Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 09,2010 00:00

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 10-ՐԴ ԵՐԵԽԱՆ «ՁԱՅՆԵՐ Է ԼՍՈՒՄ»

Նիդեռլանդներում բնակվող գիտնականները պարզել են, որ 7-8 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխան «ձայներ է լսում», այսինքն՝ ունենում է լսողական հալյուցինացիաներ: Հետազոտությունն անց են կացրել մի շարք գիտնականներ Գրոնինգեն համալսարանից՝ Ագնա Վարտելս-Վելտիուսի ղեկավարությամբ: Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել տարրական դասարաններում՝ հարցաքննելով մոտ 3870 հոգու: Գիտնականները երեխաներին հարցնում էին, թե արդյոք նրանք չե՞ն լսել այնպիսի ձայներ, որ լսելի չէին շրջապատի մարդկանց: Պարզ դարձավ, որ հարցվածների 9%-ը «ձայներ է լսում»: Դրա հետ մեկտեղ, այդ ձայները անհանգստացնում էին ոչ բոլորին: Հալյուցինացիաներ ունեցող երեխաների միայն 15%-ն էր մտահոգվում, իսկ 19%-ին այդ ձայները խանգարում էին մտածել: Գիտնականները նաեւ պարզել են, որ հալյուցինացիաների առկայությունը երեխայի սեռի հետ որեւէ առնչություն չունի: Նախկինում արված հետազոտությունների արդյունքում հաստատվել էր, որ լսողական հալյուցինացիաների առաջացումը կախված է ներարգանդային զարգացման խախտումների հետ: Սակայն հոլանդացի մասնագետներն այդպիսի կապ չհայտնաբերեցին: Հետազոտության տվյալների համաձայն, գյուղում ապրող երեխաներն ավելի հաճախ են «ձայներ լսում»՝ ի տարբերություն քաղաքում բնակվող իրենց հասակակիցների:
Վարտելս-Վելտիուսը հայտնեց, որ ներկայումս իր գործընկերները նոր հնգամյա հետազոտություն են սկսել, որի ընթացքում նրանք կփորձեն պարզել, թե որ հանգամանքներում են երեխաները դադարում ձայներ լսել:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԿՎԱՐԺԵՑՆԻ ՅՈՒՂԱԶՏՎԱԾ ԿԱԹ ԽՄԵԼ
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ներկայացրեց գիրության դեմ պայքարի պետական ծրագիր: Բացի այդ, նա հայտարարեց, որ մտադիր է թողարկել երեխաների հավելյալ քաշի դեմ պայքարի անձնական ծրագիրը մի քանի շաբաթվա ընթացքում: Պետական ծրագրի շրջանակներում գործողությունների ծրագիրը մշակվել է ԱՄՆ առողջապահության նախարարության գլխավոր բժիշկ Ռեգինա Բենջամինի կողմից: Նա ներկայացրել է զեկույց՝ գիրության եւ այլ հիվանդությունների հետեւանքների մասին, որոնք ծագում են քաշի ավելցուկից: Բենջամինի ներկայացրած փաստաթուղթը ներառում է գիրության կանխարգելման վերաբերյալ առաջարկներ՝ բանջարեղենի եւ մրգերի օգտագործման ավելացումից մինչեւ դպրոցներում ֆիզիկական դաստիարակության նոր ծրագրերի ներդրումը: Միշել Օբաման նշեց նաեւ, որ գիրության խնդրին լավ տեղյակ է:
ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքերով, երբ իրենց մանկաբույժը իր աղջիկների մոտ քաշային փոփոխություն է նկատել, ինքն արգելել է աղջիկներին ցերեկը նայել հեռուստացույց, սկսել է նախաճաշին նրանց տալ յուղազտված կաթ եւ ջուր, ինչպես նաեւ երեխաների սննդակարգի մեջ ավելացրել է ավելի շատ բանջարեղեն եւ մրգեր: Առաջին տիկինը ավելացրել է նաեւ, որ մի քանի ամսից ընտանեկան բժիշկը զարմացել է երեխաների մոտ էական դրական փոփոխություններ արձանագրելով:
ԱՄՆ առողջապահության նախարար Քեթլին Սեբելիուսը նշել է, որ ամերիկյան կառավարությունը 650 մլն դոլար է տրամադրել գիրության եւ ծխելու դեմ պայքարի ծրագրի համար: Սեբելիուսի տվյալներով, հավելյալ քաշ ունեն տարեց ամերիկացիների 1/3-ը եւ ամեն 3-րդ երեխան: Այդ երեխաների մոտավորապես 17%-ը տառապում է գիրությամբ: ԱՄՆ առողջապահության համակարգը գիրության դեմ պայքարի համար տարեկան ծախսում է $150 մլն:

ԱՂՋԻԿԸ ԳՆՈՒՄ Է ԴՊՐՈՑ…
\"\"Հնդկուհի մի աղջնակ, ում 4 ավելորդ վերջույթները 2007թ. նոյեմբեր ամսին հեռացրել էին, զարգանում է նորմալ եւ արդեն գնում է դպրոց: Լակշմի Տատման, ով այժմ 4 տարեկան է, ծնվել էր չորս ձեռքով, չորս ոտքով եւ ավելորդ երիկամներով: Ավելորդ օրգանները նա «ստացել» էր մոր արգանդում՝ իր այդպես էլ չծնված երկվորյակ եղբորից, որը կոնքի շրջանում սերտաճել էր քրոջը: Այսպես կոչված «պարազիտ-երկվորյակը», որի աճը կանգ էր առել դեռ մոր արգանդում, սնվում էր Լակշմիի արյունատար անոթներից: 2007թ. նոյեմբերին վիրաբույժները հեռացրին աղջկա ավելորդ վերջույթները, տղայի հյուսվածքներից առանձնացրին աղջկա ողնաշարը եւ օրգանները, ինչպես նաեւ տղայի երիկամը փոխպատվաստեցին աղջկան եւ ուղղեցին աղջկա ծռված կմախքը: Վիրահատությունը տեւեց 27 ժամ, որին մասնակցեց 36 բժիշկ: Վիրահատությունն այնքան հաջող անցավ, որ արդեն երկու տարի անց այն աղջնակը, ով նույնիսկ չէր կարողանում նստել, այժմ ակտիվ խաղեր է խաղում իր հասակակիցների հետ: Վերջերս նա դպրոց է ընդունվել եւ հաճախում է մարմնամարզության դասերին: Աղջնակին բուժող բժիշկներն ասում են, որ, մեծանալուն զուգընթաց, աղջիկը ստիպված կլինի մի քանի անգամ եւս վիրահատվել՝ որոշ օրգանների զարգացումը շտկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել