Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԵՑ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ

Հունվար 30,2010 00:00

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագիրը, որի նպատակը իրավական, ֆինանսական եւ կազմակերպչական առումով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրումն է:

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության՝ ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ԿԲ կողմից ներդնել 3 մլրդ դրամ, որը կբավականացնի մոտ 300 վարկի վերաֆինանսավորմանը՝ վարկի 10 մլն դրամ միջին գումարի եւ 10 տարի ժամկետի դեպքում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ նշված գումարը չբավարարելու դեպքում գործի կդրվեն լրացուցիչ ռեզերվներ։ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնցում ամուսինների ընդհանուր տարիքը չի գերազանցում 60 տարին, իսկ միայնակ ծնողները չպետք է լինեն 30 տարեկանից բարձր:

Անդրադառնալով նախարարությունների տարեկան հաշվետվություններին, Տ. Սարգսյանը առանձնահատուկ նշել է 4 ոլորտի հաջողությունների մասին:

Վարչապետի ներկայացմամբ. «Պետեկամուտների կոմիտեի գործունեության արդյունքում մեզ հաջողվել է 2009-ին էապես նվազեցնել գերավճարները։ Այդ հիմնախնդիրը մենք չէինք կարողանում լուծել տարիներ շարունակ, եւ ահա առաջին անգամ շուրջ 25 մլրդ դրամով նվազեցրել ենք գերավճարները:

Երկրորդ ոլորտը, որտեղ մենք ունենք լուրջ հաջողություն, առողջապահությունն է։ Ծնելիության օժանդակության, ծննդօգնության պետական ծրագիրը տվել է իր դրական արդյունքը։ 2009-ին, 2008-ի համեմատությամբ, 3 հազարով աճել է ծնելիության թիվը։ Այս բնագավառի կարեւոր հաջողություններից մեկն այն է, որ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրության տվյալներով, ստվերայնությունն այս ոլորտում 90%-ից նվազել է մինչեւ 21%: Հաջորդը սոցիալական ոլորտն է: Ունենալով 14% տնտեսական անկում, ոչ միայն 16%-ով ավելացրել ենք թոշակները եւ 12%-ով՝ սոցիալական նպաստները, այլեւ երրորդ եւ ավելի երեխաների պարագայում 300 հազարանոց վճարը դարձրել ենք 430 հազար դրամ։ Եվ չորրորդ ոլորտը, որտեղ մենք ունենք ակնառու հաջողություն, ոստիկանության աշխատանքն է։ Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մենք արձանագրել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում, ընդ որում՝ ԱՊՀ երկրների եւ միջազգային տվյալների համեմատությամբ՝ Հայաստանը նվազման բացառիկ ցուցանիշ է արձանագրել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել