Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԼԵՆՏԻՆԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ

Հունվար 30,2010 00:00

Թողեք օտար Վալենտինին, ընտրեք հույն Սարգիսին

\"\"Այսօր երիտասարդների սիրելի ու սպասված Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը երիտասարդներին շատ հուզող՝ հավատա՞լ աղի բլիթի զորությանը, թե՞ ոչ հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց. «Սա ժողովրդական ավանդույթի արտահայտման ձեւ է, եւ ցանկացած եկեղեցական տոն ունի հոգեւոր եւ ժողովրդական կողմ ու աղի բլիթ ուտելն էլ հենց Ս. Սարգսի տոնի ժողովրդական կողմն է: Եկեղեցին չի քարոզում աղի բլիթ ուտել, քանի որ այդ դեպքում «դատարկ բաների» հետեւից կընկնեն եւ սին արարողությունները կխրախուսեն: Բայց եկեղեցին նաեւ չի արգելում, որ իր զավակները երջանիկ լինեն, եթե այդ ժողովրդական ավանդույթի մեջ կա նման բան, որ երիտասարդներն աղի բլիթ ուտեն ու իրենց երջանիկ զգան դրանով, համեցեք, բայց նշեմ, որ դրա մեջ հոգեւոր միտք ամենեւին էլ թաքնված չէ»: Տեր Շմավոնը նաեւ ասաց. «Ես չեմ մտածում, որ որեւէ մեկը այդ աղի բլիթն ուտելով՝ գտել է իր բախտը, այստեղ պարզապես շատ անգամ գործում է ներշնչանքի գործոնը եւ մեծ ցանկությունը՝ իսկապես տեսնել իրենց երազների ասպետին»: Քահանայի ձեւակերպմամբ՝ աղի բլիթով մեծապես տարված են աղջիկները. «Աղջիկները տառապում են աղիբլիթային խնդրով, հիմնականում նրանք են շահագրգռված իրենց ընտրյալին տեսնելու ցանկությամբ, տղաները երեւի այլ կերպ են իրենց ընտրությունը կատարում, գուցե տղաները պակաս ռոմանտիկ են…»:

Քահանա Ղեւոնդյանը նաեւ շեշտեց, որ մենք ապավինում ենք Քրիստոսին ու խնդրում Ս. Սարգսի բարեխոսությունը. «Մենք խրախուսում ենք նման տոները, որ մեր երիտասարդներն իրենց հայացքները չուղղեն Արեւմուտք»: Տեր Շմավոնի մեկնաբանմամբ, Սուրբ Սարգիսը սիրո հետ կապ ուներ այնքանով, որքանով յուրաքանչյուր անձնավորություն՝ ով սիրում է. «Նախ եւ առաջ Սուրբ Սարգիսը եղել է քրիստոնյա եւ նահատակվել հանուն սիրո: Մեր ժողովրդական ավանդության մեջ կան բազմաթիվ պատումներ, որոնցում Սուրբ Սարգիսը ուղղակիորեն պաշտպանել ու սատարել է սիրահարներին, այսինքն՝ նրանց, ովքեր կամեցել են ընտանիք ստեղծել, եկեղեցին էլ նույնն է անում, երբեք չի ջատագովում ժամանցային սերը, որն ուղղակի խաղ է, մենք քարոզում ենք այն սերը, որը բերում է ճշմարիտ եւ քրիստոնեական ընտանիքի ստեղծման. սեր, որն իր մեջ կրում է Աստվածային էությունը»: Տեր Շմավոնի խոսքով, չնայած Հայ առաքելական եկեղեցու պայքարին՝ օտարամոլ տոների դեմ, հայ երիտասարդների մի ստվար բանակ շարունակում է նշել Սուրբ Վալենտինի օրը. «Այդ տոնը մերը չէ, այն հարիր չէ մեր ժողովրդին, սիրո եւ երիտասարդության հովանավորության հարցում մենք ունենք մեր բարեխոսը, էլ ինչո՞ւ է պետք հայացքը թեքել Արեւմուտք՝ մի սրբի, որի սրբությունը չի ընդունում ոչ մի եկեղեցի, նա մի անհայտ անձնավորություն էր, ով բոլորին գաղտնի պսակում էր, իսկ քրիստոնեությունը գաղտնիություն չի սիրում: Մենք ուղղակիորեն հորդորում ենք մեր երիտասարդներին՝ հեռու մնալ արեւմտյան ամեն տեսակ նորամուծություններից, որոնք աղճատում են մեր ազգային պատկերը»: Տեր Շմավոնը մեկ անգամ եւս ընդգծում է, որ Ս. Սարգսի տոնի հիմքում ոչ միայն գաղափարախոսություն, այլեւ տոնախմբություն է, իսկ Վալենտինի տոնը լավ բիզնես ծավալելու առիթ է ողջ աշխարհում: Հետաքրքիրն այն է, որ Հայ եկեղեցու կողմից այդքան խրախուսվող սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը եւս ազգությամբ հայ չէր. տեր Շմավոնի հավաստմամբ՝ հույն էր եւ բնակվում էր Կապադովկիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել