Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ ԱՄՈՒՍԻՆ ԵՎ ՈՉ ՄԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ

Հունվար 29,2010 00:00

Մոդել, դերասանուհի եւ լրագրող Մարի Ակսելը՝ իր եւ սեփական կարիերայի մասին

Մոդել Մարի Ակսել Նուբարյանը չի պատրաստվում լքել հայրենիքը եւ իր գործունությունը շարունակել այլ երկրներում:
«Այստեղ ինձ լավ եմ զգում»,- ասում է ռուսախոս Մարին ու հավելում, որ մտածել է նույնիսկ սերտել հայոց լեզվի քերականության կանոնները: «Ես մասնագիտությամբ, ինչպես գիտեք, լրագրող եմ, հեռուստահաղորդավար եւ ցանկություն ունեմ աշխատել մասնագիտությամբ: Դրա համար պարտավոր եմ հնարավորինս լավացնել բանավոր խոսքս»,- ասում է զրուցակիցս:
Մարին տեղեկացրեց նաեւ, որ երիտասարդական ամսագրերից մեկում արդեն հեղինակային նյութ է տպագրել: Բացի լրագրող ու հեռուստահաղորդավար լինելուց, նրան ոգեւորում է կինոյում նկարահանվելու գաղափարը: Հիշեցնենք. որ Մարին նկարահանվել է «Ռուսաստանյան տանգոյի ռիթմերով» եւ «Զինվորներ» սերիալներում:
«Ինձ հոգեհարազատ է դերասանի մասնագիտությունը: Կինոն իմ տարերքն է: Վերջերս նկարահանվեցի նաեւ «Հ1»-ի Ամանորի կատակերգությունում: Այդ ժանրում առաջին անգամ էի փորձում ուժերս: Շատ հարցերում ինձ օգնության էին գալիս նկարահանող խմբի անդամները: Նկարահանման հրապարակում լավ մթնոլորտ էր: Զարմանալի էր, բայց ամեն ինչ մեկ դուբլից էր նկարվում: Սա էլ երեւի հայկական կինոյի առանձնահատկություններից է…»,- շարունակում է Մարին:
Հետաքրքրվեցի՝ ի՞նչ տպավորություններով է լքել «Երկու աստղը», եւ ի՞նչ տվեց նրան մասնակցությունը այդ հեռուստանախագծին:
«Այդ հեռուստանախագիծը երբեք չեմ մոռանա: Թեեւ գիտեմ, որ ինձ չհաջողվեց ցույց տալ հանդիսատեսին գոնե կեսը այն ամենի, ինչ կարող եմ անել բեմում: Իմ կամքից անկախ, ամեն ինչ, կարծես, ստացվեց հակառակը: Բանն այն է, որ ես եւ երգիչ Հայկ Կասպարովը տարբեր հայացքների տեր մարդիկ ենք… «Երկու աստղից» ինձ մնաց կենդանի երգելու փորձը: Այն հավասար է էքստրիմի…»,- ասում է զրուցակիցս:
Մարին նաեւ նշեց, որ նախագծի ընթացքում հասցրել է ծանոթանալ ու շփվել բավական հետաքրքիր մարդկանց հետ, շատ ընկերներ է ձեռք բերել: «Նախկինում ես ոչ մեկի չէի ճանաչում: Ի դեպ, երբ հրավեր ստացա «Երկու աստղ» հեռուստանախագծին մասնակցելու, շփոթվեցի: Ամուսինս ասաց, որ անպայման համաձայնեմ: Ես էլ արագ հավաքեցի ճամպրուկներս ու ճանապարհ ընկա Հայաստան»,- շարունակում է պատմել Մարին: Նշենք, որ Մարի Ակսելի ամուսինը ռուս է ազգությամբ, եւ ամենեւին չի խոչընդոտում կնոջ բեմական կարիերային:
«Ամուսինս ստեղծում է ամեն հնարավորություն, որպեսզի ես լիարժեք զբաղվեմ եւ զարգացնեմ իմ մասնագիտական հմտությունները: Նրա կողքին ես լիովին պաշտպանված եմ… Հավատացեք, դա էլ կնոջ համար կարեւոր բան է: Մի խոսքով, գտել եմ իմ երջանկությունը եւ երջանիկ եմ…»,- անկեղծանում է մոդելը: Նաեւ հավելում է, որ վերջերս իր ականջին մի ծիծաղելի բամբասանք է հասել, թեեւ ասեկոսեների Մարին ուշադրություն չի դարձնում. «Ինձ մոտեցան ու հարցրին` Մարի, նա քո ո՞րերորդ ամուսինն է… երկրո՞րդը, թե՞ երրորդը… Ես ասացի՝ առաջինը եւ միակը»: Նրանից տեղեկացանք, որ իր պրոդյուսինգով ինքն է զբաղվում. «Արդեն չորրորդ ամիսն է՝ բոլոր հարցերով ինքս եմ զբաղվում: Դեռ չեմ գտել այն մարդուն, ով լուրջ  պրոդյուսինգից գլուխ է հանում… Ցավոք, Հայաստանում այսօր ով պատահի՝ իրեն պրոդյուսեր է համարում: Նրանք նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ է պրոդյուսինգ կոչվածը: Կան, իհարկե, իրենց գործի նվիրյալներ, բայց այդպիսիք հատուկենտ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել