Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿՆԵՑ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 16,2010 00:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց հունահռոմեական ըմբշմարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին հողագնդի ութ ուժեղագույն ազգային հավաքականները:

Նախնական փուլում թիմերը բաժանվել էին երկու ենթախմբի, որոնցում հաղթողները եզրափակիչում վիճարկելու էին գլխավոր մրցանակը, իսկ 2-րդ տեղերն զբաղեցնողները պայքարելու էին մրցանակային եռյակը եզրափակողին որոշելու համար: «A» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Իրանը, Կուբան եւ սկանդինավյան երկրների հավաքականը, որը հանդես էր գալիս «Նորդիկ» հավաքական անվանումով, իսկ «B» խումբը կազմել էին Թուրքիան, Ռուսաստանը, Հունգարիան եւ Վրաստանը:
Առաջին օրը հայաստանցի ըմբիշների համար գերազանց ընթացավ: Լեւոն Ջուլֆալակյանի սաները միեւնույն՝ 7:0 հաշվով թիմային բացահայտ հաղթանակ տոնեցին նախ «Նորդիկի», ապա նաեւ Կուբայի նկատմամբ: Այդ երկու երկրների ըմբիշների նկատմամբ առավելության հասավ նաեւ Իրանը: Այնպես որ,  եզրափակչի ուղեգրի ճակատագիրը որոշվելու էր հաջորդ օրն առավոտյան՝ Հայաստանի եւ Իրանի դիմակայության արդյունքում:
Ռոման Ամոյան- Մոհամադ Ֆահիրի գոտեմարտում հայ ըմբիշը մրցակցին միավոր վաստակելու ոչ մի հնարավորություն չտվեց՝ իր թիմին բերելով առաջին թիմային միավորը: Ցավոք, հաջորդ երկու քաշերում Վահան Ջուհարյանը (60 կգ) եւ Արման Ադիկյանը (66 կգ) համառ պայքարում զիջեցին մրցակիցներին, եւ ընդհանուր հաղթանակ տոնելու հեռանկարները բավականին խամրեցին: Իրավիճակը շտկելու շանս տվեց 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Երիտասարդ ըմբիշն իր ֆիրմային հնարքով տպավորիչ հաղթանակ տարավ Համիդ Ռեյհանիի նկատմամբ եւ ընդհանուր հաշիվը դարձավ 2:2: Սակայն Դենիս Ֆորովը (84 կգ), ապա՝ Արման Գեղամյանը (96 կգ) չկարողացան օգտագործել այդ հնարավորությունը, եւ անկախ 120 կգ քաշային կարգում Յուրի Պատրիկեեւի եւ Ասգարի Բաբաջան Զադեի գոտեմարտի արդյունքից, որում Յուրան վստահ հաղթանակ տարավ, արդեն պարզ էր, որ մեր տղաները պայքարելու են միայն 3-րդ տեղի համար:
«B» խմբում 1-ինը ճանաչվեց Թուրքիան, իսկ աշխարհի նախորդ գավաթակիր Ռուսաստանը բավարարվեց 2-րդ տեղով: Հետեւաբար, երեկոյան մրցահերթում հաղթողին որոշելու էին Իրանն ու Թուրքիան, իսկ երրորդ մրցանակակրին՝ Հայաստանն ու Ռուսաստանը: Ցածր քաշային կարգերում մեր թիմին հաղթական միավորներ բերեցին Ռոման Ամոյանը, Արման Ադիկյանը, միջին քաշում՝ Արսեն Ջուլֆալակյանը, սակայն Վահան Ջուհարյանի, Ֆորովին փոխարինած Տիգրան Սահակյանի եւ Արման Գեղամյանի պարտություններից հետո հաշիվը հավասար էր՝ 3:3, եւ բրոնզե պարգեւի ճակատագիրը կախված էր Յուրի Պատրիկեեւ-Ալեքսանդր Անուշին դիմակայությունից: Այս անգամ էլ Պատրիկեեւը ապացուցեց իր բարձր կարգը եւ երկու մրցափուլերում վաստակելով երեք միավոր՝ Հայաստանի համար ապահովեց աշխարհի գավաթի կրկնակի բրոնզե մրցանակակրի տիտղոսը: Եվ պատահական չէ, որ երբ մրցավարը բարձրացրեց Յուրայի ձեռքը, ամբողջ թիմն ու մարզիչները վազեցին մրցագորգ եւ նրան ձեռքերի վրա տարան հանդերձարան:
Իսկ գավաթին տիրացավ Իրանը, որը 4:3 հաշվով առավելության հասավ Թուրքիայի նկատմամբ:
Մրցաշարն անցավ բարձր մակարդակով, ինչը վկայում են այդ օրերին Երեւանում գտնված ՖԻԼԱ-ի ղեկավարները եւ ութ երկրների պատվիրակությունները: Դա հնարավոր եղավ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական ներդրումների շնորհիվ, ով մրցաշարի կազմակերպման եւ հաջող անցկացման նպատակով հատկացրել էր $600 հազար՝ ներառյալ 1-3-րդ տեղերը գրաված թիմերին, համապատասխանաբար, $50, $30, $20 հազար խրախուսական մրցանակները: Իսկ «Տաշիր Գրուպն» իր հերթին 4-8-րդ տեղերը գրաված հավաքականներին լրացուցիչ հատկացրեց $5 հազարական: Միջոցառմանը մեծապես աջակցել էր նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել