Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացվել

Հունվար 28,2010 00:00

Արդեն մեկ ամիս է, ինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում քննվում է Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների հայցը՝ ընդդեմ թիվ 162 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից իրենց ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը գանձելու պահանջով: Դատական նիստերը նախագահում է դատավոր Հ. Հովհաննիսյանը: Քննության ընթացքում արդեն երկու դատական նիստ հետաձգվել է, բայց երեկ, ի վերջո, նիստը կայացավ:
Հունվարի 15-ի դատական նիստը հետաձգվել էր հայցվոր կողմի միջնորդությամբ, քանի որ հայցվորի ներկայացուցիչ Յուրա Եղիազարյանին ժամանակ էր պետք հայցադիմումի պատասխանին ծանոթանալու համար: Երեկ նա հայցադիմումի պատասխանի հետ կապված որոշ առարկություններ արեց: Փաստաբանը նշեց, որ հայցադիմումի պատասխանում եզրահանգումներ են կատարվել, որոնք չեն բխում ՀՀ օրենսդրությունից: Նա, հղումներ անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքին, եկավ հետեւյալ եզրակացությանը. «Այս օրենսդրական ակտերից հետեւում է, որ անհատական իրավական ակտին հայցվորին պետք է ծանոթացվեր գրավոր, եւ միայն դրանից հետո այն կարող էր մտնել ուժի մեջ ու միայն հաջորդող օրվանից սկսվեր դատարան դիմելու վաղեմության ժամկետը»: Սակայն, ըստ Յու. Եղիազարյանի՝ թիվ 162 դպրոցի պարագայում այդպես չի եղել: Նա մանրամասնեց. «Իրավական ակտը ժողովում ընթերցելը, դպրոցի ցուցատախտակին փակցնելը իրավական ակտի պատշաճ ծանուցում չի կարող համարվել, քանի որ չեն տարբերակվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկու տարբեր իրավական հասկացություններ՝ իրավական ակտի հրապարակումը եւ դրա գրավոր ծանուցումը: Թող պատասխանող կողմը դատարանին ներկայացնի ապացույց, որ հայցվորները ստորագրել են հրամանին ծանոթանալու վերաբերյալ»:
Հղում անելով պատասխանող կողմի ներկայացրած հայցադիմումի պատասխանին՝ Յու. Եղիազարյանը կենտրոնացավ պատճառ եւ հիմք հասկացությունների վրա. «Ըստ պատասխանող կողմի՝ աշխատողներին աշխատանքից ազատելու հիմքը գործատուի իրավունքն է պայմանագիրը լուծելու վերաբերյալ, իսկ պատճառը աշխատողների թվաքանակի պակասելն է: Նման եզրահանգումները խիստ վտանգավոր են ՀՀ աշխատանքային օրենսգրքի սկզբունքների, աշխատողների աշխատանքային իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առումով, այն հիմնավորմամբ, որ հիշյալ տրամաբանությամբ գործատուները կարող են ցանկացած դեպքում եւ պայմաններում իրականացնել հաստիքների կրճատումներ՝ առանց իրավական հիմքի: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը հաստիքների կրճատումը պայմանավորում է արտադրության ծավալների, ընդգրկվածության, աշխատանքի պայմանների փոփոխմամբ, ինչպես նաեւ արտադրական առավելությամբ: Գործատուն պետք է վկայակոչեր նշված հիմքերից որեւէ մեկը՝ պայմանավորելով որեւէ նորմատիվ իրավական ակտով, որում հստակ նախատեսված է կրճատումների իրականացում: Այնինչ, ըստ պատասխանողի, կրճատման պատճառն էր թվաքանակի կրճատումը: Մինչդեռ գործատուն հաստիքների կրճատումը պետք է հիմնավորեր՝  օրենսդրությունից ելնելով: Այսինքն՝ նշեր, թե որոնք են այն պայմաններն ու անհրաժեշտությունը, որոնց դեպքում պիտի հաստիքների կրճատում իրականացվեր: Գործատուն որեւէ հիմք եւ պատճառ չի ունեցել 2009թ. հունիսի 28-ին՝ հրաման արձակելու օրվա դրությամբ իրականացնել հաստիքների կրճատում, այդպիսին չի ունեցել նաեւ 2009թ. օգոստոսի 18-ի որոշման արձակման օրվա դրությամբ: Այդ քայլին դիմելու համար գործատուն ի՞նչ հիմք է ունեցել՝ դպրոցի տնօրենի, դպրոցական խորհրդի, հիմնադրի, քաղաքապետարանի որոշո՞ւմ, թե՞ այլ փաստաթուղթ: Այդպիսի փաստաթուղթ չկա: Փոխարենը պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է կառավարության որոշումը, որով հաստատվել են հիմնական դպրոցների ցանկերը»: Յ. Եղիազարյանի համոզմամբ՝ այդ փաստաթուղթը տրամաբանորեն կապ չունի քննարկվող հարցի հետ՝ հետեւյալ պատճառներով. «Այդ որոշմամբ հաստատվել է հիմնական դպրոցների ցանկը. այն ընդունվել է 16.06.2009-ին, ուժի մեջ մտել 11.07.2009-ին: Հիշյալ որոշման 2-րդ կետը նկատի ունենալու դեպքում դպրոցում հնարավոր հաստիքների կրճատումների մասին կարող է խոսք լինել միայն 2009-10 ուստարվա ավարտին: Ակնհայտ է, որ դպրոցի տնօրենի գործողությունները կրել են կամայական եւ անօրինական բնույթ: Ավելին, նույն հաջողությամբ դպրոցի տնօրենը կարող է նորից կրճատումներ իրականացնել 2015թ., քանի որ նախատեսվում է, որ դպրոցներում կիրականացվեն աշխատանքի կազմակերպման փոփոխություններ, հնարավոր է, որ կառավարությունը նման որոշում ընդունի»:
Հայցվոր կողմի առարկություններից հետո դատավորը պատասխանող կողմից հետաքրքրվեց՝ նա կրկին պնդո՞ւմ է իր միջնորդությունը գործը կարճելու վերաբերյալ: Ս. Մկրտչյանը դրական պատասխան տվեց: Իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչը հանդես եկավ միջնորդությամբ, որ պատասխանող կողմը ներկայացնի այն փաստաթղթի բնօրինակը, որը կցված է հայցադիմումի պատասխանին, եւ որտեղ կան հայցվոր 11 ուսուցիչների ստորագրությունները այն մասին, թե իբր իրենք տեղյակ են եղել, որ իրենց աշխատանքային գրքույկները վերցնում են աշխատանքից ազատվելու պատճառով: Ս. Մկրտչյանը պարտավորվեց դա անել հաջորդ նիստին, որը կկայանա փետրվարի 1-ին: Նիստից հետո հայցվոր ուսուցիչներն «Առավոտին» փոխանցեցին, որ այդ «փաստաթուղթը» կեղծ է, քանի որ իրենք ստորագրել են տետրի թղթի վրա, իսկ այժմ իրենց ստորագրությունները հայտնվել են Ա-4 ֆորմատի մի թղթի վրա, իսկ նախկին գրության մեջ նախադասություններ են ավելացված, եւ ստացվում է, որ ուսուցիչները նախօրոք գիտեին, թե իրենց աշխատանքային գրքույկները վերցնում են աշխատանքից ազատվելու պատճառով, այնինչ, ուսուցիչների փոխանցմամբ՝ դա այդպես չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել