Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք՝ դիվանագետների մասնակցությամբ

Փետրվար 16,2010 00:00

Փետրվարի 14-ին, Քաթարում, «ԱՄՆ-ն եւ իսլամական աշխարհը» խորհրդաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Քաթարում ԱՄՆ դեսպան Ջոզեֆ Լեբարոնի (ձախից) եւ Թուրքիայի վարչապետի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ֆուաթ Թանլայի (աջից) միջեւ: Ինչպես փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Haberturk»-ը, երբ Էրդողան-Քլինթոն հանդիպումը նախատեսված 20 րոպեի փոխարեն ձգվել է մեկ ժամ, դռների մոտ սպասող ամերիկացի դիվանագետը թուրք դիվանագետներին խնդրել էր, որ հանդիպման մասնակիցներին հիշեցնեն ժամանակի մասին՝ բացատրելով, որ Քլինթոնը ժամադրություն ունի Քաթարի էմիրի հետ: Ի պատասխան, թուրքերը մերժել են ամերիկացի դեսպանի խնդրանքը, որից հետո Լեբարոնը հայտարարել է՝ «ավարտեք հանդիպումը, դուք այնքան էլ կարեւոր չեք, էմիրը ձեզնից ավելի կարեւոր է», եւ սկսել է դուռը թակել:
Դա զայրացրել է Ֆուաթ Թանլային, որը հայտարարել է՝ «դու չես համարձակվի ստորացնել իմ երկիրը: Ով է այստեղ կարեւոր՝ ոչ ոք որոշել չի կարող: Ես դա քեզ թույլ չեմ տա», որից հետո դիվանագետներն իրար կոկորդ են բռնել: Ծեծկռտուքի աղմուկը, աղբյուրի փոխանցմամբ, լսվել է այն սենյակում, որտեղ այդ պահին դեռ շարունակվել է Էրդողան-Քլինթոն հանդիպումը, բայց վերջիններս իրենց զրույցը չեն էլ ընդհատել: Նյարդայնացած ԱՄՆ-ի դեսպանը հեռացել է՝ դուռը շրխկացնելով:
Տեղի ունեցած միջադեպի հետեւանքների մասին չի հաղորդվում:
news.am-ի մատուցմամբ՝ հիշյալ հանդիպման ժամանակ Քլինթոնն ու Էրդողանը քննարկել են նաեւ հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան կատարել է իր վրա դրված պարտականությունները, սակայն Հայաստանի ՍԴ-ի որոշումը դժվարացրել է գործընթացը: Բացի այդ, Թուրքիայի վարչապետը պնդել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսնում է Կովկասում խաղաղության հաստատման մեջ, եւ այդ համատեքստում անհրաժեշտ է, որ Մինսկի խումբն ավելի ակտիվ դեր ստանձնի: ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին նշել է, որ չնայած դժվարություններին՝ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգտակար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել