Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեղ, որը լսում են

Փետրվար 23,2010 00:00

Այն, որ երաժշտությունը կարող է փոխել մարդու հոգեկան եւ ֆիզիկական վիճակը, դեռ գիտեին շատ վաղուց՝ Հին Հունաստանում, Հռոմում, Արեւելքի երկրներում:

Ռուս հայտնի ֆիզիոլոգ Թարխանովը, դեռ 19-րդ դարի վերջին ուսումնասիրելով երաժշտության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, իր յուրահատուկ փորձերով ապացուցեց, որ հաճելի մեղեդին դանդաղեցնում է զարկերակի աշխատանքը, ուժեղացնում սրտամկանի կծկողականությունը, նորմալացնում է արյան ճնշումը, լայնացնում է արյան անոթները: Իսկ նյարդայնացնող երաժշտությունը տալիս է հակառակ արդյունքը:

Երաժշտությունը, որը լսվում է հաճույքով, խթանում է մարսողական հյութերի արտազատումը, բարձրացնում է ախորժակը: Եվ իզուր չէ, որ ռեստորաններում եւ բարերում նվագում են երաժիշտներ: Տարբեր է նաեւ երաժշտական գործիքների ազդեցությունը:

Օրինակ՝ կլառնետը ազդում է հիմնականում արյան շրջանառության վրա, ջութակը, դաշնամուրը եւ առավել եւս ֆլեյտան ունեն հանգստացնող հատկություն ու ազդեցություն:

Ճապոնիայում երաժշտությունը դարձել է ծննդօգնության էլեմենտներից մեկը: Հղի կանայք լսում են որոշակի մեղեդի: «Լսում» է նաեւ երեխան (իսկ որ պտուղն ընկալում է ձայները, ապացուցված է): Այդ նույն երաժշտությամբ է ուղեկցվում նաեւ ծննդաբերությունը: Այս դեպքում մեծ մասամբ բարդությունները պակասում են, իսկ նորածինները լույս աշխարհ են գալիս ավելի հանգիստ: Այսպիսի ազդեցություն ունի Մոցարտի դաշնամուրային կոնցերտը: Ամենից մեծ արդյունքը երաժշտությունը տալիս է նյարդահոգեկան հիվանդությունների բուժման ու կանխարգելման ժամանակ:

Մյունխենի համալսարանի կլինիկայի բժիշկները ստամոքսի խոցի բուժման ընթացքում հիվանդներին առաջարկում էին լսել Բեթհովենի եւ Մոցարտի ստեղծագործությունները: Երաժշտությունն օգտագործում են ատամնաբուժությունում՝ տեղային անզգայացման ժամանակ: Ամերիկայի հայտնի սեռաբան Կինզիի հետազոտությունները ցույց են տվել, որ «երաժշտությունը» իր տեղն է գտել նաեւ սեռական խանգարումների բուժման ժամանակ: Կինզին նշում էր, որ կրթական բարձր մակարդակ ունեցող տղամարդկանց վրա խթանիչ ազդեցություն է թողնում դասական երաժշտությունը, իսկ քիչ կրթական մակարդակ ունեցողների վրա՝ թեթեւ, հանրամատչելի երաժշտությունը:

Կանանց վրա առավել ազդեցություն է թողնում դասական երաժշտությունը: Ուժեղ էրոտիկ ազդեցություն ունի ռոք երաժշտությունը: Երաժշտությունը կարող է մարդուն թուլացնել եւ ակտիվացնել, թեթեւացնել վիշտը եւ կրկնապատկել ուրախությունը: Ցավոք, նաեւ դարձնել լարված, ագրեսիվ:

Երաժշտությունը թեթեւացնում է մեր հոգու ծանրությունը, տալիս ուժ, հույս, օգնում ապրելուն եւ ստեղծագործելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել