Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիական» խնդիրներ

Փետրվար 24,2010 00:00

Ամփոփում են ազգային օպերային եւ մայր թատրոնների տնօրենները

Երեկ «Հայելի» ակումբում 2009-ը ամփոփեցին եւ այս տարվա ծրագրերի մասին խոսեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը եւ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը: Վերջինս հայտնեց, որ իր ղեկավարած թատրոնը 2008 թ. ՀՀ մշակույթի նախարարության, նաեւ նորաստեղծ գեղարվեստական խորհրդի հաստատած ծրագրերը կարողացել է ավարտին հասցնել միայն 2009-ին, իսկ 2009-ին նախատեսած 4 ներկայացումներից միայն մեկն է պրեմիերայի տեսքով հանձնվել հանդիսատեսի դատին: Ինչ վերաբերում է մնացած 3 ներկայացումներին, ապա Արմեն Մազմանյանի՝ ըստ Տոնինո Գուերայի «Մեղր» գործի պրեմիերան նախատեսված է մարտի 12-ին, երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանի «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման պրեմիերան կլինի ապրիլին, իսկ Տիգրան Գասպարյանի՝ «Բանականության քունը»՝ ըստ Անտոնիո Բուերո Վալիեխոյի, սպասվում է մայիսին:

Հարցին, թե Սունդուկյան թատրոնին օգնելու փոխարեն մի բան էլ խեղդո՞ւմ են, պարոն Դավթյանն արձագանքեց. «Չգիտեմ, թե ով է խեղդում, բայց թատրոնի շենքային պայմաններն իրականում ծայրաստիճան վատ են… Ցանկացածը կարող է ասել, որ վարչական շենքի լուսամուտները մաքուր չեն, բայց դրա պատճառն այն է, որ եթե հավաքարարը փորձի այն բացել, կմնա ձեռքում»: Ինչ վերաբերում է առանց գեղարվեստական ղեկավարի թատրոն ունենալուն, տնօրենը նշեց. «Բոլորն էլ տեսնում են, որ գեղարվեստական ղեկավարն անհրաժեշտ է, որովհետեւ ինքն ունի իր կոնկրետ ֆունկցիաները: Գեղարվեստական ղեկավարի պակաս ինքս էլ զգում եմ, բայց նա պետք է թատրոնում վարի համապատասխան քաղաքականություն, ոչ թե միայն իր բեմադրություններով զբաղվի»: Քաղաքականություն ասելով՝ պարոն Դավթյանը մատնանշեց փառատոների, հյուրախաղերի կազմակերպումը, դերասանական խմբի ստեղծումը, դրանց համալրումը, նոր պիեսների հայթայթումը, խաղացանկի ստեղծումը եւ այլն: Հարց հնչեց՝ այդ դեպքում գեղարվեստական խորհուրդն ինչի՞ համար է: Պատասխանեց. «Գեղարվեստական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որն ամիսը մեկ հավաքվում, ընտրում է պիեսը, խորհուրդը շատ ֆունկցիաներ չի կարող կատարել…»: Հարցին՝ համամի՞տ եք նախարարի կարծիքին, որ գեղարվեստական ղեկավար մինչ օրս չունեք, որովհետեւ դերասանները հարմարվել են իրավիճակին, թատրոնի տնօրենն այսպես պատասխանեց. «Նման բան առաջին անգամ եմ լսում»: Արմեն Էլբակյանի թեկնածության մասին էլ հետեւյալն ասաց. «Մի բան պարզ է՝ Արմեն Էլբակյանը «Մուսա լեռան 40 օրը» բեմադրության 6-ամսյա աշխատանքի ընթացքում ապացուցեց, որ հեշտ է աշխատում կոլեկտիվի հետ»:

Ազգային օպերային թատրոնի տնօրենի համոզմամբ, 2009-ը օպերային թատրոնի համար արդյունավետ է եղել: Հաջողություններից նա հատկապես նշեց Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը ու նրա բեմադրող բալետմայստեր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յու. Գրիգորովիչի հետ շփումը: Օպերային թատրոնի թատերաշրջանն ավարտվել է Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի պրեմիերայով (բեմադրող ռեժիսոր՝ Ի. Գաչեչիլաձե), իսկ մարտի 7-ին հանրապետության առաջին տիկինը հրավիրում է կանանց՝ «Սպարտակ» բալետի բեմադրությանը: Այս տարվա ծրագրերում է նաեւ Վերդիի «Աիդան»: Լրագրողների մտահոգությանը, թե օպերային բեմում, օրինակ, ռաբիսի երեկոներ չպիտի՛ լինեն, Կ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Արդեն 2 տարի է՝ մեր բեմում այդպիսի միջոցառումներ չեն լինում: Բայց եթե լինում էլ է, լավ օրից չէ»: Նա գտնում է, որ նախեւառաջ պետք է հասարակությանը ցույց տալ, թե որն է բարձրարժեքը. «20 կամ 25 տարի առաջ որեւէ ռեստորանի երգիչ չէր կարող մտքով անցկացնել՝ կլիպ հանել ու օպերայինի կամ ֆիլհարմոնիկի բեմից ելույթ ունենալ: Սա նաեւ ձեր մեղքն է, հասարակությունը թող էլի սիրի ռաբիսը, էստրադան կամ ջազը, բայց մարդիկ պիտի գնահատեն նաեւ բարձր արվեստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել