Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գողացված» ամրոցի բախտը

Փետրվար 23,2010 00:00

Կամ՝ հուշարձանի ոչ գրագետ վերականգնման հետեւանքները

\"\"\"\"

Տափի բերդ-ամրոցը գտնվում էր Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արեւմտյան եզրին: Այսօր վատ են պահպանվել քաղաքատեղիի կառույցների հետքերը, բլրի վրա էլ դեռ կանգուն է միջնադարյան ամրոցը, որին ժողովուրդը Գեւորգ Մարզպետունի անունն է տվել: Ամրոցը, որ կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է: Այն ունի ճարտարապետական եւ ամրոցաշինական մեծ արժեք ու մինչ օրս այնտեղ վերականգնման աշխատանքներ չէին կատարվել:

Ամրոցի վերականգնման նախագիծը ես ավարտել եմ 2007-ին: Վերականգնման աշխատանքները սկսվել են 2008թ. եւ արդեն ավարտին են մոտենում: Ցավոք, որ շինարարին է հանձնվել իմ նախագծի սխալ ձեւափոխությունը այլ անձի կողմից: Անզեն աչքով էլ երեւում է, որ վերակառուցումը սկսվել է առանց պեղման աշխատանքների արդյունքների: Մասամբ վերակառուցված են ամրոցի պատերը, սակայն շատ թերություններով ու սխալ մոտեցումներով: Խախտված է նորաշար եւ պահպանված պատերի նույնաձեւությունը: Ամրոցի աշտարակները նույնպես վերակառուցվել են ոչ մասնագիտորեն եւ որոշ մասերում չեն պահպանվել նախկին լուծումները: Վերականգնման աշխատանքներ են գնում նաեւ ամրոցի կենտրոնական մասի մատուռ-վանքի վրա:

Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496թ.-ից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»:

Մատուռի հյուսիսային պատի ներսի երեսին պահպանված է ընդարձակ արձանագրություն, որը փորագրված է 1256թ.: Մատուռը իր վիմագիր արձանագրություններով կարեւոր աղբյուր է մարզի պատմության բազմաթիվ հարցերի պարզաբանման համար: Մատուռի շինարարության ընթացքում եւս անտեսվել ու խախտվել են շինության ֆունկցիոնալ հատկություններից որոշները: Զգալի մաս են կազմում նորաշար քարերը, որը եւս պեղման աշխատանքներ չկատարելու արդյունքն է, իսկ արձանագրությունների վերականգնումը կասկած է հարուցում իր ճշտության մեջ:

Ամրոցի այսպիսի սխալ վերականգնումը կարող է խարխլել հուշահամալիրի պատմամշակութային արժեքը, ինչը հավասարազոր է սեփական պատմությունը աղավաղելուն, քանզի շրջապատում հիանալի Ուրծ քաղաքատեղին է, որը ներգրավված է արգելոցի տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել