Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կհամալրեն հավաքականները

Հունվար 20,2010 00:00

Փետրվարի 2-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները, որոնցից յուրաքանչյուրին մասնակցելու են 10-ական շախմատիստներ:
Տղաների պայքարում հանդես են գալու Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Քոթանջյանը, Արթուր Չիբուխչյանը, Դավիթ Քալաշյանը, Հրանտ Մելքումյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը, իսկ աղջիկներից խաղատախտակների առջեւ կնստեն Սիրանուշ Անդրիասյանը, Աննա Հայրապետյանը, Նաիրա Մովսիսյանը, Նարինե Գասպարյանը, Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանը, Մարիանա Գասպարյանը, Վարդուհի Քալաշյանը, Անի Խանամիրյանը եւ Լուսինե Կարապետյանը:
 Երեկ շախմատի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ մեր առաջատար տղաների եւ աղջիկների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց վարկանիշով հանրապետության ազգային հավաքականների հիմնական կորիզն են կազմում, իսկ այս առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճողները կհամալրեն ընտրանիների մեկական թափուր տեղերը եւ կնախապատրաստվեն այս տարվա պատասխանատու մրցումներին, որոնց մեջ, թերեւս, ամենագլխավորը աշնանը կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադան է:
Մասնագետներին ու մարզասերներին հատկապես ուրախացնում է այն իրողությունը, որ շախմատը հանրապետությունում լայն տարածում ունի հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ: Եվ հենց այդ է պատճառը, որ կանանց մրցաշարում Երեւանն ունի մեկ մասնակից, իսկ մյուսները ներկայացնում են Գյումրին, Վանաձորը, Աբովյանը, Սիսիանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել