Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՈՉ ՇԱՏ

Հունվար 27,2010 00:00

Հունվարի 25-ին կայացավ այդքան սպասված «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը, որի բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանը, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը, իսկ կոմպոզիտորը՝ Հայկ Մանարյանը: Ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է, նկարահանվել է պետական միջոցներով, ընդամենը ավարտին հասցնելու համար աջակցել է «Գրանդ Քենդի» ընկերությունը, որը նաեւ «Սասնա ծռեր» անունով շոկոլադ էր հյուրասիրում շնորհանդեսի մասնակիցներին:
Գիտակցելով, թե ինչքա՜ն ջանքեր են թափվել, ինչ ճանապարհ է անցել եւ 8 տարի շարունակ որքան չարչրկվել այս մուլտֆիլմը, այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ այն առանձնապես գլուխգործոց չէ: Կարծում ենք, հայոց դյուցազնավեպը անիմացիոն այլ «կերպարանքի» էր արժանի՝ ավելի գունեղ ու հերոսական շնչով: Մուլտֆիլմը միջին որակի ու մակարդակի էր ստացվել, չնայած որոշ հատվածներ ուղղակի սքանչելի էին՝ հատկապես նկարիչ Վ. Զաքարյանի ու նրա խմբի շնորհիվ: Ֆիլմը սկզբում ուղղակի սիմվոլախեղդ էր արված, ինչը խիստ ձանձրալի էր դարձրել աշխատանքը: Մյուս կողմից էլ, լավ էր, որ Սասունցի Դավիթը եղեգան փողից ծնված Վահագն աստծուն էր հիշեցնում՝ հուր մազերով եւ հրացայտ աչքերով: Դավթի հատվածը վատ չէր ստացվել, համենայնդեպս, այդ մասը գործընկերուհուս երեխան հետաքրքրությամբ դիտեց, իսկ այս դեպքում երեխայի վերաբերմունքը լավագույն ցուցիչն է: Ափսոս, որ Մսրա Մելիքի կերպարը հրեշային ու տմարդի ցույց տալու համար մուլտֆիլմը ստեղծողները նրան ընդամենը տգեղ արտաքինով էին պատկերել, մինչդեռ նա եւս Մեծ Մհերի որդին էր: Այնպես որ, պարտադիր չէ, որ միայն յուրայինները գեղեցիկ լինեն: 8 տարվա ձգձգումը, բնականաբար, պետք է որ հիասթափություն առաջացներ տաղանդավոր արվեստագետ Արման Մանարյանի մոտ եւ անդրադարձած լիներ նրա աշխատանքի վրա: Ամեն դեպքում, լավ է, որ գոնե թեկուզ նման մատուցմամբ մեր էպոսն էլ հասանելի կլինի լայն հանրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել