Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթն ու ինտելեկտը անհամատեղելի՞ են

Հունվար 20,2010 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ օրերս կայացել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը: Նշել էինք նաեւ, որ առաջին տեղում էր ֆինանսների նախարարության թիմը, երկրորդում՝ էկոնոմիկայի նախարարության գիտակները, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են գյուղատնտեսության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիմերը: Ինտելեկտով, փաստորեն, աչքի չի ընկել մշակույթի նախարարության թիմը, որը խաղից դուրս է մնացել հենց առաջին փուլից: Մշակույթի նախարարության ձախողված ինտելեկտուալների թվում էին նախարարի խորհրդականներ Րաֆֆի Զաքարյանն ու Նառա Եղիազարյանը, աշխատակազմի նոր ղեկավար Սերգեյ Ավետիսյանը (որը փոխարինել է նախկին ինտելեկտուալ, ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքից ազատված Արեգ Հայրապետյանին), միջազգային կապերի վարչության գլխավոր մասնագետ Սվետա Սահակյանը, մշակութային ժառանգության վարչության մասնագետ Սահակ Սարգսյանը եւ արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը: Ընդ որում, բացի Կ. Վարդանյանից, սրանք այն մարդիկ են, ովքեր նախարարությունում հայտնվել են նախարար Հասմիկ Պողոսյանի իրականացրած կառուցվածքային փոփոխությունների ընթացքում: Նշենք, որ մշակութայինների թիմը սկզբում այլ կազմ է ունեցել, ավելի ուշ նրանից դուրս են թողնվել նախարարության «հնաբնակ» եւ բանիմաց աշխատակիցները:
Ափսոս, որ ինտելեկտուալների ցանկում չեն եղել մշակութային ժառանգության վարչության պետ Արմենակ Սարգսյանն ու փոխնախարար Արեւ Սամուելյանը: Վերջինս հարգելի պատճառ է ունեցել՝ ծննդյան օրվա առիթով կոլեկտիվից նվերներ էր ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել