Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿՈՂՔԻՆ ԱՊԱՀՈՎ Է

Փետրվար 23,2010 00:00

Փետրվարի 23-ի տոնի կապակցությամբ մարզաշխարհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բնութագրում են հայ տղամարդկանց՝ իրենց բոլոր թերություններով:

Չնայած արդեն 18 տարի է՝ անկած Հայաստանն ունի իր սեփական բանակը, եւ հունվարի 28-ն էլ արդեն «հիմնավորվել է» մեր բոլորի տոնացույցում, սակայն քիչ չեն մարդիկ, ովքեր իներցիայով շարունակում են փետրվարի 23-ին շնորհավորել տղամարդկանց՝ «տղամարդկանց տոնի» առիթով, մոռանալով, որ այդ օրն ընդամենը Կարմիր բանակի օրն է՝ վաղուց անցած էտապ գոնե հայերիս կյանքում…

Սակայն, եթե առիթ կա սիրելի տղամարդկանց շնորհավորելու, գեղեցիկ բառեր ասելու, ապա ի՞նչ կարեւոր է, թե դա ինչի կապակցությամբ է: Եվ քանի՜ տղամարդ այսօր նվերներ ու շնորհավորանքներ կստանա սիրելիից, հարազատից, մոռանալով, որ սա ո՛չ տղամարդկանց օրն է, ոչ էլ, առավել եւս, կարմիր շրջանակի մեջ առնված օր:

«Առավոտը», չառանձնացնելով հայ տղամարդկանց եւ չմերժելով նրանց եւս մեկ անգամ մեծարվելու եւ շնորհավորանքների տարափ ընդունելու արժանիքները, սպորտի բնագավառի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից հետաքրքրվեց հայ տղամարդու կերպարի, բնավորության, հոգեբանության, նրանց սեքսուալության, առավելությունների եւ թերությունների մասին, այդպիսով եւս մեկ անգամ տղամարդկանց հնարավորություն տալով զգալու կանանց ուշադրությունն ու նրանց կողմից սիրված լինելը:

Ըստ միջազգային գրոսմայստեր Նելլի Աղինյանի, հայ տղամարդիկ յուրահատուկ են եւ ամեն ինչով տարբերվում են մյուսներից: Դրանով էլ ստիպում են հայուհիներին մինչեւ ականջները սիրահարվել իրենց. «Նրանց մտածելակերպը, վարքը, դիրքը, ամեն ինչը հայկական է, հային բնորոշ ու կնոջը՝ հաճելի»:

Նելլիի համար հայ տղամարդիկ դրական կերպար են: Որպես թերություն նշեց. «Ունեն սեփականատիրական հակումներ, կնոջը վերաբերվում են՝ ինչպես իրենց սեփականությանը: Սա բնորոշ է մեր հայ տղամարդկանց, բայց նշեմ, որ շատ աղջիկների դա անգամ դուր է գալիս: Եվ այն թերություն համարել, թերեւս, սխալ կլինի»: Իսկ սեքսուալության մասին էլ ասաց. «Իսկապես, որ նրանք շատ սեքսուալ են, ի տարբերություն ռուսների, ամերիկացիների»:

Շախմատի միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը նշում է, որ հայ տղամարդիկ ավելի շատ առավելություններ ունեն, քան թերություններ: Սիրանուշը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ կդժվարանար մարզիկ ամուսնու հետ կյանք կիսել. «Լինելով այդ ոլորտում, հաճախակի եմ առնչվում սպորտսմենների հետ. միշտ լարվածության մեջ են: Սա այնպիսի հարց է, որ քեզանից շատ բան կախված չէ, եւ ինքդ չես որոշողը՝ ամուսինդ սպորստմեն լինի, թե, ասենք, բիզնեսմեն: Ամեն դեպքում, հայ տղամարդու կողքին յուրաքանչյուր կին, լինի հայուհի, թե անգլուհի, երջանիկ կլինի, քանի որ մեր հայ տղամարդիկ գիտեն ինչպես երջանկացնել կնոջը»:

Սիրանուշը այնուամենայնիվ գտավ մի թերություն մեր տղամարդկանց մեջ. «Նրանք այնքան էլ ուշադիր չեն կին արարածի նկատմամբ այնպես, ինչպես կլինեին օտարազգիները»:

Իսկ սեքսուալության առումով նկատեց, որ յուրաքանչյուր ազգի համար իրենց ազգի տղամարդիկ սեքսուալ են եւ գրավիչ:

Գրոսմայստեր, Հայաստանի կրկնակի չեմպիոն Լիլիթ Գալոյանը ամուսնացել է հայ տղամարդու հետ եւ, ինչպես \"\"ինքն է ասում, իր համար կարեւոր է եղել կողքին հայի տեսնելը. «Հայ տղամարդու կողքին լինելը հավասար է մեծ հովանու տակ կանգնելուն: Միշտ իմ իդեալին պատկերացնելիս առաջին հերթին նրանում կարեւորել եմ հայ լինելը, եւ հետո նոր մնացած բոլոր հայկական բնավորությանը բնորոշ գծեր»:

Բացասական գծերից առանձնացրեց տղամարդկանց՝ կնոջն իշխելու, պարտադրելու, հրամայելու, արգելելու մեծ ցանկությունը, որը կախված է տղամարդու թուլությունից: «Չեմ սիրում նրանց, ովքեր չեն գնահատում կնոջ անհատականությունը, նախընտրում են կնոջը տեսնել միայն խոհանոցում՝ գազօջախի առջեւ ճաշ պատրաստելիս եւ լվացք անելիս: Այդ առումով ես ինձ լիարժեք կին եմ զգում ամուսնուս կողքին, քանի որ նա ինձ որպես անհատականություն է ընդունում՝ չսահմանափակելով ոչինչ»:

Ֆուտբոլի կանանց «Քոլեջ» թիմի դարպասապահ Լուիզա Այվազյանի խոսքով՝ հայ տղամարդիկ բարի են, ինչն \"\"էլ նրանց ամենամեծ ձեռքբերումն է. «Հայ տղամարդկանց մեջ չեմ սիրում մենտալիտետին զոհ գնալու սովորությունը, որը մի տեսակ բնավորություն է դարձել: Օրինակ, շատ տղաներ դեմ են աղջիկների՝ ֆուտբոլով զբաղվելուն, բայց թե ինչո՞ւ, երեւի իրենք էլ չգիտեն: Այսպես մտածում են միայն հայ տղամարդիկ»: Համեմատելով օտարազգիների հետ՝ Լուիզան ասաց, որ հայ տղամարդիկ սովորություն ունեն կանանց նվաստացնել. «Մեր մեջ անհատականություն չեն տեսնում եւ միշտ իրենց բարձր են դասում, իշխում են, դաստիարակում քեզ՝ իրենց հարմար»: Սեքսուալության մասին Լուիզան ասաց. «Այդ որ այդպես վեր-վեր են թռչում, թե իրենք շատ սեքսուալ են կամ անգամ ավելի ցանկալի, քան հայ կանայք, դա իրենց միայն թվում է, սեքսուալություն շատ քիչ տղաներ ունեն, որ տեսնես ու քեզ քաշի…»: Նա նաեւ խոստովանեց, որ ունի ֆուտբոլիստ ընկեր՝ սիրած էակ, ով իրեն ո՛չ ուրիշներից, ո՛չ էլ առավել եւս Լուիզայից չի գերադասում. «Իսկական հայ տղամարդը այդպիսին պետք է լինի»:

Սպորտային լուսանկարիչ Էլիզա Բերբերյանը հայ տղամարդկանց, հատկապես սպորտսմենների մասին հետեւյալ կարծիքն ունի. «Երբ նայում եմ մեր ֆուտբոլիստներին ու ըմբիշներին, հպարտություն եմ զգում: Հայ տղամարդիկ, ի տարբերություն, օրինակ, շատ եվրոպացիների, ավելի ուշադիր են իրենց կանանց նկատմամբ»: Լուսանկարչուհին գտնում է, որ հայ տղամարդիկ թեպետ առնական են, բայց ոչ այնքան սեքսուալ, որովհետեւ նրանց խանգարում են կոմպլեքսները. «Չգիտեմ՝ ինչից են ամաչում, իրենք փակ են ու աղջկան էլ են ստիպում այդպիսին լինել, դրա համար նրանց սեքսուալությունն այնքան էլ չի արտահայտվում»: Էլիզան խորհուրդ է տալիս հայ տղաներին՝ ազատվել անհիմն ստերեոտիպերից ու ռաբիսությունից: Հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում ոչ հայ՝ այլազգի ամուսին ունենալուն. «Եթե միմյանց սիրում են, ազգը, կրոնը խոչընդոտ չպիտի լինեն: Օրինակ՝ արտասահմանցի կինն էլ կարող է շատ լավ կին լինել, ավելի լավը, քան նույն հայուհին»: Վերջում էլ հավելեց, որ իր երկրորդ կեսը սփյուռքահայ է:

\"\"Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի համար տղամարդը պետք է լինի չափից դուրս պատասխանատու, պարտքի մեծ զգացումով, աշխատասեր, «թասիբով» ու ջենտլմեն. «Հայ տղամարդը կոպիտ պետք է լինի, բայց մեր հայ տղաներից շատերը կոպտությունը հաճախ շփոթում են ուրիշ բանի հետ… կնոջ վրա ձեռք բարձրացնել եւ այլն, դա չեմ ընդունում»: Իսկ թե ո՞րն է նրա տղամարդու իդեալը՝ «Տղամարդը կնոջ, սիրած էակի համար ամեն ինչի պետք է պատրաստ լինի, որ իմ կողքին հայտնվի: Լավ է, որ տղամարդը լինի տաքարյուն, որպեսզի կինն ինչքան էլ ուժեղ լինի, տղամարդու կողքին պաշտպանված զգա: Չեմ սիրում ու ատում եմ այն տղամարդկանց, ովքեր կնոջ ուժից վախենում են. չգիտես ինչու՝ ուժեղ կանանց իրենցից ուժեղ են համարում»: Նազիկ Ավդալյանը չի կարեւորում ամուսնու հայ լինելը, բայց իր ընտրյալը, բարեբախտաբար, հայ է: Իսկ թե ինչպես է իր ընտրյալը վերաբերվում ծանրամարտին, մեր զրուցակիցն ասաց. «Նորմալ. իհարկե, չէր ուզենա, որ պարապեի, բայց արդեն հասկանում է, որ դեռահաս աղջիկ չեմ, այլ՝ ձեւավորված անհատականություն, ինձ թվում է, ինքը թույլ չի տա իրեն՝ այս պահին արգելել ինձ զբաղվել ծանրամարտով»:

Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի կարծիքը հայ տղամարդկանց մասին \"\"դրական էր: «Շատ եմ սիրում հայ տղաներին: Նրանց մեջ գնահատում եմ հայերին բնորոշ առատաձեռնությունը, շատ քիչ հայ տղամարդ եմ հանդիպել, որ առատաձեռն չի: Մերոնք շատ ջիգյարով են ու պատվախնդիր, օրինակ, երբ գնում ենք մրցումների եւ իմ կողքին տղամարդիկ են, շատ վստահ եմ զգում ինձ, ասես՝ թիկունք լինեն: 2 տարի առաջ մրցումների ժամանակ Նալչիկի հյուրանոցում, որտեղ ես մնում էի՝ մի հայ կար: Երբ նա իմացել էր՝ մենակ ես էի մրցաշարի մասնակից հայ, այնքան ոգեւորված էր խաղովս, որ նույնիսկ հյուրանոցի ամբողջ գումարը, որը քիչ չէր, ամբողջությամբ վճարել էր: Հյուրանոցի աշխատակիցները զարմացել էին, ասում էին՝ մենակ հայն այդպիսի բան կանի»:

\"\"«Հատիսի» բասկետբոլիստուհի Անի Պետրոսյանին փողոցում հայ տղաների թողած բազմաթիվ ռեպլիկներն են նյարդայնացնում\"\": Նա համամիտ չէր, որ հայ տղամարդիկ ավելի տաքարյուն ու սեքսուալ են, քան այլազգիները. «Չեմ կարծում, որ հայերն իսպանացիներից տաքարյուն կամ սեքսուալ կարող են լինել»:

Իսկ հատիսցի Տաթեւիկ Ալեքսանյանը, համեմատելով հայ տղամարդկանց եվրոպացիների հետ, ասաց, որ նրանք ամեն ինչ անում են ընտանիքի բարեկեցության համար. «Չեմ ընդունում այն տղաներին, որոնք ապրում են միայն ինտերնետային կյանքով: Անտանելի են բամբասկոտ տղաները: Չեմ սիրում, երբ ռեպլիկներ են շպրտում՝ հատկապես բարձրահասակ աղջիկների ետեւից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել