Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետու եղավ

Հունվար 21,2010 00:00

Հունվարի 20-ից ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանին են ներկայացնում նախարարությունների 2009թ. գործունեության հաշվետվությունները: Երեկ առաջինը հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ 2009թ.-ին կրթության եւ գիտության գերակա խնդիրներն են եղել հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը, նախնական եւ միջին մասնագիտական կրթության զարգացումը, գիտության ոլորտի բարեփոխումները՝ հայեցակարգային, ռազմավարական եւ իրավական հիմքերի ապահովումը: 2009թ. ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որը նպաստավոր միջավայր է ապահովելու համակարգի հետագա զարգացման համար: Մշակվել եւ հաստատվել է «ՀՀ-ում ցկյանս ուսումնառության հայեցակարգը», բարձրագույն մասնագիտական կրթության որակավորումների ազգային շրջանակի նախագիծը, ինչպես նաեւ «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի 2-րդ փուլը, որը հիմնականում ուղղված է բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցելուն: Աշխատանքներ են տարվել նաեւ կրեդիտային համակարգի կատարելագործման ուղղությամբ: ԿԳՆ-ն, կարեւորելով մասնագիտական կրթության որակի ապահովումը, 2009-ին բուհերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կասեցրել են 13 բուհերի լիցենզիաները:

Աախորդ տարի սկսվել է 12-ամյա կրթակարգի ներդրման վերջնական փուլը՝ 3-ամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը: Այդ նպատակով մշակվել են առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: 2008-09 ուստարում հանրապետության 10 դպրոցներում իրականացված փորձնական ծրագրի արդյունքում եւս 38 դպրոցներ վերակազմավորվել են առանձին գործող ավագ դպրոցների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել