Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԱՐԴՅՈՔ, ԿՊԱՏԺԵ՞Ն

Փետրվար 06,2010 00:00

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նախագահ, իտալացի Ռաֆայել Մարտինետին, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, օրերս, պատասխանելով «Extra Time.az»-ին, ասել է, թե իր ղեկավարած կազմակերպությունը Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հրաժարվելու համար Ադրբեջանի նկատմամբ, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառի:

«Ադրբեջանի ֆեդերացիան հաստատել է, որ չի կարող մասնակցել Երեւանի մրցաշարին՝ 96 եւ 120 կգ քաշային կարգերում ըմբիշների բացակայության պատճառով»,- տեղեկացնում է «Արմինֆոն» եւ շարունակում, թե ՖԻԼԱ-ի ղեկավարը հիասթափված է այդ որոշման եւ նման մանկական արդարացման առնչությամբ, սակայն շատ լավ հասկանում է այդ որոշման քաղաքական շարժառիթները:

Պատասխանելով հարցին, թե ՖԻԼԱ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի՞, եթե հրաժարվի մասնակցել մրցաշարին, պարոն Մարտինետին ասել է. «Մեր կանոնադրությանը եւ կանոններին համապատասխան, ընտրափուլն անցած երկրների մասնակցությունն աշխարհի գավաթի խաղարկությանը՝ պարտադիր է: Այդ պահանջի չկատարումը հանգեցնում է պատժամիջոցների, անգամ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու արգելքի: Ադրբեջանը, որ կազմակերպում է 2010 թ. Եվրոպայի առաջնությունը, երաշխավորում է բոլոր երկրների մուտքը»: Ըստ Մարտինետիի, համապատասխան իրավական հանձնաժողովը եւ գործադիր բյուրոն հարցը պետք է ուսումնասիրեն եւ առաջարկեն լուծումներ, որոնք կուղարկվեն իրեն:

Իրոք, ՖԻԼԱ-ի կանոնակարգը խախտելու դեպքում պատժամիջոցներ նախատեսված են, սակայն հիմնականում՝ տուգանքի տեսքով: Սակայն պատժի այս տարբերակը կկիրառվի՞ Ադրբեջանի նկատմամբ: Եվ եթե այո, ապա դա ինչ-որ ձեւով «կազդի՞» հարեւան երկրի վրա: Բանն այն է, որ ադրբեջանական «ԱԹԱ Հոլդինգ» անունով մի ընկերություն արդեն քանի՜ տարի նույն ՖԻԼԱ-ի գլխավոր հովանավորն է եւ, որքան տեղյակ ենք, ամեն տարի հսկայական գումար է փոխանցում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաշվեհամարին: Ի դեպ, նույն ՖԻԼԱ-ի պաշտոնական հանդեսում էլ տպագրված է, որ ադրբեջանական այդ հանդեսը իրենց գլխավոր հովանավորն է: Հետեւաբար, կասկածելի է, որ ՖԻԼԱ-ն կհամարձակվի փակել իր ֆինանսական գլխավոր աղբյուրի ծորակը: Կամ էլ, մի ինչ-որ սիմվոլիկ տուգանքով «պատժելու» իմիտացիա կանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել