Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԾՆՈ՞ՒՆԴ

Փետրվար 19,2010 00:00

Էրոտիկ շոուներ չեն լինելու, բայց աշխատելու են 21 տարեկանից բարձրերի համար

«The New Age Of Club Events in Yerevan», այսինքն՝ այսօր երեկոյան բացվելու է երեւանյան ակումբային կյանքի նոր էջ. համենայնդեպս՝ այդպիսին է «Renovacio» նախագծի խորագիրը: Ըստ նախագծի հեղինակներ Գագիկ Սարգսյանի ու Արթուր Ամրոյանի՝ renovacio թարգմանաբար նշանակում է վերածնունդ, ինչն էլ նախագծի հիմնական իմաստն է եւ ուղղությունը:

«Առավոտի» հետ զրույցում Գ. Սարգսյանը ասաց, որ Երեւանում ակումբային կյանքի վերածնունդ է լինելու: Նրա բնութագրմամբ՝ իրենց նպատակն է Երեւանի ակումբային կյանքում նոր փուլի անցնել, քանի որ արդեն ամեն ինչ կրկնվում է, եւ վաղուց ժամանակն է նոր ասելիքով հանդես գալ: «Ամեն ինչ լինելու է բարձր մակարդակով, մեծ շուքով, անգամ ամենաչնչին մանրուքի վրա երկար ու ձիգ աշխատանք է տարվել: Ցանկանում ենք ամեն ինչ, հայավարի ասած, տեղը տեղին անել, որ ոչ մի բացթողում չլինի: Մեր գերխնդիրը՝ ներկաներին պարզապես հաճույք պարգեւելն է, որպեսզի բոլորը գոհ մնան»,- նշեց Գ. Սարգսյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նախագծի երեկույթները մեծ հաճախականություն չեն կրելու, որովհետեւ՝ «Իմաստ չկա ամեն շաբաթ-կիրակի ինչ-որ երեկույթ կազմակերպել. այդպես մարդկանց շուտ կհոգնեցնես եւ աստիճանաբար կսկսեն էլ չմասնակցել: Եվ հետո՝ այդ հաճախականությամբ մեծ շոուներ չես կարող հասցնել կազմակերպել, ու ինչքան էլ փորձես, միեւնույն է՝ աղքատիկ կստացվի: Հավանաբար, մեր երեկույթները կլինեն ամիսը մեկ անգամ: Կոնկրետ այսօր կայանալիք միջոցառման վրա շատ երկար աշխատեցինք, դա նշանակում է՝ մյուսներն էլ են նույնկերպ լինելու»:

Նախագիծը կոչել են Renvacio՝ վերածնունդ, որովհետեւ, ինչպես ասաց Գ. Սարգսյանը՝ «այն, ինչ-որ այսօր կա Երեւանի ակումբային կյանքում, լինելու է դրա մի քանի աստիճան բարձրը՝ նոր ֆորմատով, նոր մակարդակով, նորարարություններով, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին որ մինչ օրս չի եղել»:

Կազմակերպիչները, նախապես փակագծերը չբացելով, ասացին, որ չեն ուզում շատ մանրամասներ ներկայացնել, որպեսզի մարդկանց հետաքրքրությունը չկորչի՝ իրենց աչքերով տեսնեն. «Մենք չենք աշխատում մյուս կազմակերպիչների պես՝ շեշտադրություն դնելով բառերի վրա, ամենը կապացուցվի գործով, որպեսզի վստահություն ձեռք բերենք հասարակության մեջ»:

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ երկար ժամանակ հետեւել է հայկական ակումբային կյանքին ու վստահեցրեց, որ իրենց արածը մի քանի անգամ ավելին է լինելու… Նրա խոսքով՝ տարբեր ակումբների կողմից լավ բաներ արվում են, բայց դեռ կարծես ինչ-որ բանի պակասություն կա. «Մարդիկ կենտրոնացել են մի քանի ակումբների վրա: Նշեմ, որ մեր ընտրած ակումբը՝ «Tornado»-ն, իր կառուցվածքով շատ հարմար է եւ մեծ հնարավորություններ է տալիս ցանկացած երեւակայություն իրականություն դարձնելու համար: Ճիշտ է, շատ լավ ակումբներ կան, բայց դրանք մեր նախագծերի համար փոքր են: Մեր այսօրվա միջոցառման համար հատուկ ենք մեծ տեղ ընտրել, որպեսզի հասկանանք՝ ովքեր են մեր հաճախորդները, ինչ մասսա է լինելու, արժե՞ շարունակել սկսածը, թե՞ ոչ»:

«Renovacio»-ի երեկույթները, ըստ կազմակերպիչների, լինելու են տարբեր թեմաներով եւ մասնակիցներին էլ հաճույք պատճառելուց բացի, նրանք ուրիշ խնդիր չունեն: Երեկույթների մուտքն ամեն անգամ լինելու է Dress Code-ով եւ Face control-ով. «Այս երկու պայմանները պարտադիր են, քանի որ հասկանալի է՝ մարզահագուստով չեն կարող ներս մտնել, իսկ face control-ն էլ նրա համար է, որ ամեն մեկը չկարողանա սրտի ուզածն իրեն թույլ տալ… Նշեմ նաեւ, որ սահմանել ենք տարիքային սահմանափակում. 17-18 տարեկանները չեն կարող ներս մտնել, սա նրա համար չէ, որ մենք այնտեղ ներսում ինտիմ, էրոտիկ շոու պետք է ցույց տանք, պարզապես ցանկություն կա ավելի հասուն տարիքի երիտասարդների համար աշխատել, ովքեր հասկանում են ինչն ինչոց է, իսկ մինչեւ 20-21 տարեկանները թող գնան ուրիշ ակումբներում իրենց ժամանակն անցկացնեն: Օրինակ, շատ ակումբներում ամեն տեսակ ակցիաներով ցանկանում են մեծ թվով աղջիկների մասնակցություն ապահովել: Մենք այդպես չենք աշխատելու: Ամբողջովին ուրիշ սեգմենտի վրա ենք կենտրոնացած: Մեր խնդիրն այն չէ, որ շատ աղջիկներ գան, մեր խնդիրն այն է, որ մեր ուզած մասսայի աղջիկներ գան… Ներկայումս իրականացվող երեկույթներից մասնակիցները հիմնականում դժգոհում են նույն ոճի երաժշտությունը անընդհատ լսելուց եւ ոչ միայն դրանից: Իսկ այդ ամենը ասում է, որ մարդիկ նորություն են ուզում: Մի խոսքով, մեզ մոտ ամեն ինչ լինելու է այնպես՝ ինչպես դրսի ակումբներում. կստեղծենք լավ միջավայր, որ մարդիկ գան եւ ակումբային կյանքի հասկացությունը տեսնեն, հանգստանան, ուրախանան, քեֆ անեն: Առաջին երեկույթի ծրագրում լինելու է «ճիշտ» երաժշտություն, որը տրամադրելու են DJ Vakcina-ն, DJ Arik-ը, DJ Kret-ը եւ DJ Extreme-ը: Ի դեպ, մեր գործը սկսելուց առաջ, երբ ուսումնասիրում էի դաշտը, լավ առումով մեծ անակնկալների եկա, որովհետեւ շատ բաներ՝ պատկերացնում էի չկա, իսկ իրականում լավ էլ կար, այնպիսի հնարավորություններ ունենք, այնպիսի էֆեկտներ ենք կարողանում ստանալ, որ ուղղակի զարմացած եմ մնացել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել