Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարվածությունը առաջացնում է հակվածություն…

Փետրվար 13,2010 00:00

Իսկ երբ զույգերը ե՛ւ սեքսուալ հաճույք են ստանում, ե՛ւ հոգեսեռական բավարարվածություն՝ ուրեմն դա սեր է:

Ըստ բժիշկների՝ սիրահարվածությունն ու սերը տարբեր հոգեվիճակներ են, եւ երկուսի ընթացքում էլ մարդու օրգանիզմում տեղի են ունենում տարբեր կենսաքիմիական տեղաշարժեր, որոնք հսկման ենթակա չեն: Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, որն առաջացնում է էյֆորիա, այսինքն՝ երանավետ հոգեվիճակ, կենսաէներգիայի հարուստ պաշար, ոգեւորություն եւ խենթություններ անելու ցանկություն: Ադրենալինի ավելցուկն առաջացնում է անքնություն, անհանգստություն, տագնապ, սրտխփոց եւ վերջույթների դող: Սերոտոնինի շատացումը հանգեցնում է չափից ավելի հաղորդասիրության, զրուցասիրության. առաջանում է, այսպես կոչված՝ սեր աշխարհի հանդեպ, որը կերպարանափոխվում եւ հագենում է վառ գույներով: Էնդորֆինների եւ էնդոզիպինների բարձր մակարդակը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության եւ ապահովության զգացում՝ ցանկալի եւ համակրելի մարդու կողքին: Կենսաքիմիական այս փոփոխությունները, սովորաբար, 2-6 ամսից անցնում են:

Հոգեբանական առումով սերն ու սիրահարվածությունը մարդու անձի տիպային փոփոխությունների, բնավորության գծերի, հայացքների փոփոխություն է, հոգեվիճակ:

«Առավոտի» այս հարցախույզը վերաբերում է սիրո եւ սիրահարվածության տարբերությանը:

Ապագա դերասան, 21-ամյա Լեւոն Ասրյանի խոսքով՝ սերն ու սիրահարվածությունը հաճելի հոգեվիճակներ են, պարզապես՝ «Երբ սիրում ես՝ հոգիդ ամեն վայրկյան հրճվում է, քեզ բոլոր առումներով լիարժեք ես զգում, ու թվում է, թե սրտիդ ամեն մի բախոց քո սիրելիի համար է ու եթե նա չլինի, սրտիդ աշխատանքը կդադարի»:

24-ամյա վեբ-դիզայներ Աննա Սաֆարյանի համար սերը համբերություն է, կամքի ուժի արդյունք. «Որպես երեւույթ, սերը գոյություն չունի, սերը կապվածություն է, հասկացողություն, հարգանք: Իսկ սիրահարվածությունը հենց սերն է, որ չկա կոնկրետ հոգեվիճակ, ապրումներ: Հիշում եմ՝ 18 տարեկանում այսպիսի մի միտք էի հորինել ինձ համար. սերը սպասված նվեր է՝ գեղեցիկ եւ հրապուրիչ փաթեթավորված արկղ, որը երբ ստանում ես՝ անհամբերությամբ բացում ես, որ տեսնես ինչ է ներսում: Բայց բացելով այն՝ տեսնում ես դատարկություն, ունայնություն: Հենց այդ գեղեցիկ փաթեթավորած արկղը սիրահարվածությունն է, իսկ եթե քեզ զսպես ու չբացես այն, եւ սովորես միայն դրա արտաքին տեսքով հիանալ, դա էլ կլինի իսկական սերը»:

Հագուստի դիզայներ, 27-ամյա մոսկվաբնակ Աննայի կարծիքով՝ սիրահարվածությունը պատանեկան, մանկական խաղ է, ոչ լուրջ հիմքերի վրա, իսկ սերը հասուն զգացմունք է՝ հասուն մարդկանց համար. «Սերը մեծերի համար է, այսինքն՝ սիրել կարող են միայն հասուն տարիքում, երբ հասկանում ես՝ ով ես, ինչ ես քեզանից ներկայացնում, որն է քո դերը եւ ում ես դու պետք: Սերը հանգիստ, խաղաղ վիճակ է, վստահություն, անգամ ինքնավստահություն: Իսկ սիրահարվածությունը մանկական խաղ է, որն ինչպես շուտ քեզ կլանում է, այնքան շուտ էլ թողնում է դատարկ, մինչեւ ուզում ես հասկանալ, ապրել դրա մեջ՝ անհետանում է…»:

26-ամյա Սերգեյի համար սիրելը ամեն մարդու հասու չէ. «Ամեն մեկը չի կարող սիրել: Սիրահարությունը սրտիդ աշխատանքն է, սերը՝ համատեղ կյանքը: Մինչեւ սիրահարությանդ օբյեկտի հետ համատեղ չապրես՝ չես հասկանա սերն ինչ է: Երբ սիրահարվում ես ինչ-որ մեկին ու սկսում դրանից դրդված ինչ-ինչ քայլեր անել գլուխդ կորցրած ու դրա դիմաց ոչինչ չես ստանում, ուրեմն արդեն սիրահարությունդ վերափոխվել է սիրո: Սիրահարությունը սիրո հողն է»:

23-ամյա ապագա քաղաքագետ, շվեդաբնակ Լիլիթն էլ մեզ հետ զրույցում նույնացրեց սերն ու սիրահարությունը. «Մի օր սիրում ես, մի օր սիրահարվում, մի օր խենթություններ ես անում, մի օր էլ՝ ուղղակի հոգով ապրում: Երկուսի դեպքում էլ հոգիդ հրճվում է, քեզ զգում ես ամենակարող… Սերը կախվածություն է…»:

27-ամյա իրավաբան Մելինեն եւս կարծում է, որ սիրո եւ սիրահարվածության մեջ այդքան մեծ տարբերություն չկա. «Երբ սիրում ես, հոգիդ մշտապես սիրահարված է, երկուսի դեպքում էլ, օրինակ, նույն ցանկությամբ, նույն սրտի թրթիռով ես մոտ կանգնում քո սիրո օբյեկտին, համբուրում նրան ու ապրում նրա հետ ամեն վայրկյանը: Ասում են՝ սիրահարությունը թռուցիկ երեւույթ է, կարճ է տեւում, ես համամիտ չեմ …»:

Հոգեբան Աշոտ Թորոսյանի խոսքերով՝ սերը եւ սիրահարվածությունը իրարից որակապես են տարբերվում. «Հաճախ սիրահարվածությունը նախորդում է սիրուն եւ որպես կապ դա միջանկյալ հոգեվիճակ է, որի դեպքում մեծ են ճանաչողական գործընթացները, հակազդող ազդեցությունները: Կան հոգեբանական մեխանիզմներ, որոնք սիրահարվածության դեպքում չեն թողնում, որ մարդը լիարժեք ճանաչի սիրո առարկային: Սիրահարվածությունը խոչընդոտում է մարդկանց օբյեկտիվ ճանաչման հնարավորությունը: Սիրահարվածությունը կարճատեւ է, եւ եթե մարդը հասուն է, սիրահարվածությունը հող է ստեղծում, որպեսզի այն հետագայում փոխակերպվի սիրո: Սիրահարվածությունն առաջացնում է կլանվածություն, հակվածություն, կեղծիք, այսինքն՝ դառնում է կպչուն նեւրոտիկ երեւույթ: Սիրահարվածության ժամանակ հոգեպես ոչ հասուն մարդու մոտ դրսեւորվում են ուժգին խանդ, սեփականատիրական հակումներ, իդեալականացման մեխանիզմներ, այսինքն՝ չափազանցվում են դրական գծերը, անտեսվում են թերությունները, հարթվում են ամենացնցուն հակասությունները»:

Սիրո եւ սիրահարվածության դրսեւորումները սեռական կյանքում էլ են տարբերվում: Ու ինչպես նշում է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը՝ «Սիրո ու սիրահարվածության դրսեւորումներն անկողնում եւս խիստ տարբերվում են: Սիրո կոմպոնենտների մեջ տարբերակվում են անձնական եւ հոգեբանական կոմպոնենտները: Անձնական կոմպոնենտը սեքսուալ բնազդի իրականացմանն ուղղված գործողությունների համալիր է, այսինքն՝ սերնդի շարունակման, վերարտադրողական կտրվածքով եւ սեռական հաճույք ստանալուն ուղղված գործողությունների եւ նկատառումների համալիր: Հոգեբանական կոմպոնենտը զուտ հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալու հանգամանք է, որը սիրո մեջ ի սկզբանե պետք է դրված լինի: Եթե այս երկուսը միաժամանակ գոյություն ունեն, այն կապահովի լիարժեք ներդաշնակություն: Այսինքն՝ երբ զույգերը եւ սեքսուալ հաճույք են ստանում, եւ հոգեսեռական բավարարվածություն՝ ուրմեն դա սեր է: Եթե անձանց մոտ գերակշռում է զուտ հոգեբանական կոմպոնենտը, սա ավելի շատ բնորոշվում է որպես սիրահարվածություն, այսինքն՝ պլատոնիկ եւ էրոտիկ փուլերին բնորոշ երեւույթներ, որոնք չեն ուղեկցվում սեռական հարաբերություններով: Երբ հարաբերությունները զուտ էմոցիոնալ եւ փաղաքշանքի, քնքշանքի մակարդակին են, ուրեմն՝ դա սիրահարվածություն է: Այստեղ նշանակություն ունի անձի հոգեսեքսուալ զարգացման մակարդակը, այսինքն՝ որ էտապում է գտնվում, ունի սեռական կյանքի փորձ, որովհետեւ հաճախ սիրահարված են լինում սեքսուալ կյանքի փորձ չունեցող անձինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել