Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքերին չեն հավատում

Փետրվար 24,2010 00:00

Դատարանը գտնում է, որ Սարյանի եւ «ՄԱՊ»-ի պիտակներում պատկերված նկարները միանգամայն տարբեր են:

Շուրջ 3 տարի է՝ հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգները դատական ատյաններում չեն կարողանում ապացուցել, որ «ՄԱՊ» ընկերությունն իր արտադրանքի պիտակների համար օգտագործում է Մ. Սարյանի մի քանի ստեղծագործությունները: Նկատենք, որ Սարյանի հայտնի՝ 1928 թվականին ստեղծած «Աշնանային մառախլապատ օր», 1958 թվականի՝ «Երեկո: Արարատ» եւ 1923-ին ստեղծած «Հայաստան» գործերը, առանց Սարյանների համաձայնության, «զարդարում» են «ՄԱՊ»-ի տարբեր հնեցվածության եւ տարողունակության՝ «Արմավիր» եւ «Արմինա» անվամբ կոնյակները:

Սարյան ընտանիքի շահերի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի մեկնաբանմամբ, առանց Սարյանների համապատասխան թույլտվության, «ՄԱՊ» ընկերության կողմից Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների օգտագործումը «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի համաձայն, Սարյանների հեղինակային իրավունքների խախտում է:

Նշենք, որ «Սարյաններն ընդդեմ «ՄԱՊ»-ի» գործը լսվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի, ապա Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարաններում: Սակայն դատական երկու ատյաններում էլ գեղանկարչի ժառանգների հայցը մերժվել է՝ պատճառաբանությամբ, թե այն հիմնավորված չէ բավարար ապացույցներով: Սարյանների ներկայացմամբ. «Դատարանը գործը քննելիս թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, եւ որոնց արդյունքում դատարանի կայացրած վճիռն ակնհայտ անհիմն եւ անօրինական է»:

Հայկ Հարությունյանի խոսքերով, դատարանի համար հիմք է հանդիսացել Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձաքննության եզրակացությունը: ՊՈԱԿ-ը եկել է այն եզրակացության, որ կոնյակների պիտակների վրա Սարյանի նկարները չեն պատկերված, այլ գեղանկարչի գործերից ինչ-որ աննշան տարրեր են վերցված: Այսինքն՝ ստացվում է, զարմանալի զուգադիպությամբ, մի անհայտ նկարիչ նույն թվականի նույն օրը, նույն վայրում, նույն ժամին գտնվել է այնտեղ, որտեղ Սարյանն է ստեղծագործելիս եղել: Սակայն նշենք, որ առանց որեւէ փորձաքննության, անզեն աչքով էլ երեւում է, որ գեղանկարչի հայտնի գործերը, որոնց ծանոթ է անգամ դպրոցական երեխան, պարզապես արտատպված են եւ, բացի պիտակների վրա առկա գունային տարբերությունից, այլ տարբերություն գրեթե չկա:

Նշենք, որ «ՄԱՊ» ընկերության սեփականատերը Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է:

Փետրվարի 22-ին վերաքննիչ դատարանում լսվեց եւ հետաձգվեց «Սարյաններն ընդդեմ «ՄԱՊ»-ի» դատական գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել