Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՖ-ի դրամաշնորհը՝ հայ գիտնականներին

Հունվար 28,2010 00:00

«Գիտնականի վարկն այսօր հասարակության մեջ չափից ավելի ընկած է, մեղավորությունը նաեւ ողջ հասարակությանն է, պետք է ասել, որ մենք հայրենի իշխանության կողմից աչքաթող ենք արված»,- կարծում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Արթուր Իշխանյանը: Լրագրողների հետ գիտնականների երեկվա հանդիպման առիթը ուրախալի էր. Ա. Իշխանյանը ու եւս 26 գիտնականներ 2010 թ. Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ կամ ANSEF) այս տարվա հաղթողներն են ու արժանացել են 5000-ական ԱՄՆ դոլարի: ՀՕՖ-ի գիտական այս մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դիմել կարող են գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները: Դրամաշնորհ ստացած աշխատանքների մեծ մասը բնագիտական են եղել, 3 թեմա էլ ընդգրկել է հումանիտար ոլորտը: ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը նշեց, որ տարին ծրագրի համար հոբելյանական է. 2001 թվականին ստեղծված հիմնադրամը 10 տարեկան է: «Մրցույթում լավ թեմաները շատ էին, 50-ն էր արժանի դրամաշնորհի, բայց մրցանակային ֆոնդի պատճառով ընտրվել է 27-ը»,- ասաց ՀՕՖ-ի տնօրենը: Հաղթողները ՀՀ ԳԱԱ ճյուղային ինստիտուտների, գիտական հիմնարկների ու բուհերի 26-63 տարեկան գիտաշխատողներ են: Ամենից տարեց մրցանակակիրը հայտնի նախիջեւանագետ Արգամ Այվազյանն էր:
ՀՕՖ-ի տնօրենը ուրախալի է համարում, որ հաղթողներից 8-ը կանայք են: Գիտնականներից 2-ը՝ Արթուր Իշխանյանը եւ Դավիթ Սարգսյանն, արդեն 5-րդ անգամ են դրամաշնորհի արժանանում: «Մեր նպատակը առաջատար գիտնականների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելն է եւ Հայաստանից գիտական ներուժի արտահոսքը կանխելը»,- նշեց Բ. Սարգսյանը: ՀՕՖ-ի կրթական եւ գիտական ծրագրերի համակարգող Է. Կարապետյանը գտնում է, որ երիտասարդները գիտության զարգացմանն ուղղված ակտիվ քայլեր են սկսել. «Ուրախալի է, որ դրամաշնորհի արժանացածներից 5-ը երիտասարդներ են, նրանց աշխատանքներն այնքան լավն են, որ կարողանում են մրցել տաղանդավոր եւ մեծ համբավ ունեցող գիտնականների հետ»: Դրամաշնորհի արժանացած ֆիզիկոս Արթուր Արամյանն ուսումնասիրում է իոնոսֆերան: Նրա աշխատանքը հետաքրքրել է հատկապես ֆրանսիացիներին, որոնք էլ տրամադրել են արհեստական արբանյակ, որի միջոցով էլ հնարավոր է հետազոտություններ, չափումներ անել: Մեր զրուցակիցը ցավում է միայն, որ Հայաստանից ուղեղների մեծ արտահոսք կա. «Մինչեւ հիմա դեմ եմ եղել երկրից գնալուն, բայց արդեն չգիտեմ՝ վաղն ուր կլինեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել