Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴԻՐՈՎԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄՈՐԸ

Փետրվար 10,2010 00:00

\"\"Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մայրը՝ Այմանին, որդուն խնդրել եւ կոչ է արել ետ կանչել իր դատական հայցերը, որոնք հարուցվել են իրավապաշտպաններ՝ 56-ամյա Օլեգ Օրլովի եւ 82-ամյա Լյուդմիլա Ալեքսեեւայի նկատմամբ: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, ասված է Չեչնիայի նախագահի եւ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: Կադիրովի մայրը շեշտել է այդ մարդկանց տարեց լինելու փաստն ու Ռամզանին հիշեցրել է, որ չեչենական սովորույթների հիմքում միշտ ընկած է եղել մեծերի նկատմամբ հարգանք տածելու սկզբունքը, եւ որ դրանք թույլ չեն տալիս վիճաբանել տարեց մարդկանց հետ «նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ հարցում նրանք իրենց գործողություններում եւ դատողություններում այնքան էլ օբյեկտիվ չեն»: Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, թե համանման խնդրանքով Կադիրովին են դիմել նաեւ ՌԴ համայնքների պալատի անդամ Անատոլի Կուչերենան եւ լրագրողներ Մաքսիմ Շեւչենկոն ու Վլադիմիր Մամոնտովը:
Հիշեցնենք, որ իրավապաշտպանները Կադիրովին մեղադրել էին «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Նատալիա Էստեմերովայի սպանությանն առնչություններ ունենալու, նաեւ «Կադիրովի բանդաների կողմից մարդկանց առեւանգելու եւ սպանությունների» մեջ: BBC-ի մատուցմամբ, երեկ Կադիրովը հետ է վերցրել իրավապաշտպանների նկատմամբ իր դատական հայցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել