Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ չխռովեն դերերս»

Փետրվար 11,2010 00:00

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասան Վոլոդյա Հովհաննիսյանը երբեւէ չի դավաճանել սեփական սկզբունքներին:

\"\"

Օրերս լրանում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասան Վոլոդյա Հովհաննիսյանի ծննդյան 70 տարին: Արվեստագետի հոգին խռովքով է լի, մոռացումը, վաստակի գնահատման ուշացումը, երբեմն նաեւ անտարբերությունը նրան ու իր հասակակիցներին ստիպել է մշտապես դժգոհ լինել: Վ. Հովհաննիսյանը ողջ կյանքում մարզային թատրոններում է աշխատել՝ Կապանում, Արտաշատում, չնայած հրավեր ունեցել է, օրինակ, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնից: Ժամանակին Կապանում աշխատել է անվանի դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ՝ մարմնավորելով նույն կերպարները: Այդ տարիներին ստիպել են Վ. Հովհաննիսյանին չհեռանալ, սպասել վաստակավոր արտիստի կոչման, սակայն նա պարզապես ցանկացել է ապրել ու ստեղծագործել մայրաքաղաքում:
Ջավախքում ծնված Վոլոդյան տառապանքներով լի ճանապարհ է անցել՝ հանուն Երեւանում բնակարան ունենալու. ժամանակավորապես հեռացել է թատրոնից, աշխատել շինարարությունում, վերջինս զուգահեռելով Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի ռեժիսորական ֆակուլտետում ուսանելու հետ: Մեր զրուցակիցը Մամուլի տան շինարարության հիմքը դնելուց մինչեւ շահագործումը՝ այդ շենքի շինարարներից է եղել, ի վերջո, ստանալով բնակարան Երեւանում: Մարզային թատրոններում դեգերած դերասանի խոսքերով՝ «վերջապես կանգ առա Արտաշատի թատրոնում, ուր մինչ օրս բազմաթիվ առաջնակարգ դերեր եմ խաղացել»: Նա հատկապես խոսում է իր սերժանտ Կարոյի մասին, որն իր հայրենակիցն էր՝ Ջավախքից. «Այս դերի առիթով դրվատանքի շատ խոսքեր եմ ստացել, սակայն ինձ համար ամենաարժեքավորը «Սերժանտ Կարոյի» հեղինակ Մկրտիչ Սարգսյանի արցունքներն էին՝ բեմադրության պրեմիերայից հետո…»: Հավելում է նաեւ, որ ինքն անցած օրերի հուշերով չէ, որ ապրում է, ասելով, որ արդեն մի քանի տասնյակ տարիներ առավոտյան շտապում է Արտաշատ, ուր լավ բարեկամներ ունի, սկսած թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանից, իր կոլեգաներից՝ մինչեւ արտաշատցի հանդիսատեսը. «Մայրաքաղաքից դուրս աշխատելը հեշտ չէ… բայց Արտաշատի թատրոնում գիտակցում են, որ առանց հացի ու ջրի՝ ազգը կարող է մի քիչ ապրել, իսկ առանց թատերարվեստի՝ ոչ….»:
Վ. Հովհաննիսյանն այս համոզմունքով է ապրում, մինչդեռ նրան ժամանակին Վազգեն Մանուկյանն առաջարկել է ընդգրկվել ԱԺՄ համամասնական ցուցակում, իսկ թե ինչ է նշանակում սա՝ մանրամասնել պետք չէ, բայց դերասանը մերժել է, ասելով՝ «չեմ կարող թույլ տալ, որ ինձնից խռովեն իմ խաղացած դերերը, այդ թվում՝ Ոսկանը («Չար ոգի»), Շոշիան («Մեղադրական եզրակացություն»), Արիոբարզանը («Տիգրան Մեծ»), Սուրենը («Պատվի համար») եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել