Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ԽԻՍՏ ՏՈՆՈՎ Է ԽՈՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Փետրվար 12,2010 00:00

Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է դուրս բերել իր զորքերը Կիպրոսի տարածքից: Բացի այդ, Եվրախորհրդարանը Անկարային կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Կիպրոսի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Ինչպես հաղորդում է news.am-ը, եվրոպացի խորհրդարանականներն ընդգծել են, որ Թուրքիայի կառավարությունը պետք է բանակցություններում «ընդունելի մթնոլորտ» ստեղծի՝ Կիպրոսի հյուսիսային մասից իր զորքերը անհապաղ դուրս բերելու ճանապարհով: Բանաձեւում, որը գնահատում է Անկարայի կողմից ԵՄ անդամակցության համար պարտավորությունների կատարումը, նաեւ կոչ է արվում ձեռնամուխ լինել կղզու թուրք վերաբնակիչների խնդրի լուծմանը եւ ապահովել ներկայումս մեկուսացած եւ անբնակ դարձած Ֆամագուստա քաղաքն իր օրինական տերերին վերադարձնելը՝ համաձայն 1984թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 550 բանաձեւի: Եվրախորհրդարանականները ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան արդեն 4-րդ տարին է՝ հրաժարվում է հետեւել ԵՄ-ի հետ մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրության դրույթներին, ըստ որոնց՝ նա համաձայնել է բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները ԵՄ անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Կիպրոսի Հանրապետության համար: Բանաձեւում ընդգծվում է, որ այդ արձանագրության պայմաններն ամբողջ ծավալով չկատարելը «կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններում»: Այդ բանաձեւի քննարկումների ժամանակ Իսպանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ լրացուցիչ արձանագրության կյանքի կոչումը շարունակում է պայման մնալ ԵՄ-Թուրքիա բանակցությունների շարունակման համար: «Եթե այդ հարցում առաջընթաց չլինի, բանակցությունների նոր էջեր չեն բացվի»,- ընդգծել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել