Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ

Փետրվար 13,2010 00:00

Վերջերս «Առավոտ» թերթում եւ «Ա1+» կայքում կարդացինք մի հոդված, ըստ որի՝ Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայնն իր բողոքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի ձերբակալման ու բանտարկման առիթով:

Մեր կազմակերպության եւ վարչության շատ անդամներ հետաքրքրված են եւ արդեն տեւական ժամանակ զբաղվում են իրավապաշտպանությամբ, եւ այդ պատճառով այս հաղորդագրությունը գրավեց մեր ուշադրությունը եւ հատկապես գրավեց «Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայն» անունը: Զարմացանք, որ երբեւէ մեզանից ոչ ոք չի լսել նման ոստայնի մասին, չնայած այն փաստին, որ մեզանից շատերը անդամակցում են բազում իրավապաշտպան ոստայնների եւ անձամբ ծանոթ են քիչ թե շատ հայտնի բոլոր իրավապաշտպաններին: Խիստ տարօրինակ էր նաեւ այն, որ հայտարարության տակ չկար որեւէ անուն-ազգանուն կամ կազմակերպության անվանում:

Հետաքրքրություններս բավարարելու համար անմիջապես սկսեցինք փնտրել այդ կազմակերպությունների ոստայնը համացանցում ու գտանք նրանց կայքը, բայց տարակուսանքներս փարատվելու փոխարեն՝ ավելի խորացան, որովհետեւ նախ չկարողացանք գտնել ոչ միայն այդ ոստայնի անդամ որեւէ կազմակերպության անուն այդ կայքում, այլ նաեւ որեւէ անհատ անդամի անուն, իսկ երբ պարզվեց, որ այդ ոստայնը ոչ հետադարձ կապ ունի, ոչ որեւէ հասցե ու հեռախոսի համար, տարակուսանքներս փոխվեց համակ խղճահարության՝ հայոց ընդդիմության ու վրդովմունքի՝ հայ մամուլի անպատասխանատվության նկատմամբ, որովհետեւ առաջիններն աջակիցներ են հորինում, որ անտեր չերեւան, իսկ վերջինները մի քանի համար ավելի վաճառելու համար ստիպված են սուտ եւ չստուգված տեղեկություն տարածել սեփական էջերում:

Մեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիների համար ինչքան թանկ են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գաղափարները, այնուամենայնիվ դրանք չեն կարող ստորադասել Հայոց պետության ու Հայ ազգի պատիվն ու ինքնիշխանությունը, որոնք մեզ համար բացարձակ արժեքներ են: Եվ մեզ համար անհասկանալի է, թե մեր հայրենական ԶԼՄ-ներից մի քանիսը ինչպես են թույլ տվել իրենց էջերում տպագրել մի անհայտ ոստայնի շուրջ «30» անհայտ եւ որեւիցե մեկին անծանոթ, ինքնակոչ «իրավապաշտպան» կազմակերպությունների հայտարարությունը, որով իրենք համարձակվում են անկախ Հայաստանի իշխանությունների հետ խոսել վերջնագրային տոնով, եւ դա բավական չէ՝ պահանջել միջազգային հանրությունից պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ եւ շարունակել մոնիտորինգը։

Ամոթ է հայոց «հույս ու հավատ» լինել հավակնող ընդդիմության եւ «Առավոտ» օրաթերթի ու «Ա1+»-ի համար:

Մի՞թե դուք չեք հասկանում, որ նման քայլերով հարվածի տակ եք դնում մեր պետությունը, մեր հայրենիքը, որտե՞ղ է ձեր հայրենասիրությունը:

Ակնկալում ենք «Առավոտ» օրաթերթի եւ «Ա1+»-ի գլխավոր խմբագիրներից, որ իրենք, հավատարիմ լինելով լրագրողական էթիկային եւ այլակարծության ապահովմանը՝ կտեղադրեն մեր բաց նամակը իրենց թերթում եւ կայքում:

«Երիտասարդությունը հանուն առաջընթացի եւ ժողովրդավարության» կազմակերպության վարչություն

12.02.2010

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել