Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 24,2010 00:00

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՋԱՎԱԽՔԻ

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, «Ֆրանսիա-Ջավախք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մարտի 3-ին, ժամը 17-ին ֆրանսիական Լիոն քաղաքում՝ Euronews հեռուստաընկերության գրասենյակի շենքի մոտ, տեղի կունենա բողոքի ցույց՝ ի պաշտպանություն ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի։

Ցույցի մասնակիցները բողոքելու են ջավախահայերի հանդեպ վրաց իշխանությունների խտրական վերաբերմունքի, դատարանում Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտման, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավունքների խախտումների եւ ոտնահարումների դեմ։

Հիշեցնենք, որ Չախալյանը հասարակական կարգի խախտման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ խուլիգանական արարք կատարելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐ

Փետրվարի լույս 22-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել: Մարդատար ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է ծառին, ամբողջությամբ ջարդվել: Մեքենայի վարորդը վիրավորվել է, իսկ ուղեւորը՝ Իջեւան քաղաքի 27-ամյա բնակիչ Գարիկ Հովհաննիսյանը՝ զոհվել:

Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Առավելագույն պատիժը՝ հինգ տարի ազատազրկում: Իջեւանը «հեղեղված» է ավտոտեսուչներով, սակայն դա վթարների կանխարգելման գործում մեծ օգուտ չի տալիս:

ԽՈՇՈՐ ԿՈՂՈՊՈՒՏ

Փետրվարի 22-ին անհայտ անձը մուտք գործելով Բագրատաշեն գյուղի բնակիչ Արմեն Արշակյանի բնակարան՝ հափշտակել է 50 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Մեր աղբյուրները հայտնում են, որ գողը հավանաբար իմացել է գանձարանի տեղը եւ կարողացել է օգտվել այն հանգամանքից, որ տանտերը կարճ ժամանակով տնից բացակայել է: Գողության դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել