Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ Է

Փետրվար 10,2010 00:00

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մերժել է «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը՝ դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ: Վերոնշյալ որոշումով դեղորայքի շուկայում գործող 7 ընկերություն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հակամրցակցային համաձայնության գալով, չհիմնավորված (միաժամանակյա, որոշակի ժամանակահատվածում) բարձրացրել են դեղորայքի իրացման գները՝ սահմանափակելով մրցակցությունը եւ չունենալով դրա համար տնտեսական որեւէ հիմնավոր գործոն: Մասնակից ընկերությունները, ըստ օրենքի, տուգանվել են՝ յուրաքանչյուրն իր շրջանառության 2 տոկոսի չափով: Տուգանքի չափը, ընդհանուր առմամբ՝ 7 ընկերության համար կազմել է ավելի քան 450 միլիոն դրամ:
Այս մասին հայտնում են հանձնաժողովից: Հանձնաժողովն այսօր քննարկել է նաեւ համակարգչային տեխնիկայի շուկայում գործող «Ֆայն» ընկերության դիմումը, համաձայն որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին (նաեւ պիլոտային մասին) մասնակցելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է, սակայն որեւէ պատասխան չի ստացել: Դիմելով հանձնաժողովին, «Ֆայն» ընկերությունը խնդրել է հարուցել վարույթ եւ ուսումնասիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրենց ընկերության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու մասին հարցը: Հարուցված վարչական վարույթի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» հանձնաժողովի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ ծրագրին կարող են միանալ բոլոր վաճառակետերը, որոնք համապատասխանում են որոշակի չափորոշիչների: Ավելի ուշ, «Ֆայն» ընկերությունը դիմել է հանձնաժողով, խնդրելով կարճել վարչական վարույթը՝ հայտնելով, որ ընկերության Երեւանի խանութն ընդգրկվել է ծրագրի պիլոտային փուլում: Քանի որ ընկերության բարձրացրած խնդիրը կարգավորվել է, հանձնաժողովն այսօր կարճել է վարույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել