Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԻ» ԵԼՈՒՅԹԸ ՀՈՒԶԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հունվար 19,2010 00:00 Share

\"\"Հանդիսություն, որ հիացրեց բոլորին

Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում «Արարատ» երիտասարդաց միության համանուն երգչախմբի մասնակցությամբ օրերս կայացավ հանդիսություն՝ նվիրված տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծննդյան տոնին:
Հանդիսության կազմակերպիչ, Սբ. Սարգիս եկեղեցու սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որը նաեւ ղեկավարում է «Արարատ» երիտասարդաց միությունը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առթիվ անցկացվող միջոցառումը կարելի է համարել հաշվետու, քանի որ այն միության նորաստեղծ երգչախմբի առաջին մեծ համերգն է լինելու. «Սուրբ Ծննդյան առիթով յոթ ամսական նորաստեղծ երգչախումբն իր զգացումներն ուզում է կիսել մեզանից յուրաքանչյուրի հետ: Սա ոչ թե միջոցառում է, այլ փառաբանում, թե եկեղեցին, Աստված, Սուրբ Ծնունդը, Համբարձման տոնը ինչ դերակատարություն ունեն մեր կյանքում: Սա քարոզչության մի տեսակ է»:
«Կարեւոր է ժամանակը նկատել հոգեւոր տեսությամբ, անցնող ամեն մի տարում էլ ավելի մոտենալ փառավոր հավիտենությանը»,- իրենց խոսքում այսպես էին ողջունում «Արարատ» երիտասարդական միության ներկայացուցիչները, իսկ երգչախումբը նրանց խոսքը շարունակում էր ոչ միայն շարականներով, այլեւ մոր, սիրո, Ամանորի մասին երգերով:
Երգչախմբի 14-ամյա անդամ Մարի Շելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար նպատակ է եղել Սուրբ Ծննդյան տոնին ելույթ ունենալը. «Երկար եմ սպասել այս տոնին, նման միջոցառմանը ելույթ ունենալն ինձ համար մեծ հաճույք է եւ պատասխանատվություն: Նպատակս է եղել միշտ բոլորին պատմել այն ամենը, ինչ ես գիտեմ Սուրբ Ծննդյան տոների մասին, քանի որ հասարակության մեծ մասը չի գիտակցում տոների բուն իմաստը»: Երգչախմբի մեկ այլ անդամ՝ 19-ամյա Գրետա Ղազարյանն էլ նկատեց. «Հանդիսությունը նպատակ ունի ներկայացնել մարդկանց տոնի կարեւորությունն ու նրանց ուղղորդել ճիշտ տոնել Սուրբ Ծնունդը»:
Միջոցառմանը ներկա էին հոգեւորականներ, արվեստագետներ, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով համերգի վերջում իր խոսքն ասաց. «Ես հիացած եմ երգչախմբով: Իմացա, որ խոսքերի տեքստը բխում է երիտասարդներից, դա ապշեցուցիչ է: Այդ հասակում այսպիսի խորը քրիստոնեական աշխարհընկալում ունենալը պարզապես հուզիչ է»:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի փոխանցմամբ, «Արարատ» երիտասարդաց միությունը ժամանակին հիմնադրել է Վեհափառ հայրապետը. «Այն ժամանակ միակն էր եւ կոչվում էր Հայ եկեղեցու երիտասարդաց միություն: Եվ քանի որ այսօր բոլոր եկեղեցիներին կից երիտասարդաց միություններ կան, այդ միությունը որպես մայր միություն վերանվանվեց «Արարատ»: Ապա ստեղծվեց համանուն երգչախումբ, նպատակ ունենալով հայ մարդուն, երիտասարդին ներգրավել եկեղեցական կյանքից ներս, զորացնել իր հավատքը… Երգչախմբում ընդգրկված է 10 երիտասարդ երգչուհի: Երգացանկում հիմնականում շարականներ են, հայրենասիրական երգեր եւ այլն»:
«Արարատի» խմբավար Կ. Ավետիսյանն էլ, կարեւորելով եկեղեցում երգչախմբի առկայությունը, ասաց. «Ցանկացած եկեղեցական արարողություն ինքն իրենով հետաքրքիր է, բայց ամեն պարագայում երգչախումբն ավելի է գեղեցկացնում ոչ միայն իր երգեցողությամբ, այլեւ աղոթքներով, որովհետեւ ցանկացած երգ, շարական հանդիսանում է աղոթք: Իսկ աղոթքը երգելով կատարելը շատ ավելի հաճելի է»:
Արշակ սրբազանը, որը տարիներ առաջ հիմնադրել էր «Արարատ» միությունը, ապա միության խնամակալությունը փոխանցել տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, ասաց, որ հպարտ է միության գործունեության համար, շնորհավորեց երգչախմբի նորամուտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել