա ընկերության ղեկավարությունը հարցը լուծելու փոխարեն փորձել է խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ պահակներին հրամայել է չթույլատրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին մտնել ձեռնարկության հրապարակ, բայց գործադուլավորների ջանքերի շնորհիվ լրագրողները կարողացան ներս մտնել եւ աշխատել: Գործադուլավորները երեկ պետք է հանդիպեին կոմբինատի ղեկավարությանը եւ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետային ու ներկայացնեին իրենց պահանջները:
Ավելի ուշ ընկերության արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ կոմբինատի աշխատողների եւ ղեկավարության համատեղ խորհրդակցությունը սկսվել է եւ դեռ չի ավարտվել: Աշխատողները ներկայացրել են իրենց պահանջները, իսկ Ռոբերտ Ֆալետան աշխատակիցներին է պատրաստվում ներկայացնել աշխատավարձի բարձրացման իր առաջարկը: «Ամբողջ հարցն այն է, թե երկու կողմերը կգա՞ն ընդհանուր համաձայնության, թե՝ ոչ: Դա պարզ կլինի միայն հանդիպումից հետո, իսկ հանդիպումը դեռ երկար կտեւի»,- ասաց պարոն Թումանյանը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսի 13-17-ը «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության աշխատողները գործադուլ արեցին, միջամտեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, եւ ընկերության ղեկավարությունը խոստացավ քննարկել բողոքավորների պահանջները եւ ճգնաժամի արդյունքում ազատված 40 աշխատողներին վերականգնելու հնարավորություններ փնտրել («Առավոտ», 14, 15, 16, 18 հուլիս, 2009թ.):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել