Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԴԱ՝ ԵՊՀ-ում

Փետրվար 23,2010 00:00

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության կենտրոնը կազմակերպում եւ անցկացնում է համահանրապետական օլիմպիադա՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների համար: Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքէջից՝ ysu.am-ից, այս տարի օլիմպիադայի մասնակիցների թիվը կրկնակի գերազանցել է նախորդ տարվա մասնակիցների թիվը: «Անցած տարի օլիմպիադային մասնակցել է շուրջ 600 աշակերտ: Նրանց բացարձակ մեծամասնությունը երեւանյան եւ մայրաքաղաքին հարող մարզերի դպրոցականներ էին: Այս տարի արվել էր ամեն ինչ՝ երկրի բոլոր մարզերից մասնակիցներ ընդգրկելու համար»,- ասել է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության կենտրոնի դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը: Շուրջ 1200 աշակերտի մասնակցությունն ապահովելու նպատակով այս տարի օլիմպիադան անցկացվեց 2 փուլով: 1-ին փուլն անցկացվեց Գյումրիում՝ փետրվարի 16-ին: Մասնակից 346 աշակերտների թվում կային ներկայացուցիչներ անգամ Ջավախքից: Իսկ 2-րդ փուլը կայացավ փետրվարի 20-ին՝ ԵՊՀ-ում: Մասնակցում էր շուրջ 850 աշակերտ՝ ավելի քան 100 դպրոցից: Օլիմպիադան անցկացվում էր միաժամանակ 14 առարկաների գծով, ամենաակտիվը անգլերենի մասնակիցներն էին՝ շուրջ 200 աշակերտ: Անգլերենի մասնակիցներից 20-30-ով պակաս էին հայոց լեզու եւ հայոց պատմություն նախընտրածները: Մոտ 30-ական մասնակից էլ գրանցվել էր այս տարի առաջին անգամ անցկացվող «ստեղծագործական միտք» եւ «մարդու իրավունք եւ ժողովրդավարություն» առարկաներից:

Երեկ ամփոփվում էին օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքները: Փակման եւ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ԵՊՀ մեծ դահլիճում: Պաշտոնական արարողությունից հետո ԵՊՀ ֆակուլտետներում կսկսվի «բաց դռների» օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել