Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Փետրվար 17,2010 00:00

Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերը մեկնարկեցին իջեցված դրոշներով ու սեւ ժապավեններով: Վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլին խաղերի բացումից հաշված ժամեր առաջ, մարզումների ժամանակ ստացած վնասվածքների հետեւանքով, զոհվեց: Սահնակորդը փորձամեկնարկներից մեկում կորցրել էր սահնակի կառավարումը եւ 145 կմ/ժամ արագությամբ  բախվել երկաթբետոնե պատին: Պատահարից հետո անմիջապես շրջանառության մեջ դրվեցին լուրերը, թե Կումարիտաշվիլու ողբերգական մահը հետեւանք էր սառցուղու դեֆեկտների, առավել եւս՝ երբ սառցուղու նախագծող Ուդո Գյուրգելը հայտարարեց, որ այն իսկապես այնքան էլ անվտանգ չէ: Անգամ խոսում էին սահնակորդների ու բոբսլեյիստների մրցելույթների կասեցման մասին: Քիչ ժամանակ անց, սակայն, սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան մամուլի հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «FIL-ի տեխնիկական գործակիցները կարողացել են հաշվարկել մարզիկի շարժման հետընթացը ու եզրակացրել, որ պատահարը կապված չէ սառցուղու դեֆեկտների հետ»: Բայց անգամ այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ մարզիկի սխալը պետք է բերեր մահվան, ինչո՞ւ ապահովված չէր մարզիկների անվտանգությունը: Այդ առիթով, իհարկե, սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ 16 -րդ պտույտընթացքի ելքի վրա, որտեղ զոհվեց վրացի մարզիկը, կտեղադրվի պաշտպանիչ պատ: Արդյո՞ք միայն այսքանով հնարավոր կլինի խուսափել հետագա դժբախտ պատահարներից: Կանխագուշակելը բարդ է: Փոխարենը՝ կարելի է հիշել 21-րդ դարում սահնակա-բոբսլեյական սառցուղիներում տեղի ունեցած պատահարները, մանավանդ որ, Կումարիտաշվիլու մահից մեկ օր առաջ նույն սառցուղում վթարի էր ենթարկվել նաեւ ռումինացի մարզուհի Վիոլետա Ստրամատրուրարուն, ով, սակայն, բավարարվել էր ուշագնացությամբ:
2001թ. հոկտեմբերի 28-ին լատվիական Սիգուլդում տեղացի սկելետոնիստ Գիրտ Օստենիեկսը մարզումների ժամանակ 80 կմ/ժ արագությամբ բախվեց Ռուսաստանի բոբսլեյիստների սահնակին եւ հիվանդանոցի ճանապարհին մահացավ: 2002թ. փետրվարին, Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերում վենեսուելացի մարզուհի Իջինիա Բոկալանդրոն շրջվեց սահնակով՝ երկար ժամանակ անգիտակից մնալով սառցուղու վրա: Իսկ ահռելի արագությամբ ընթացող սահնակը իր ճանապարհին վիրավորեց սառցուղու 2 աշխատակցի, ովքեր փորձում էին կանգնեցնել այն:
2003-ի մարտին ռուս սահնակորդ Իվան Գոնչարովը զրկվեց ոտքից՝ մրցումների ժամանակ սահնակի հետ մրցուղուց  դուրս թռչելու եւ 3 մետր բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով:
2004-ի մարտին Գերմանիայի առաջատար բոբսլեյուհի Իվոնա Սերնոտան զոհվեց մարզումների ժամանակ՝ կրկին դուրս շպրտվելով սահուղուց: Բրազիլացի սահնակորդ Ռենատո Միզոգուցին էլ զրկվեց տեսողությունից՝ նմանօրինակ պատահարի հետեւանքով: Եվ վերջապես, դեռ թարմ են ռուս բոբսլեյուհի Իրինա Սկվորցովայի հետ կապված պատահարի հիշողությունները: Մարզուհին 2009 թվականի նոյեմբերի 23-ին լուրջ վնասվածքներ ստացավ գերմանական Կենգզիեում, երբ մրցավարական սխալի հետեւանքով բախվեցին երկու սահնակներ: Երկար ժամանակ Սկվորցովայի կյանքը վտանգված էր, սակայն այժմ այդ ամենն անցյալում է:
Կումարիտաշվիլու մահը, ցավոք, առաջինը չէ օլիմպիական խաղերի ընթացքում: Աշխարհում խաղաղություն ու բարություն քարոզող այս միջոցառումը պատմության ընթացքում քանիցս բախվել է մահվան հետ: Վրացի սահնակորդի մահվան հանգամանքները շատ նման են ձմեռային օլիմպիական խաղերի պատմության ընթացքում առաջին մահվան դեպքին՝ ավստրիական Ինսբրուկում: 1964-ի օլիմպիական խաղերի ժամանակ ավստրալիացի լեռնադահուկորդ Ռոս Միլնը օլիմպիադայի բացումից ժամեր առաջ՝ մարզումների ժամանակ, բախվեց ծառին ու զոհվեց: Նույն Ինսբրուկում հաշված օրեր անց զոհվեց նաեւ սահնակորդ Կազիմիրց Կայ-Ստրժելսկին: 1992-ին Ալբերվիլլում կայացած Խաղերի ընթացքում զոհվեց շվեյցարացի լեռնադահուկորդ Նիկոլյա Բոշատեն՝ հսկայական արագությամբ բախվելով ձյունախտացնող մեքենային: Ի դեպ, Կալգարիի (1988թ.) օլիմպիական խաղերի ժամանակ նման իրավիճակում զոհվել էր նաեւ Ավստրիայի հավաքականի բժիշկը: Ինչ վերաբերում է ամառային օլիմպիական խաղերին, այստեղ սեւ ժապավեններով մահը շատ ավելի վաղ էր ժամանել: Այսպես՝ 1912 թվականի օլիմպիական խաղերում պորտուգալացի մարաթոնիստ Ֆրանսիսկո Լազարոն արեւային հարված ստացավ հենց մրցելույթի ժամանակ ու հաջորդ օրը մահացավ: 1960-ին Հռոմում զոհվեց դանիացի հեծանվորդ Կնուտ Յենսենը, ով, ինչպես հետագայում էին նշում, թմրադեղերի օգտագործման պատճառով զրկվեց կյանքից: Իսկ ամենասարսափելի դեպքը, թերեւս, 1972-ին Մյունխենի օլիմպիադայում Իսրայելի հավաքականի 5 մարզիկների՝ ծանրորդներ Յոսեֆ Ռոմանոյի, Դավիդ Բերգերի, Զեեվ Ֆրիդմանի, ըմբիշներ Էլիեզեր Հալֆինի ու Մարկ Սլավինի, ինչպես նաեւ 4 մարզիչների ու 2 մրցավարների մահն էր: Իսրայելցիները զոհվել էին պաղեստինցի ահաբեկիչների հարձակման արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել