Լրահոս
Օրվա լրահոսը

Գե՞տ, թե՞ աղբավայր

Փետրվար 19,2010 00:00

Թափառող կենդանիների վտանգին Վանաձորի «Դիմաց» թաղամասում գումարվել է սատկած կենդանիներից եկող վտանգը: Թաղամասով հոսող Տանձուտ գետում վերջերս հաճախակի են հայտնվում մաշկազերծված տարբեր կենդանիներ՝ գարշահոտություն տարածելով շուրջբոլորը:

Ցավոք, գետին «անծանոթ» չեն կենցաղային, շինարարական եւ այլ աղբատեսակները, ինչը բնակիչների անփութության կամ անտարբերության արդյունք է եւ խոր արմատներ ունի: Քաղաքացիները պնդում են, որ ստիպված են գնում այդ քայլին՝ աղբատար մեքենաներն ուշ-ուշ են գալիս թաղամաս, իսկ աղբամանները հեռու են առանձնատներից: Սակայն մաշկված կենդանիների գետում հայտնվելը անհասկանալի է ինչպես թաղամասի բնակիչների, այնպես էլ պատասխանատու օղակների համար: «Հանցագործություն» կատարողները երբեմն կամ շտապում են, կամ չեն էլ մտածում, որ, մեղմ ասած, վատ են վարվում, ինչի արդյունքում սատկած կենդանիները հայտնվում են ոչ թե ջրում, այլ ափամերձ տարածքներում՝ քարերին կամ գազատար խողովակների վրա: Տհաճ եւ վտանգավոր երեւույթի դեմ ստիպված պայքարում են թաղամասի բնակիչները՝ իրենց բան ու գործը թողած՝ սատկած շներին տեղափոխելով կամ թաղելով: Մեծահասակները մի կերպ դիմակայում են ու նաեւ վախով մտածում, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ երեխաներին գրավի ամեն տեսակ վարակներով պատված փողոցային կենդանու լեշը: «Դիմաց» թաղամասի բնակիչների նեղ դրությունից օգտվելով, վանաձորցիները սեփական սատկած շները նույնպես նետում են Տանձուտ գետը: Եվ այս ամենն այն դեպքում, երբ ոչ շատ հեռու գտնվող Արջուտ գյուղում հատուկ տարածք է հատկացվել կենդանիների թաղման համար: Վերոնշյալ խնդրին դեռեւս տեղյակ չէր Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը, սակայն խիստ վրդովվելով ասաց. «Խնդիրը բացահայտելու համար թաղամասի տարածքում պահակներ է պետք կանգնեցնել, ինչը գործնականում հնարավոր չէ»: Բաժնի պետը խոստացավ, որ հիմնահարցն իրենց ուշադրության կենտրոնում կմնա եւ հույս հայտնեց, որ մեղավորներին կգտնեն:

Ժամանակին Տանձուտ գետը այնքան զուլալ էր, որ նրա ափերը հանգստավայր էին ոչ միայն թաղամասի, այլեւ քաղաքի բնակիչների համար: Իսկ այսօր ոչ միայն գետում լողալն է երազանք, այլ նաեւ այն աղբից ազատված տեսնելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել