Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 29,2010 00:00

Ժամացույց՝ ժամացույցներից
«Humans since 1982» դիզայներական կահույքի եւ ինտերիերի շվեդական ստուդիան թողարկել է նոր առանձնահատուկ ժամացույց, որը, անկասկած, ցանկացած բնակարանի ներքին հարդարումը կդարձնի յուրօրինակ: Նման անսովոր ժամացույց աշխարհը դեռ չի տեսել: Մեծ թվային ժամացույցը կազմված է 24 փոքրիկ սլաքավոր զարթուցիչներից, որոնցից յուրաքանչյուրն այնպես է լարված, որ հնարավոր է տեսնել եւ սլաքները, եւ ընդհանուր էկրանի վրա արտահայտվող ժամը՝ թվերով: Մոդելը դեռ զանգվածային թողարկման չի անցել, սակայն կարելի է չկասկածել, որ շատ-շատերը կցանկանան ունենալ այս եզակի ժամացույցից, երբ այն վաճառքի հանվի:

Թեւնո՞ց, թե՞ հեռախոս
CES 2010 (Consumer Electronics Show) միջազգային էլեկտրոնիկայի ցուցահանդեսին, որը կայացել է հունվար ամսին, այդքան էլ շատ նմուշներ չէին ներկայացվել, բայց ASUS Waveface Ultra հեռախոս-թեւնոցն իսկապես արժանի էր ուշադրության: Հեռախոսը ստեղծված է հանրաճանաչ ASUS ընկերության կողմից եւ կատարում է ոչ միայն իր անմիջական պարտականությունները, այլեւ ծառայում է որպես նորաձեւ թեւնոց: Այս հետաքրքիր նորամուծությունը, որն ունի ճկուն OLED էկրան, սենսորային ինտերֆեյս եւ կատարում է բազմաթիվ գործառույթներ, դեռ վաճառքի չի հանվել:

«Իմ նախկինը»
Մարդիկ հաճախ են «գլուխ ջարդում», թե ինչպես եւ որտեղ տեղավորեն կենցաղային մանր-մունր իրերը: Եվ շատ հաճախ դիզայներների նոր հայտնագործությունները օգնում են մեզ լուծել այս խնդիրը: Օրինակ, վերջերս հանրության դատին ներկայացվեց ժամանակակից դիզայներներից մեկի ստեղծագործական վարպետության եւ հումորի զգացման արտացոլումը՝ դանակների համար նախատեսված հենարանը, որն անվանվել է «The ex» (այլ խոսքով՝ «Իմ նախկինը»):

Լուսատու բազմոց
Լուսավառվող այս բազմոցը ստեղծված է ֆրանսիացի նկարչուհի եւ դիզայներ Ֆլորանս Ժոֆրեյնի կողմից եւ կոչվում է Belly Love: Թե ինչու է դիզայներն այս անունով կնքել իր ստեղծագործությունը՝ պարզ չէ: Գուցե նրա համար, որ այն հարմար է ցմփորիկներին, իսկ գուցե այն ուղղակի նախատեսված է հղի կանանց հանգստի համար (հիշեցնենք, որ belly անգլերեն նշանակում է «փոր»): Այսպես թե այնպես, այս լուսատու բազմոցը ոչ միայն հետաքրքիր ձեւի շնորհիվ է անմիջապես ուշադրություն գրավում, այլեւ լրացուցիչ որակական հատկանիշների: Այս բազմոցը պատրաստված է անսովոր խավոտ նյութից, որը ոչ միայն շատ փափուկ է եւ հաճելի՝ հպման համար, այլեւ նրա միջով հեշտությամբ օդ է թափանցում: Եվ երբ նստում ես այս բազմոցին, տպավորություն ես ստանում, թե այն կենդանի է եւ շարժվում է: Հաջորդ յուրօրինակությունը, որն ունի այս բազմոցը, նրա լույս տալու հատկությունն է. մթության մեջ այն սկսում է մեղմ կապույտ լույս արձակել: Բանն այն է, որ նյութը, որով պատված է բազմոցը, ոչ միայն «շնչում է», այլեւ կլանում է լույսը, իսկ հետո այդ կլանած լույսը «վերադարձնում է»՝ շնորհիվ խավի ֆոտոլյումինացնող ծածկույթի: Այնպես որ, Belly love-ի պոտենցիալ տերերն ապահովված կլինեն ոչ միայն ռոմանտիկ երեկոներով, այլեւ էլեկտրաէներգիա կխնայեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել