Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի «հորդորակները»

Փետրվար 10,2010 00:00

Ըստ ԿԳ նախարարի՝ ուսխորհուրդները պետք է աշխատեն եկեղեցու հետ եւ եկեղեցու համար

«Դուք այնպիսի հնարավորություններ ունեք, որ մենք կերազեինք ունենալ: Ես ձեզ հորդորում եմ՝ ակտիվ եղեք եւ օգտագործեք այն բոլոր հնարավորությունները, որ ունեք»,- նկատի ունենալով ուսանողական կազմակերպություններից քաղաքական դաշտ մտածներին, ովքեր կարող են ուսխորհուրդներին անհրաժեշտ լոբբինգն անել տարբեր հարթություններում, երեկ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ բուհերի ուսխորհուրդների նախագահների հետ հանդիպման ժամանակ: Պարոն Աշոտյանը հանդիպման ընթացքում քանիցս հիշեց, որ ինչպես ինքը, այնպես էլ կառավարությունում եւ խորհրդարանում հայտնված ոչ քիչ չինովնիկներ նախկին ուսխորհրդականներ են: Սակայն, կարծում եմ, բուհերի այսօրվա ուսխորհուրդների նախագահներին դա հիշեցնելու կարիքը չկա. նրանք բոլորն էլ շատ լավ հասկանում եւ տեսնում են, թե ինչ հրաշալի տրամպլին է ուսխորհուրդը, այն էլ՝ ՀՀԿ անդամակցության հետ զուգակցված՝ քաղաքական-տնտեսական դաշտ մտնելու եւ այնտեղ հնարավորինս հարմարավետ տեղավորվելու համար: Եվ նրանց հիմնական մասը ուսխորհուրդներում հենց այդ տեսլականն ունենալով է հայտնվել:
Այդուհանդերձ, ուսխորհուրդ ասվածը, բացի մեծ քաղաքականությանը պատրաստելուց, այլ գործառույթ էլ ունի, ճիշտ է՝ ավելի ձանձրալի եւ հոգնեցուցիչ՝ պաշտպանել ուսանողների շահերը: Եվ երեկ Արմեն Աշոտյանը շեշտը դնում էր հենց այդ խնդրի վրա: «Հարկավոր է վերականգնել ուսանողների շրջանում ուսխորհուրդների ունեցած վստահությունը: Ձեր հենարանը պետք է լինի ոչ թե ռեկտորատը, այլ՝ ուսանողությունը: Դուք պետք է աշխատեք ոչ թե ռեկտորի համար, այլ՝ ուսանողության»,- հորդորում էր նախկին ուսխորհրդականը՝ ներկա ուսխորհրդականներին, կամ ներկա չինովնիկը՝ ապագա չինովնիկներին:
Նախարարի մոտ երեկ հորդորներն ուղղակի հորդում էին: Բացի վերոնշյալներից՝ նա նաեւ հորդորեց ուսանողական միջոցառումներ կազմակերպելիս առաջնահերթ նկատի ունենալ եկեղեցին, բանակն ու Արցախը: «Ուսանողությունը պետք է վերադառնա դեպի եկեղեցի: Մի ինստիտուտ է եկեղեցին, որի հետ եւ որի համար դուք պարտավոր եք աշխատել»,- ուսխորհուրդների ուսերին պարտավորություն դրեց նախարարը:
Ա. Աշոտյանն ասաց նաեւ, որ ուսանողներից ստացված նամակներում հիմնականում շոշափվում են հետեւյալ հարցերը՝ սոցիալական խնդիրներ, անարդարություններ, կոռուպցիոն դրսեւորումներ: Եվ այս հարցերը լուծելու առումով, ըստ նախարարի, մեծ է ուսխորհուրդների դերը. «Ձեր հարցադրումները կտրուկ դրեք բուհի ռեկտորի առջեւ: Բոլոնիայի գործընթացի ողջ տրամաբանությունը տանում է նրան, որ բուհն ուսանողի համար է, ուսանողը կրթական գործընթացի սուբյեկտ է: Մենք այսօր ունենք թղթի վրա գրված լավ օրենսդրություն՝ ի նպաստ ուսանողների: Բուհերի կառավարման մարմիններում ձայների 25%-ն ուսանողներին է պատկանում, սակայն, ցավոք, բոլոր վերապահված իրավունքներից չեք օգտվում: Ինձ հայտնի են դեպքեր, երբ ռեկտորները փոխել են ուսանողական խորհուրդների կազմերը: Առաջիկայում ես պետք է հանդիպեմ ռեկտորների հետ եւ կհանձնարարեմ, որ այդ հարցում ուշադիր լինեն: Լավ ռեկտորը պետք է շահագրգռված լինի ուժեղ ուսխորհուրդ ունենալ: Ուսանողը վճարում է ուսման համար, հաճախ բավականին մեծ գումարներ եք վճարում եւ դրան համապատասխան որակ պետք է պահանջեք: Բուհերի բյուջեների 2/3-ը ձեր վարձավճարներից է գոյանում: Ուսանողության ձայնը պետք է որոշիչ լինի»:
Ուսխորհուրդների նախագահներն էլ իրենց խնդիրները բարձրացրին: Մասնավորապես՝ ուսխորհուրդների իրավական կարգավիճակի հարցը, որը ոչ մի կերպ լուծում չի ստանում: «Դեռ 10 տարի առաջ, երբ ես էի այդ ոլորտում, մենք մի շարք հարցեր ենք բարձրացրել, որոնք այդպես էլ լուծում չեն ստացել, եւ կարգավիճակի հարցը դրանցից մեկն է: Դա խնդիր է, որի լուծումն առայժմ չի գտնվել»,- նկատեց նախարարը եւ համաձայնեց ուսանողների հետ, որ պետք է ստեղծել այդ հարցի լուծմամբ զբաղվող աշխատանքային խումբ:
Հանդիպմանը ներկա էին պետական բուհերի ուսխորհուրդների նախագահները եւ մասնավոր բուհերի ուսանողական ասոցիացիայի նախագահն ու տեղակալը, որոնք էլ բարձրացրին իրենց դաշտի խնդիրները: Ա. Աշոտյանը նկատեց, որ այսօր կրթությունը թերեւս միակ ոլորտն է, որտեղ հասարակությունը դեռ գերադասում է պետական, ոչ թե մասնավոր ծառայությունը: Սակայն նա խոստացավ, որ 2011 թվականից բոլոր բուհերում՝ անկախ կազմակերպչաիրավական ձեւից, լինելու են ընդունելության միասնական քննություններ, եւ այդ դեպքում արդեն մասնավոր բուհերը չեն կարող իրենց ուզած պայմաններով ընդունել ուսանողների ու կամաց-կամաց կհավասարվեն պետական բուհերին ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728