Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիում նկատելի առաջընթաց չի լինի

Հունվար 22,2010 00:00 Share

Ու զարմանալի կլինի, եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները

Երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ այսօր Հայաստանում ամենաքննարկվող երեք թեմաների: Նախ՝ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Նիկոլի դատավճիռն իր խստությամբ աննախադեպ էր: Նրա ասելով, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ծայր առած բոլոր գործընթացներն են աննախադեպ եղել, այդ թվում՝ «վհուկների որսը, բեսպրեդելը, քաղաքական հետապնդումները, որոնք սկսվել են անկախ «Մարտի 1»-ի իրադարձություններից, փետրվարի 19-ի ընտրություններից անմիջապես հետո՝ դեռ փետրվարի 24-ին ԱԱԾ-ում Մարուքյանի ստորագրությամբ ՔՕ 300 եւ 225 հոդվածների հատկանիշներով հարուցված քրգործը»: Արձագանքելով այն հարցին, թե ինչո՞վ պետք է բացատրել, որ թիվ 10 ընտրատարածքում կեղծված ընտրություններից հետո հասարակական բողոքի ալիք չբարձրացավ, բանախոսն ասաց. «Ի՞նչ ասել է՝ չարձագանքեց: Հայաստանի կենտրոնում բնակվող 5200 քաղաքացի իր ձայնն է տվել Փաշինյանին: Սա շատ լավ ցուցանիշ է, շատ նորմալ մասնակցություն է այս  իրավիճակում՝ տոներից անմիջապես հետո, այս եղանակներին, ընտրարշավի սահմանափակ լինելու, թերթերի բացակայության պարագայում: Այլ հարց է, որ, ինչպես միշտ, իշխանությունը կեղծել է ընտրությունը, եւ Նիկոլի հավաքած ձայներից 2000-ից ավելին դրվել է  մեկ ուրիշ թեկնածուի օգտին»: Իսկ հասարակական բուռն արձագանք լոկալ՝ մեկ ընտրատարածքի ընտրություններից հետո, նրա ասելով, անհնարին էր, որովհետեւ «հասարակությունը մոբիլիզացվում, բողոքի ալիք է բարձրացնում միայն համապետական ընտրությունից հետո, եւ բացի այդ էլ, Կոնգրեսն իր առջեւ նման խնդիր չէր դրել»:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ԱԳ նախկին նախարարը էլի մի անգամ պնդեց, որ այդ հարաբերությունների բարելավումը սերտորեն պայմանավորված է ԼՂ խաղաղ կարգավորման զարգացումներով, ինչի մասին մեկ անգամ չէ, որ թուրք պաշտոնյաները հայտարարել են: Իսկ հակառակ պնդումները, որոնք ժամանակ առ ժամանակ անում են, օրինակ՝  Պուտինը, Լավրովը, համանախագահները եւ այլք, նրա գնահատմամբ, «ընդամենը հասարակության կողմից քննադատվող ՀՀ իշխանություններին աջակցելու ձեւ են»: Ալ. Արզումանյանը նաեւ նկատեց, թե հայ-թուրքական հարաբերություններն ամբողջովին պետք է դիտարկել ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման եւ խորացման շրջանակներում՝ հիշեցնելով, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւս  սկսվել է Մոսկվայից: Նրա ասելով, Թուրքիայի խորհրդարանն արձանագրությունները կվավերացնի միայն այն դեպքում, երբ ԼՂ խաղաղ կարգավորման հարցում կարձանագրվի, իր տեսակետից՝ «նշանակալի առաջընթաց»: Այս իմաստով նա զարմանալի չհամարեց, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է արձանագրությունների վավերացումը ձգձգել՝ չնայած իր վրա առկա ճնշումներին: «Հիմա նա հրաշալի նվեր ստացավ եւ նոր պատրվակ ունի՝ օգտագործել ՍԴ-ի այդ անհեթեթ, դեկլարատիվ հայտարարությունը՝ հարցը ձգձգելու համար: Այո, Թուրքիան վավերացնելու պատրաստ չէ եւ չի էլ վավերացնելու: Զարմանալի  կլիներ, եթե վավերացներ: Ուղղակի այդ հռետորաբանության մեջ հիմա նոր բաղադրիչ ի հայտ եկավ»,- նկատեց նախկին նախարարը՝ միաժամանակ «շատ անտրամաբանական եւ հիմար հայտարարություն» որակելով Թուրքիայի արձագանքը ՍԴ որոշման առիթով:
Իսկ արդյոք հունվարի 25-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ կստորագրվի՞. «Այս իշխանությունը պատրաստ է ցանկացած բանի՝ իր իշխանությունը պահելու համար: Կմարսի, թե ոչ՝ դժվար է ասել: Այնուամենայնիվ, նա խուսանավելու հնարավորություններ ունի: ԼՂ հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի: ՌԴ-ն է որոշողը՝ ԼՂ հարցում առաջընթաց կլինի՞, թե՞ ոչ: Ես հակված եմ ենթադրելու, որ որեւէ բան չի ստորագրվելու: Կարծում եմ՝ սա ավելի շատ  հավաք է լինելու, որտեղ Մեդվեդեւը կողմերի հետ համաձայնեցնելու է, թե ինչ շրջանակներում են նրանք պատրաստ մանեւրել, եւ նախապատրաստական կլինի ապագայի համար: Գուցե եւ ոչինչ չասող, մայնդորֆյան դեկլարացիայի նման մի բանավոր բան լինի, այնուամենայնիվ»,- ասաց Արզումանյանը՝ կարծիք հայտնելով, թե՝ այս պահին գրեթե անհավանական է, որ լինի այնպիսի մի հայտարարություն, որը Թուրքիան բավարար կհամարի Ղարաբաղի հարցում առաջընթաց գրանցելու եւ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել