Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկն ուզում է հանդիպել ՀՀ նախագահին. տաքսի՛ տրամադրեք

Հունվար 29,2010 00:00

100-ամյա Մանյակ Բարսեղյանը պահանջում է վերադարձնել ԽՍՀՄ բանկում թողած 13000 ռուբլին

\"\"

Երկարակեցությունը նաեւ ճակատագիր է: Երկարակյաց լինելու, մեկ դարի հասնող տարիների բարձունքից աշխարհին նայելու երջանկություն ունի Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակչուհի Մանյակ Բարսեղյանը, որի հետ էլ զրուցեց «Առավոտը»:
«Ջուլհականց Անդոնի թոռն եմ, Ոսկանանց Ղազարի հարսը»,- մեզ հետ իր խոսքն այսպես է սկսում Մարգահովիտի ամենատարեց բնակիչը՝ Մանյակ տատը: Ամուսնացել է նույն թաղում, հարեւանի տղայի՝ Գուրգեն Բարսեղյանի հետ, 17 տարեկանում: Մեկ որդի եւ չորս դուստր ունի, 17 թոռ, 24 ծոռ եւ 13 ծոռի երեխա: Մեծ գերդաստանի առաջնորդ տատը, չնայած 100-ամյա տարիքին, բավական աշխույժ է, գործունյա: Ինչպես նշում է որդին՝ Դերենիկը, միայն այս տարի չի ասեղ թելել՝ օգնության կանչելով թոռանը՝ Գայանեին. չնայած եղել են դեպքեր, երբ Գայանեի օգնության կարիքն էլ չի զգացվել, եւ տատն ինքնուրույն է գլուխ բերել գործը:
Մանյակ տատի՝ տարիքի համեմատ անսովոր աշխուժությունը, ճարպկությունը թույլ է տալիս պարել թոռներին բանակ ճանապարհելիս, կնունք-ծնունդին, ուրախության բոլոր առիթների ժամանակ. նույնիսկ… երգել. «Ես մի ծառ եմ ծիրանի, պտուղներս բոլոր մարդկանց պիտանի»:
Մանյակ տատը նույնիսկ այս տարիքում ճշտորեն հաշվում է փողը, լվացք է անում եւ, ինչպես հավաստիացնում է հարսը՝ Ռիման, կարողանում է համեղ կերակուրներ պատրաստել: «Եթե թողնենք՝ հարկ եղած դեպքում կարող է գնալ գյուղապետարան, դիմել անհրաժեշտ փաստաթղթերի համար, խանութից էլ առեւտուր անել եւ գալ տուն»,- ասում է տիկին Ռիման:
Տատի աշխուժությունը թույլ է տալիս վստահորեն ասելու. «Հըմի որ ձուն չըլներ, Իթոլան սար կգնայի, ձեռս առողջ է, ոտս՝ առողջ. մի ձեռնափետ վեր կունեի, կգնայի»:
Նրա աշխատանքային ամբողջ տարիները կապված են հարազատ գյուղի խորհտնտեսության հետ: Աշխատել է առաջին բրիգադում՝ կատարելով գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներ. «Գարունքը կարտոլ էինք մշակում, ամառը շալակած խոտ բերում, լծկանարածի դռանը դասում, բայց երբ մի բուռ խոտ էինք ուզում մեր կովի ու հորթի համար՝ չէր տալիս: Չէինք էլ կարող առանց տեղյակ պահելու բերել, վախենում էինք»,- նախորդ հասարակարգից իր բողոքն է հայտնում մեր զրուցակիցը: Տարիների հեռվից նա հիշում է նաեւ լավ իրադարձություններ, տալիս բարի ու արժանավոր մարդկանց անուններ: «Լավ մարդ էր Բոչկանց Միդոն, բարեխիղճ, ժողովրդի դրության մեջ մտնող»,- իր վերադասին է մտաբերում 100-ամյա տատն ու ավելացնում. «Մարդ կա՝ անընդհատ լավն ես հիշում ու երկար ապրում է հիշողությանդ մեջ, մարդ էլ կա, հլա չմեռած՝ անցնում է հիշողությունիցդ, մոռացվում»:
Հիշում է իր ապրած ծանր օրերը՝ «բոբիկ- տկլոր, սոված աշխատել ենք, էն ինչ կյանք էր… շալի մեջ մի քանի կարտոլ էինք պահում, որ բերենք մեր էրեխեքը սոված չմնան, էն էլ պատահում էր՝ բրիգադիրն ասում էր՝ շալվոր կնիկ, էսօր խիստ օր ա, շալերն արձըկե»:
Մանյակ տատը մեկ-երկու տարի էլ սար է գնացել. ասում է, որ Իթոլան սարում նույնիսկ հացի փուռ է կառուցել, որը զարմացրել է բոլոր տեսնողներին: Միայն ափսոսում է, որ իրենից հետո հաջորդ սերունդները չեն գնահատել եւ 1980-ականներին քանդել են փուռը.
«Էս խաղաղ պայմաններում փոխանակ հաց թխեն ու մինը հազար անեն, սարքած փուռը քանդում են»,- վրդովվում է տատը:
Ամուսինը՝ Գուրգեն Բարսեղյանը, Մեծ հայրենականի մասնակից է եղել: Մասնակցել է նույնիսկ Բեռլինի պատի կառուցմանը: Պատերազմից վերադառնալուց հետո դաշտավարական բրիգադի օղակավար է եղել:
 Մանյակ տատը իր 4 աղջիկներից մեկին՝ Լեյլիին, սարում է ծննդաբերել. «Անունը կամ Նարգիզ, կամ Ծաղիկ պիտի դնեի, ասի՝ ավելի լավ է՝ Լեյլի. հըմի որ նա քայլում է, հարցնում են՝ դու ինչ ես իմացել, որ անունը Լեյլի ես դրել, շատ ա սազում էդ անունը նրան…»: Տատը նաեւ լավ կենացներ է ասում, խալի ու կարպետ է գործել ժամանակին:
 Բազմազավակ ու բազմավաստակ 100-ամյա Մանյակ Բարսեղյանը ԽՍՀՄ բանկում 13000 ռուբլի է թողել. «3 անգամ Բաքու եմ գնացել, մի զույգ կոշիկ էլ չեմ առել, ասել եմ՝ տուն պիտի սարքենք ու բերել եմ գրքույկ գցել: Հիմա էլ տարիքս առել եմ, ուզում եմ լավ ապրեմ, բայց իմ փողը չեն տալիս: Մի տաքսի ըլի, գնամ նախագահի մոտ»,- ցանկանում է տատն ու կատակով ավելացնում. «Չեմ մեռնելու. էնքան ոտս դեմ եմ տալու, որ ավանդս վերադարձնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել