Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ԿԵՂԾԵՑԻՆ

Փետրվար 16,2010 00:00

Քաղաքական անառողջ բարքերը մշակույթի ոլորտ են թափանցել

Կիրակի օրը Ազգային օպերային թատրոնում կայացավ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան փուլը: Վերջինիս մասնակցելու իրավունք էր ստացել 9 հոգի: Ժյուրիի եւ sms-քվեարկությունների արդյունքում Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի Եվա Ռիվասը՝ «Apricot stone» երգով, որի հեղինակներն են կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ու պոետ-երգահան Կարեն Կավալերյանը:
Նշենք, որ նախընտրական շոուին հանդիսատեսի թիվը մեծ չէր: Դահլիճում ազատ տեղեր կային: Տոմսերը բավական թանկ էին, ամենաէժանը՝ 5000 դրամ: Երկար ժամանակ հեռուստատեսությամբ գովազդվող շոուն էլ առանձնապես հաջողված չէր: Չօգնեց անգամ «Եվրատեսիլի» առաջին հաղթող Լիս Ասյայի՝ հայաստանյան բեմում երեւալը: Ի դեպ, այս երգչուհու այցելությունը Հայաստան՝ ապահովել էր Եվա Ռիվասի համար աշխատող թիմը, մասնավորապես՝ նրա «քարոզարշավը» ֆինանսավորող ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը՝ «Տաշիրի Սամոն»: Հետաքրքիր էին Անի Արզումանյանի, Էմմիի եւ Միհրանի ելույթները, ինքնատիպ էին նաեւ ռոքերները: Ինչ վերաբերում է Եվա Ռիվասին, նա երգեց իր հնարավորությունների չափով, իսկ դրանք վիճարկելի են: Ի դեպ, նրա բեմական պահվածքի վրա էլ շատ աշխատանք պիտի թափվի:
Շոուի ժամանակ հանդես եկան Հայաստանը տարբեր տարիների «Եվրատեսիլում» ներկայացրած երգիչները: Նրանցից Անդրեն ելույթ ունեցավ Եվա Ռիվասին գովազդող շապիկով: «Չեմ կարծում, որ մարդիկ պետք է թշնամանան իմ հանդեպ: Երբ ես երգում էի, քվեարկությունն արդեն ավարտված էր: Ինչ վերաբերում է Եվայի երգին, այո, այն ինձ միանշանակ դուր է եկել, եւ պատճառ չունեմ թաքցնելու հիացմունքս»,- իր այդ քայլն այսպես մեկնաբանեց Անդրեն, հավելելով, որ դժվար թե Կարեն Կավալերյան եւ Արմեն Մարտիրոսյան դուետի ստեղծած երգից ավելի լավը գտնվի այս պահին: Նա նաեւ ասաց, որ իր ելույթի պահին ձեռքում հայտնված սպիտակ սավանը պատահաբար է գույնով համընկել Եվա Ռիվասի հագուստի գույնի հետ:
Շոուից հետո հրաժարվեց խոսել երգիչ Ռազմիկ Ամյանը, ով դեռ բեմից էր հայտարարել, որ շտապում է տուն՝ քնելու:
Համերգի ավարտից հետո սկանդալային իրավիճակ էր ստեղծվել. Եվա Ռիվասի թիմակիցներն ու երկրպագուները իրենց լավ չէին պահում. նրանք Էմմիի ավտոմեքենայի առաջ «Եվա Ռիվաս» մակագրությամբ շապիկ էին պարացնում, էլ չենք խոսում հայհոյախառն արտահայտությունների մասին: Իսկ Էմմիի երկրպագուները զուսպ էին, նրանք ընդամենը հայտարարում էին՝ «Մեկ է, Էմմին է հաղթել»:
Շուից հետո Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանը մի փոքրիկ ասուլիս տվեցին, ձեռնպահ մնալով որոշ հարցերի պատասխաններից: Նրանք, օրինակ, չցանկացան մեկնաբանել այն լուրը, որ Օսլոյում Եվայի հետ հանդես է գալու աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
Քվեարկության արդյունքները զայրացրել էին հատկապես Էմմի մայր եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանին, ինչը տրամաբանական է, որովհետեւ sms-քվեարկության արդյունքները նախորդ տարիների նման չհրապարակվեցին՝ մասնակիցները չիմացան, թե ով քանի ձայն է վաստակել: Հաղթողի անունը հրապարակվելուց անմիջապես հետո Էմմին եւ Միհրանը ցուցադրաբար լքեցին բեմը: Sms- քվեարկությանը մասնակցած մեր հայրենակիցներից ոմանք «Առավոտի» հետ զրույցում նշեցին, որ, ի տարբերություն նախորդ տարիների, քվեարկության տեխնիկական սպասարկումը լի էր խոտաններով: Մասնավորապես՝ հաղորդագրությունը կամ տեղ չէր հասնում, կամ էլ մարդիկ պատասխան sms ստանում էին ժամեր անց: Ն. Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե Էմմիի օգտին ուղարկվող հաղորդագրությունները գուցե արգելափակված են եղել: Եվ այժմ իրենք հավաքում են փաստերը, որպեսզի «օրինական կերպով կարողանան ապացուցել, որ sms քվեարկության արդյունքները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»: Ավելի ուշ Ն. Սարգսյանը «Առավոտին» հայտնեց, որ իրենց փաստաբանները զբաղված են համապատասխան թղթերի պատրաստմամբ, որպեսզի այսօր դիմեն դատախազություն, որովհետեւ կարծես թե հաստատվել է Էմմի-Միհրան զույգի օգտին ուղարկված sms-ների արգելափակման փաստը: Նա նաեւ հայտնեց, որ ժյուրին քվեարկել է հօգուտ Էմմի-Միհրան դուետի, եւ եթե վերահաշվարկից հետո Եվա Ռիվասի ու Էմմի-Միրհրան զույգի միավորները անգամ հավասար լինեն, Օսլո կմեկնի ժյուրիի հավանությանն արժանացած դուետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել