Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի նախկին նախագահի որդին «կեղտոտ» փողեր է ծախսել

Փետրվար 18,2010 00:00

\"\"Մոլդովայի նախկին նախագահ, իսկ այսօր ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինի որդին՝ Օլեգ Վորոնինը (նկարում), չորեքշաբթի օրը Շվեյցարիայում գտնվելու հիմնավորմամբ այդպես էլ չի ներկայացել Մոլդովայի կառավարությանը կից տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոն՝ իր «արտասահմանյան գործուղումների» ժամանակ ծախսած գումարների աղբյուրի վերաբերյալ ցուցմունքներ տալու համար: Հաջորդ կանչից հետո Կենտրոն չներկայանալու դեպքում քննիչները մտադիր են միջոցներ ձեռնարկել նրան բերման ենթարկելու համար: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Կենտրոնի քննիչներն ակնկալում են նախկին նախագահի որդուց պարզաբանումներ ստանալ այն գերեկամուտների շուրջ, որոնց մասին վերջերս մամուլում հրապարակումներ էին եղել:
Հիշեցնենք, որ դեռ այս տարեսկզբին ԶԼՄ-ները հրապարակել էին նախկին նախագահի որդու բանկային հաշիվներից մեկից կատարված ծախսերի վերծանումը, որի համաձայն, 2008թ. հունվարի 22-ից մինչեւ 2009թ. մայիսի 29-ը Մոլդովայի նախկին նախագահի որդին բանկային քարտերի միջոցով 8 մլն դոլար է ծախսել: 486 օրերի ընթացքում վարկային քարտերի միջոցով Օլեգ Վորոնինն իրականացրել էր 1140 բանկային գործողություն: Ըստ այդմ, Վորոնին-կրտսերը օրական միջինը ծախսել է 20 հազար դոլար: Բանկային քարտերի ծախսերի վերծանման համաձայն, նա այդ գումարները ծախսել էր Բադեն-Բադենում, Կիպրոսում, Վիեննայում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Սենտ-Մորիցում, Մյունխենում, Փարիզում, Մոսկվայում, Լոնդոնում, Ժնեւում, Օսլոյում, Հունաստանում, Հռոմում, Դուբայում: Արտերկրում գտնվելու ընթացքում նա կանգ էր առել ամենաշքեղ հյուրանոցներում եւ գնումներ էր կատարել ամենաթանկարժեք խանութներից: Օլեգ Վորոնինն իր հոր պաշտոնանկության պահին զբաղեցրել է «Ֆինէկոնոմբանկի» կառավարիչների նախագահի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել