Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՐՈՊԵ ԱՌԱՋ

Փետրվար 24,2010 00:00

Սակայն ԱԺ երեկվա քննարկումը եւս մի ապացույց դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը չունի նման ցանկություն՝ հնարավորություն տալու վերականգնել «Ա1+»-ի խախտված իրավունքները:

\"\"

Ազգային ժողովը երեկ քննարկեց «Ժառանգություն» խմբակցության կողմից դեռ անցած նստաշրջանում արտահերթ համարված նախագիծը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Հեղինակներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը 2009 թ. փետրվարի 17-ին շրջանառության մեջ դրված այդ նախագծով առաջարկել էին ուժը կորցրած ճանաչել 2008-ի սեպտեմբերին ընդունված այն փոփոխությունը, որով սահմանվեց. «Մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում»:

Բացասական եզրակացությունների արժանացած եւ այսքան ուշացումով քառօրյայի օրակարգում ընդգրկված այս նախաձեռնության քննարկումը կարող է համարվել ժամանակավրեպ՝ հաշվի առնելով, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը վերջերս «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ հունիսի 20-ից հետո մրցույթ հայտարարվելու է: Սակայն քննարկումը կարեւոր էր որպես յուրօրինակ ամփոփում, թե արդյոք արդարացվա՞ծ էր այն քայլը, որը 2008-ին իրականացրեց խորհրդարանը՝ թվայնացման գործընթացի անցնելու պատրվակով արգելելով մրցույթները: «Անցած 2 տարիները ցույց տվեցին, որ այդ օրենքը ընդամենը միայն մեկ միտում ուներ՝ հերթական անգամ հնարավորություն չտալ «Ա1+»-ին վերադառնալ եթեր»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Անահիտ Բախշյանը: Նշեց, թե անգամ խոստացվածից բավական ուշ ընդունված հայեցակարգում ոչ մի ժամանակացույց չկա թվայնացման անցնելու գործընթացի վերաբերյալ, նաեւ անհայտ են ֆինանսավորման աղբյուրները. «Եզրակացությունը հետեւյալն է. 2 տարի առաջ ընդունված օրենքը թվայնացման գործընթաց էր կանխատեսում, բայց այդ գործընթացը մինչ օրս եթե կա, ապա միայն թղթի վրա է»:

Կառավարության բացասական եզրակացությունը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը սա անվանեց հին հարց. «Փոխանակ նման ընդհանրական քննարկումներ նորից ունենանք եւ հին պատմությունները վերհանեք՝ լավ էր, որ տեխնիկական եւ առարկայական առաջարկներ ներկայացնեիք, թե ինչպես կարելի է այս գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել»: Ըստ այդմ՝ ակնկալում էր, որ պատգամավորները պիտի անեն այն աշխատանքը, որին կոչված է իր ղեկավարած միջգերատեսչական հանձնաժողովը: Ավելի՛ն, Ներսես Երիցյանի խոսքում նաեւ անթաքույց կշտամբանք կար ընդդիմախոսների հասցեին, որոնց քայլերին վերագրվեց թվայնացման հայեցակարգը 1,5 տարի անց ընդունելու պատասխանատվությունը. «Օրենքի ընդունումից հետո այնպիսի՜ դռներ թակվեցին, այնպիսի՜ հարցադրումներ արվեցին, որ մենք ստիպված էինք միայն 7-8 ամիս փորձագետներ ներգրավել եւ ապացուցել, թե այդ քայլը, որ մենք արել ենք՝ խելամիտ է եւ բխում է մեր զարգացման հեռանկարներից: Եվ դա տեխնիկական լուծում է՝ ոչ թե քաղաքական»:

Էկոնոմիկայի նախարարը նաեւ բացահայտումներ արեց, որից պարզ դարձավ, թե կառավարությունն ինչպես է մտադիր ճգնաժամի պայմաններում իրականացնել թվայնացման ծախսատար գործընթացը: Ըստ այդմ՝ ցանկանում են պետական ռեսուրս հանդիսացող հաճախությունները պայմանագրով հանձնել արդյունավետ կառավարման: Ի դեպ, պարզվեց, որ թվայնացման գործընթացը լավ առիթ է կառավարական «զբոսաշրջությունը» խթանելու համար. «Կա հրավեր՝ 4-5 հոգու, աշխատանքային տեխնիկական խումբը այցելելու է Իտալիա՝ տեղում ուսումնասիրելու, հասկանալու խնդիրները: Եվ չի բացառվում, որ մենք ստանանք նաեւ որոշակի բիզնես-առաջարկ համակարգը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու իմաստով»: Մյուս աշխատանքային խումբն իրավականն է, որն, ինչպես արդեն հաղորդել ենք՝ գլխավորում է Կարեն Անդրեասյանը: Ըստ նախարարի՝ խումբը մի նախագիծ է մշակել, որ «մինչեւ մայիս կբերվի վերջնական տեսքի եւ կքննարկվի»:

Անահիտ Բախշյանը հիշեցրեց նախարարի համանման խոստումներից մեկը. թվայնացման գործընթացի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում նա հայտարարել էր, թե 2010 թվականի առաջին եռամսյակում Համաշխարհային բանկի կողմից ներդրում կլինի. «Կա՞ այդ ներդրումը, որքա՞ն է»: Ներսես Երիցյանը պարզաբանեց. «ՀԲ ծրագիրն ընթանում է. դա ընդհանուր՝ էլեկտրոնային հասարակության ձեւավորման հետ կապված ծրագրին է վերաբերում: Բայց նաեւ 1-2 միջպետական աղբյուր ունենք, որի մասին չեմ ուզում հրապարակել՝ ուղղակի աշխատում ենք այդ կառավարության հետ»:

Եթե նոր հանրապետական Ներսես Երիցյանի հետ «Ժառանգության» բանավեճը բավական քաղաքակիրթ ընթացավ, նույնը չի կարելի ասել նաեւ հին հանրապետականների մասին: Վերջիններիս զայրացրին «Ժառանգության» պատգամավորների ելույթները: Մասնավորապես Արմեն Մարտիրոսյանը պնդեց. «Սա արդարության վերականգնման խնդիր է, իսկ արդարությունը րոպե առաջ պիտի վերականգնվի»: Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց. «Իշխանությունն ազատ խոսքից վախենում է: Իշխանությունը բազմակարծությունից վախենում է: Եվ «Ա1+»-ի չափ մի փոքրիկ ընկերությունից տարիներ շարունակ մահու չափ վախենում է»: Նրա ամեն մի նախադասությանը ՀՀԿ պատգամավորները տեղերից արձագանքում էին ռեպլիկներով՝ «Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ: Մի սրա՜ն տեսեք»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը շարունակում էր, թե այս նախաձեռնությունն արտահերթ քննարկելու հարց արծարծելով՝ մի ցանկություն ունեին, որ կառավարությունը գոնե հայտարարեր, թե «այո՛, ինքը խնդիրը դիտարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճռի կատարման ներքո», նաեւ, որ հնչեր հավաստիացում, թե «նոր մրցույթներում, տարբեր ձեռնածությունների միջոցով, հեռուստաընկերություններ տնօրինող ընտանիք-կլանները նորից չեն տիրապետելու բոլոր հաճախություններին: Բավակա՛ն է, վերջ է պետք տալ այս իրավիճակին»:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցած Արտակ Զաքարյանը «Ժառանգությանը» մեղադրեց պոպուլիզմի մեջ. «Դահլիճում պոպուլիզմի չարաշահումը բերեց նրան, որ եւս մեկ անգամ ականատես եղանք վատ բեմականացված գործընթացի»: Հայտնեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախաձեռնությանը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ եզրափակիչ ելույթում նկատեց, թե իրենց գործընկերները պիտի որ շատ լավ հասկանային՝ «Որեւէ շանս չկար այս հարցը դրական հանգրվանի հասցնելու»: Հեռուստաեթերում բազմակարծություն ապահովելու կոչերը նա այսպես մեկնաբանեց. «Ես հասկանում եմ, որ մեր գործընկերները ցանկանում են պարապ ականջի 100 հազարանոց լսարաններ: Եվ այսօր այս 1,5 ժամանոց նիստը, որով մենք փաստորեն նորից անպտուղ քննարկումների դաշտ ենք տեղափոխվել, շատ ավելի արդյունավետ կարող էինք օգտագործել՝ քննարկելով բազմաթիվ այլ հարցեր»:

Անահիտ Բախշյանն իր եզրափակիչ ելույթում ցավ հայտնեց նման որակումների կապակցությամբ. «Եթե ինչ-որ սխալ բան կար մեր տրամաբանության մեջ, թե մրցույթի անցկացումը կասեցնելու օրենքը կանխամտածված էր՝ հերթական անգամ զրկելու «Ա1+»-ին եթեր վերադառնալու հնարավորությունից, ապա կառավարությունը եւ իմ գործընկերներն իրենց ելույթներով հաստատեցին այն, ինչ պահանջվում էր ապացուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել