Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԻՇՏ ՏՈՆԵԼ

Փետրվար 13,2010 00:00

Իսկ ճոխ սեղանները՝ պարտադիր չեն

Ըստ ազգային սովորության փետրվարի 13-ին հայկական ընտանիքները, նորապսակներն ու նշանվածները տոնում են Տրնդեզը, որի ընթացքում կրակ են վառում եւ թռչում վրայով…

Իսկ ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ Տրնդեզը կամ, ինչպես եկեղեցին է ասում՝ Տեառնընդառաջի տոնը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան եւ շարունակվում մինչեւ հաջորդ երեկո:

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Դանիել քահանա Բաղումյանի խոսքով՝ ամեն տարի, երբ ժողովուրդը լսում է հեռուստատեսությամբ, որ Տեառնընդառաջի տոնը պետք է նշվի փետրվարի 14-ին, հասկանում է, որ 13-ին ոչ մի տոնակատարություն չկա. «Եկեղեցու համար այն սկսվում է 13-ի երեկոյան պատարագով: Իսկ 14-ին արդեն ծիսակատարությունն է, ինչպես նաեւ նորապսակների օրհնության արարողությունը: Երեկոյան մենք տոնակատարության մեջ ենք լինում: Իսկ ժամերգության աղոթքներն ամբողջովին նվիրված են Հիսուս Քրիստոսի գալստյանը, ապա դուրս ենք գալիս ժողովրդի հետ միասին կրակ վառում…»:

Քահանա Բաղումյանը մեկնաբանեց, որ Տեառնընդառաջի խորհուրդը Տիրոջը ընդառաջ գնալու, նրան ընդունելու մեջ է. «Ավետարանում գրված է՝ երբ Հիսուս մանուկի 40 օրը լրացավ, Հովսեփը եւ Մարիամը Հիսուս մանկանը, Աստծո խոսքի համաձայն, Աստծո տաճար բերեցին: Այդ ժամանակ, ինչպես պատմվում է Ղուկասի Ավետարանի մեջ, Սիմոն ծերունին երկար տարիներ մահ չէր տեսել, Աստված նրան մահ չէր տալիս այնքան ժամանակ, մինչեւ որ իր աչքով չտեսներ Հիսուս մանկանը՝ Փրկչին, Տիրոջը: Երբ տեսնում է, որ Տերը գալիս է. նրան ընդառաջ է վազում, այսինքն՝ խոնարհվում է Հիսուս մանկանը: Այստեղից էլ առաջանում է տեառնընդառաջ արտահայտությունը: Իսկ տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է: Բոլորս այսօր պիտի ընդառաջ գնանք Տիրոջը, չպետք է սպասենք, որ Տերը գա դեպի մեզ: Տերն ասում է՝ ես դռան ետեւում կանգնած եմ, ով որ բացի՝ ներս կմտնեմ: Ուրեմն, պետք է բացենք մեր դռները, մեր սրտի դռները, որպեսզի Տերը գա մտնի մեր հոգու մեջ, մեր սրտի մեջ եւ ինչ որ խնդրում ենք, բոլոր աղոթքները պտղաբեր դարձնի: Սա է մեր ճանապարհը եւ ողջ տեառնընդառաջի իմաստը»:

Մեր զրուցակցի բնութագրմամբ, կրակ վառելու եւ դրա վրայով թռչելու մեջ էլ խորհուրդ կա. «Ժողովրդական սովորություն կա, այդ օրը երեկոյան եկեղեցուց, Աստծո տնից ճրագ տանել եւ այդ ճրագով տանը կրակ վառել, որպեսզի օրհնվեն այդ ընտանիքը, նորապսակները: Երբ Աստծո խոսքի համաձայն Հիսուսին տաճար են բերում Աստծուն ընծայելու, գիշեր է լինում: Տաճարի դռները բացվում են եւ բոլորը, լսելով Նրա գալստյան ձայնը, ջահերով, մոմերով ու լույսերով դուրս են գալիս Տիրոջը դիմավորելու: Կրակը, լույսը կապված է հենց Հիսուսի տաճար գալու ժամանակի հետ… »:

Որպես հոգեւորական, տեր Դանիելը գտնում է, որ մարդու կյանքում ավելի շատ պետք է լինի Քրիստոսի լույսը հոգու մեջ տանելը, այսինքն՝ «լույսը միշտ պետք է ունենալ: Ով լույսի մեջ քայլի, նա երբեք խավար չի տեսնի»:

Տեր Դանիելն ուրախությամբ նշում է, որ Տեառնընդառաջի տոնի իմաստը հասարակությունն արդեն սկսել է ճիշտ ընկալել եւ հասկանալով նշել. «Տարիներ առաջ գուցե այս կարծիքին չլինեի, բայց այսօր ժողովրդի մեջ տեսնում եմ հոգեւոր փոփոխություն՝ աճ: Մարդիկ արդեն կրակի առկայությանը այդքան մեծ ուշադրություն չեն դարձնում: Լավ կլինի, եթե մարդիկ, ինչպես որ հիմա են մտածում, այդպես էլ շարունակեն ապրել»:

Քահանան նկատում է, որ չնայած տոնի խորհուրդը առաջին հերթին նորապսակների օրհնությունն է, բայց դա միայն նորապսակներին չի վերաբերում. «Տոնակատարությունը, իհարկե, նորապսակների է ուղղված, բայց այն բոլորինն է, սա կոչ է, ազդ, պատգամ է ամբողջ մարդկությանը՝ Տիրոջն ընդառաջ գնալու, տերը գալիս է…»:

«Տրնդեզային» պատրաստությունների, շքեղ սեղանների մասով էլ քահանան ընդգծեց. «Կյանքը ապրելու, ուրախանալու համար է, կարծում եմ՝ մարդ արարածը կենտրոնացած չպետք է լինի ուտելու վրա: Ամեն ինչ ունայն է, դատարկ՝ եթե առանց Աստծո խոսքի է: Ուրախությունը պետք է լինի, սեղանները պետք է բացվեն, Աստված է մեզ տվել ամեն ինչ վայելել, ճաշակել, բայց ամենը՝ չափի մեջ: Տեառնընդառաջի տոնում առավել կարեւոր է, որ այն զավակները, որոնց առաջին Տեառնընդառաջն է, եկեղեցում լինեն՝ Աստծո տաճարի մեջ, որպես ընտանիք, ձեռք ձեռքի տված՝ որպես միասնականություն: Իսկ սեղաններ կլինեն, թե ոչ` կարեւոր չէ»:

Նա նաեւ հավելեց, որ նշանված երիտասարդների համար տոնը նշելը պարտադիր չէ, եւ դժգոհեց, որ, հայկական սովորության համաձայն, նոր նշանվածների ծնողները շքեղ տնում են Տեառնընդառաջը, որը սխալ է. «Ովքեր նշանված են՝ Տեառնընդառաջ չի արվում: Հարկավոր է ընտանիքներ կազմավորեն եւ որպես նորաստեղծ ընտանիք առաջին Տեառնընդառաջը տոնեն: Իրականում պետք է հարսը մտնի փեսայի տուն, սկեսրոջ օջախ եւ սկեսուրը, ինչպես հնում է եղել, հարսի ձեռքը բռնած տան մեջ կատարի Տեառնընդառաջի ծիսակատարությունը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել