Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԳՄ նախագահն այցելեց Լոռի

Փետրվար 23,2010 00:00

Օրերս Լոռու մարզային գրադարան էին այցելել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր Արտեմ Հարութունյանը:

«Ըստ ուսումնասիրության՝ մեր բնակչության 70 տոկոսից ավելին քիչ է կարդում,- տարակուսում է Լ. Անանյանը,- ընթերցանության ճգնաժամ կա. միայն 2009 թվականին լույս է տեսել 2500 անուն գիրք, սակայն, տպաքանակի քչության պատճառով, գիրքը հաճախ ընթերցողին չի հասնում»: Համացանցի վատ ազդեցությունների մասին էլ Լ. Անանյանն ասաց. «Ինտերնետը միայն թերություններ չէ, որ ունի. այնտեղ լավ բաներ էլ կան, մենք պիտի կարողանանք համացանցը դարձնել գրքի բարեկամը»: Բարեբախտաբար, միայն տարակուսելի երեւույթներ չէ, որ կան: ՀԳՄ նախագահի խոսքով՝ «Հայոց տպագրության՝ 2012-ին նշվող 500-ամյակը եւ մի շարք այլ բաներ, հուսանք՝ թույլ կտան, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը ճանաչի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»:

Ա. Հարությունյանն էլ հավելում է. «Շատ հաճելի է ինձ համար լինել Ղարաբաղի տեղանքը հիշեցնող մեր սիրելի Վանաձորում: Այսպիսի դահլիճներում գրողը փորձարկում է գրածը»: Նա մանրամասն պատմեց վերջերս ԱՄՆ-ում կայացած օտարագիր հայ գրողների հանդիպման մասին: Ապա ասմունքողներ Ջիվան Սարգսյանը եւ Իվան Անտոնյանը կարդացին Լ. Անանյանի բանաստեղծություններից, երգիչ Մհեր Մելիքյանը եւ Վանաձորի արվեստի պետական քոլեջի դասախոս Արմինե Վիրաբյանը ներկաներին պարգեւեցին իրենց կատարումները: Եղան այլ կատարումներ եւս:

Լ. Անանյանը Լեզվի պետական տեսչության կողմից ՀԳՄ անդամներ, գրականագետ Մելս Սանթոյանին, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանին եւ բանաստեղծ Սերո Անտոնյանին հանձնեց «Հայոց լեզվի զարգացման, գրքի տարածման եւ պրոպագանդման գործում ունեցած մեծ ավանդի եւ Մայրենիի միջազգային օրվա առթիվ» պատվոգիր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել