Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼ

Փետրվար 10,2010 00:00 Share

Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում հունահռոմեական ըմբշամարտի
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

\"\"

«Առավոտը» հավաքականի մարզումների ընթացքին անդրադարձել է մի քանի օր առաջ ու պարոն Ջուլֆալակյանից ստացել հետաքրքրող հարցերի մանրամասն պատասխանները: Սակայն այս ասուլիսը հետաքրքիր էր նրանով, որ, հնարավոր է, այս ընթացքում նոր տեղեկություններ էլ ավելացած լինեն: Դրա համար անդրադառնում ենք միայն դրանց վերաբերող հարցուպատասխաններին:
– Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելը չի՞ խանգարի Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ավելի նպատակային նախապատրաստվելուն:
Լեւոն Ջուլֆալակյան- Ոչ: Պատասխանատու ցանկացած պաշտոնական առաջնությունից մոտ մեկուկես ամիս առաջ մեր հավաքականի անդամներն անպայման մասնակցում են մի որեւէ միջազգային մրցաշարի: Այս պարագայում դա աշխարհի գավաթի խաղարկությունն է: Ճիշտ է, սա պատասխանատու մրցում է, որում մեր առջեւ լուրջ նպատակներ են դրված, սակայն չմասնակցելն էլ նմանատիպ մրցումներում մրցափորձի պակաս կարող է դառնալ, ինչն էլ խնդրի հակառակ կողմն է: Օրինակ, անցած տարվա փորձը ցույց տվեց, որ Ֆրանսիայում աշխարհի գավաթի խաղարկության մասնակցությունից հետո մեր հավաքականը հաջող հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում:
– Ադրբեջանը հրաժարվեց ժամանել Երեւան: Հնարավո՞ր է, որ մենք էլ համարժեք պատասխան տանք՝ չմասնակցելով Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Բազմասեր Առաքելյան- Հարցի վերջնական պատասխանը տալու համար դեռ բավականին ժամանակ կա: Մենք ունենք ֆեդերացիայի ղեկավարություն, նախարարություն, ազգային օլիմպիական կոմիտե, կառավարություն, վերջապես՝ երկրի նախագահ: Հարցն, իսկապես, շատ լուրջ է եւ պետական վերաբերմունք է պահանջում: Բայց այսօրվա դրությամբ ասեմ, որ թե հունահռոմեական եւ թե ազատ ոճի ըմբշամարտերի ազգային հավաքականներն ամենայն լրջությամբ նախապատրաստվում են այդ մրցմանը: Կարծում եմ՝ եթե որեւէ արտակարգ բան չպատահի, մենք անպայման կմեկնենք Բաքու:
Լեւոն Ջուլֆալակյան- Մենք միշտ էլ պատրաստ ենք մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, անկախ այն բանից, թե դրանք որ երկրում են անցկացվում: Բայց կա նաեւ մեկ այլ խնդիր, որը պարտադրում է մեր՝ Բաքու մեկնելը: ՖԻԼԱ-ի կանոնադրության համաձայն, եթե որեւէ երկիր չի մասնակցում մայրցամաքի առաջնությանը, զրկվում է նաեւ աշխարհի առաջնությունից: Մենք չենք կարող նման քայլի գնալ, քանի որ մեր գերխնդիրը 2012 թվականի օլիմպիական խաղերն են, այնպես որ, ես էլ կասկած չունեմ, որ անպայման հանդես գալու ենք Եվրոպայի առաջնությունում:
– Քիչ առաջ պարզեցինք, որ Կուբայի հավաքականը ժամանել է առանց իր առաջատարի՝ գերծանր քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Միխայիլ Լոպեսի: Մյուս երկրների հավաքականների կազմերի մասին տեղեկություններ կա՞ն:
Լեւոն Ջուլֆալակյան- Ես ծանոթ եմ մասնակից երկրների ներկայացրած հավաքականների նախնական հայտերին: Բոլորն էլ, որքան հայտնի է, գալիս են իրենց առաջին համարներով: Իրանի հավաքականում ներկայացված չէ 55 կգ քաշային իրենց օլիմպիական չեմպիոնը: Սակայն, չհաշված եզակի բացառություններ, բոլորն էլ ներկայացրել են իրենց ուժեղագույն կազմերը: Վերջնական պատասխանը կունենանք միայն փետրվարի 11-ին, երբ թիմերը կժամանեն Երեւան:
– Մեր հավաքականում հիմնականում ո՞ր քաշային կարգերում եք հաջող մրցելույթներ ակնկալում:
Լեւոն Ջուլֆալակյան- Հայաստանի հավաքականը համալրված է կայացած ըմբիշներով, որոնցից յուրաքանչյուրի հետ բոլորն էլ հաշվի են նստում: Բայց հարցին պատասխանելով՝ ասեմ, որ չորս քաշերում սպասելիքներ ունենք: Անուններ հիմա չեմ ուզում տալ (հավաքականի գլխավոր մարզիչն արդեն ներկայացրել էր ամեն մի քաշային կարգում Հայաստանից հայտավորված 1-ին եւ 2-րդ համարների անունները), բայց պարզ ասեմ՝ բացի 96 կգ-ից, մնացած վեց քաշային կարգերն էլ մտնում են ասածս չորսի մեջ: Թեեւ չի բացառվում, որ 96 կգ-ն էլ հաճելի անակնկալ մատուցի բոլորիս:
– Վիճակահանությամբ ո՞ր թիմերի հետ չէիք ցանկանա հանդիպել նախնական փուլում:
Լեւոն Ջուլֆալակյան- Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են հողագնդի ութ ուժեղագույն հավաքականները: Այստեղ պատահական թիմ չկա: Դրա համար էլ հարցին պատասխանել չեմ կարող: Բոլորն էլ հավասարապես ուժեղ են, եւ յուրաքանչյուրը հաղթելու լիարժեք հավակնորդ է:
– Մեր հավաքականի գրաված ո՞ր տեղը կհամարեք հաջող եւ ո՞րը՝ ձախողում:
Լեւոն Ջուլֆալակյան- Հարցի պատասխանը քիչ առաջ, կարծես, տվեցի: Ես սովորաբար մեդալներ չեմ խոստանում: Բայց միշտ ասում եմ, որ պայքարելու ենք ամենաբարձր տեղերի համար: Բոլոր այդ հարցերի պատասխանը մրցագորգը կտա: Մնում է, որ մեր տղաներն անեն այն, ինչի ընդունակ են:
– Ադրբեջանի նկատմամբ հրաժարվելու համար պատժամիջոցներ կկիրառվե՞ն:
Բազմասեր Առաքելյան- ՖԻԼԱ-ի կանոնադրությամբ՝ նման դեպքերում պատիժ նախատեսված է: Կարծում եմ՝ Ադրբեջանի ֆեդերացիային անպայման կպատժեն: Բայց դա ոչինչ չարժե նրանց համար: Պատիժը կլինի մոտավորապես երեք հազար եվրո: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջանը ՖԻԼԱ-ի գլխավոր հովանավորն է եւ տարեկան միջազգային ֆեդերացիայի հաշվեհամար փոխանցում է $5 միլիոն:
– Հավաքին մասնակցող մեր առաջատար ըմբիշները ի՞նչ մարզավիճակում են: Վնասվածք ունեցողներ կա՞ն:
Լեւոն Ջուլֆալակյան- Բոլորն էլ իրենց նորմալ են զգում: Թեթեւ վնասվածքներ կան: Բայց եթե դրանք բառի իսկական իմաստով վնասվածք համարենք, ուրեմն ոչ ոք երբեք պատասխանատու մրցման չի կարող մասնակցել: Ըմբշամարտն այն ձեւն է, որում պայքարում են տղամարդիկ, եւ հազվադեպ է պատահում, որ ըմբիշը իդեալական վիճակում ներկայանա մրցման:
– Նախորդ ասուլիսում հայտարարվեց, որ սահմանված է մրցանակային գումար, բայց հստակ ոչինչ չասվեց: Հիմա ինչ-որ բան պարզվե՞լ է:
Բազմասեր Առաքելյան- Գործարար եւ բարեգործ Սամվել Կարապետյանը, ով մեկ տարի է, ինչ գլխավորում է ֆեդերացիան, մարզաձեւի զարգացման համար այս ընթացքում արդեն $ 1 միլիոնից ավելի է ծախսել: Աշխարհի գավաթի խաղարկության համար էլ հատկացրել է $100 հազարին համարժեք դրամ մրցանակային գումար: Կարծում եմ, որ դա կբաշխվի հետեւյալ կերպ. 1-ին տեղը գրավող թիմին $50 հազար, 2-րդին՝ $30 հազար, 3-րդին՝ $20 հազար:
– Այս մրցաշարը Հայաստանին ի՞նչ կտա:
Բազմասեր Առաքելյան- Ճանաչում, հեղինակություն եւ հետագայում նմանատիպ եւ ավելի բարձր ու կարեւոր մրցումների կազմակերպման հեռանկար: Մնում է, որ մրցաշարն անցնի ամենաբարձր մակարդակով, ինչին մենք վայրկյան անգամ չենք կասկածում: Նաեւ կնպաստի ըմբշամարտի էլ ավելի զարգացմանը Հայաստանում, ինչը մեզ համար, թերեւս, ամենագլխավորն է:
Լեւոն Ջուլֆալակյան- Պարոն Առաքելյանի ասածին ավելացնեմ միայն մի բան: Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, մեր ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը կկարողանան անել այնպես, որ վարկանիշային երեք մրցաշարերից մեկը նշանակվի Երեւանում, ինչը, հասկանում եք, անչափ մեծ դեր կխաղա Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացվածության հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել