Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 30,2010 00:00

«Տեսադարան»՝ «ՎիվաՍել»-ից

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներն այսուհետեւ հնարավորություն ունեն օգտվել «Բջջային հեռուստատեսության» «Տեսադարան» (Video on Demand) բաժնից: Բացի հեռուստածրագրով նախատեսված ժամերին հեռարձակվող տարաբնույթ հաղորդումներից, ընկերության բաժանորդները կարող են ձեռք բերել նաեւ իրենց հետաքրքրող տեսակոնտենտ:

«Տեսադարան» բաժինը հասանելի է բոլոր այն բաժանորդներին, որոնց հեռախոսները համատեղելի են 3G տեխնոլոգիաների հետ: «Տեսադարան» կարելի է մուտք գործել հեռախոսի բրաուզերում բջջային հեռուստատեսության օգտագործման մեջ դյուրին ինտերֆեյսի միջոցով՝ հետեւելով tv.mts.am կամ tv.vivacell.am հղումներին: Նախապես տեսագրված նյութը հասանելի կլինի ձեռքբերման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում:

«Տեսադարան» բաժնում բաժանորդները կարող են կինոնկարների, ժամանցային եւ երգիծական հաղորդումների, մուլտֆիլմերի եւ տեսահոլովակների ցանկից ընտրել իրենց նախընտրած տեսանյութը եւ վճարել միայն ընտրված կոնտենտի համար: Ստեղծված է ընտրվելիք նյութի համառոտ տարբերակը դիտելու, ապա նոր միայն այն ձեռք բերելու հնարավորություն: Տեսակոնտենտի սակագինը կախված է դրա բովանդակության տեսակից: Ձեռքբերված տեսանյութերը չեն ներբեռնվում հեռախոսի մեջ եւ չեն պահպանվում դրա հիշողության մեջ: Առաջին անգամ 2009 թվականի նոյեմբերի 12-ին գործարկված «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է տալիս շարունակելու անվճար դիտել հայաստանյան 15 հեռուստաալիք:

«Առաջին անգամ Հայաստանում գործարկվել է բաժանորդների համար հարմարավետ «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը: Ծառայության «Տեսադարան» բաժնի շնորհիվ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդների համար հասանելի են դառնում բջջային հաղորդակցության լավագույն տեխնոլոգիաները՝ նրանց թույլ տալով ընտրել անհրաժեշտ բովանդակության նյութերը դիտելու իրենց առավել հարմար ժամանակը»,- մեկնաբանեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանյան բաժանորդների շրջանում տեխնոլոգիական վերջին նվաճումների կիրառման եւ նրանց կարիքներին առավել համապատասխան ծառայությունների մատուցման պահանջարկ կա: Մենք ուրախ ենք այդ ցանկությանն ընդառաջ գնալու եւ հաճախորդների պահանջներին համապատասխան՝ հեռահաղորդակցության ոլորտում առաջադեմ ծառայություններ ներկայացնելու համար»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Աջակցություն ռադիոսպորտին

Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի հատուկ մասնագիտական սարքավորումները համալրվել են նոր թվակազմով: Հայաստանի բջջային առաջատար օպերատորը ֆեդերացիային տրամադրել է կարճալիք 4 եւ գերկարճալիք 9 ռադիոկայան, ալեհավաքի չափիչ գործիք, մեծ հզորություն ստանալու ուժեղացուցիչ եւ լրացուցիչ պարագաներ:

Ռադիոսպորտը կամ սիրողական ռադիոկողմնորոշումը յուրահատուկ նախասիրություն է: Այն ռադիոսիրողների մրցույթ է, որը համադրում է ռադիո ուղղորդումն ու քարտեզով եւ կողմնացույցով կողմնորոշվելու ունակություննեպրը: Արեւելյան Եվրոպայում, Ռուսաստանում եւ Չինաստանում ռադիոսպորտը նույնիսկ ընդգրկված է ֆիզիկայի ուսումնական ծրագրերում: Այդ սպորտաձեւը ոչ միայն նպաստում է միջմշակութային փոխգործակցությանը, այլեւ կարեւոր դեր է կատարում փրկարարական աշխատանքներում՝ ռադիոկողմնորոշման շնորհիվ ուժերը կենտրոնացնելու համար:

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, ռադիոսիրողների միջամտությունը կարեւոր դեր կատարեց Գյումրիում, որն ամենաշատն էր տուժել աղետից. նրանք կապ հաստատեցին ավերակ դարձած քաղաքից, որը բացարձակ մեկուսացման մեջ էր արտաքին աշխարհից: Փրկարարների ուժերը համախմբելու ցանկությունը տվեց շոշափելի արդյունք:

«Չի կարելի անտեսել սիրողական բնույթ կրող որեւէ նախաձեռնություն, որի հիմքում օգտակար լինելու ցանկությունն է: Այս սպորտաձեւը, ըստ էության, հենց այդպիսիներից է. միջմշակութային հաղորդակցություն, հասարակության հետ հաղորդակցվելու ձգտում, արտակարգ իրավիճակներում նրանց խուճապից զերծ պահելու եւ համախմբելու  այլընտրանքային կապի միջոց: Հարկավոր է խրախուսել նվիրյալների ջանքերով ստեղծված սպորտաձեւը, ակնկալելով, որ Հայաստանի ռադիոսպորտի թիմը նոր հաղթանակներ կարձանագրի նաեւ հետագայում: Ողջունում ենք աշխարհին պատվով  ներկայանալու նրանց ձգտումը»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վստահությունը փոխադարձ է

Երեկ Երեւանի քաղաքապետարանում Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր՝ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության մասին: Այն ստորագրեցին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Բացի այդ, ստորագրվեցին նաեւ համագործակցության ծրագրեր Երեւանի Կենտրոն եւ Ավան համայնքների ու Մոսկվայի Կենտրոնական եւ Հյուսիսային շրջանների միջեւ: Գ. Բեգլարյանն իր ելույթում նշեց, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առեւտրատնտեսական եւ մշակութային կապերը կայուն են զարգանում: Նա ընդգծեց, որ երկու քաղաքների համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա. «Մեր խնդիրն է պահպանել ձեռքբերումներն ու նոր ծրագրեր իրականացնել»: Իսկ Մոսկվայի քաղաքապետը խոսեց Նորագյուղում կառուցվելիք լոգոստիկ կենտրոնի մասին. «Կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, որտեղ ներկայացված կլինեն հայկական ապրանքներ: Այդ կենտրոնը կլինի ռազմավարական տարրերից մեկը՝ երկու մայրաքաղաքների միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ»: Յու. Լուժկովը հավելեց, որ «Մոսկվայում գործող տարբեր հայկական ընկերություններն ու կառույցները հետխորհրդային տարածքում ամենաինտենսիվ զարգացողներից են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել