Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՆ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՃԱՀՃԻՑ

Փետրվար 24,2010 00:00

Եկել է աշխատաոճը փոխելու ժամանակը

\"\"

Բոլոր արվեստների մեջ ամենաբարդը օպերային արվեստն է, ուստի ստեղծել օպերային թատրոն, գործնականում հնարավոր է միայն բոլոր տաղանդավոր, նպատակասլաց, կենսունակ արվեստագետների համագործակցությամբ, որոնց գլխում մշտապես գրանցված է՝ ես ծառայում եմ Մեծ արվեստին։

Մեր օպերային թատրոնի այսօրվա ղեկավարները չհասկացան, որ առանց ինքնամոռաց նվիրման՝ հնարավոր չէ ստեղծել թատրոն, չկարողացան ըմբռնել, որ օպերային թատրոնը զբոսավայր չէ, ոչ էլ նոմենկլատուրային գրասենյակ, այլ՝ այն հանդիսավոր վայրն է, որտեղ վերածնվում են մարդկային Ոգին, Արվեստի Ոգին։

Ղեկավարությունը ոչ միայն չկարողացավ թատրոնը դարձնել դինամիկ, արարչական էներգիայով հագեցած թատրոն, վեր կանգնել գեղարվեստական կյանքի այլանդակություններից, ստեղծագործական երեւակայության շնորհիվ կերտել բարձր արվեստ, ֆանատիկորեն ծառայել գեղարվեստական Ճշմարտությանը, այլ ինքն ամեն ինչ արեց, որպեսզի թատրոնը հայտնվի անդունդի մեջ։

Չկարողանալով յուրացնել բարձր արվ եստ, մայրաքաղաքային թատրոնը իր իսկ ջանքերով դարձավ գավառական թատրոն։ Թատրոնի ղեկավարները, որ իրենց համարում էին իմացական եւ կարող, հիմա, ինը տարի անց, կարծում եմ, հասկանում են, որ դա այդպես չէ։ Իդեալական միրաժը, թե այդ տարիներին թատրոնը գործել է, այսօր, պարզվում է, որ չի էլ կայացել։ Ամենաանբարոյականն այն է, երբ վերցնում ես քո վրա մի պարտականություն, որն ի վիճակի չես իրագործել։ Ուրեմն պետք է համարձակություն ունենալ հայտարարելու, որ չկարողացան աշխատել եւ հրաժարական տան։ Սա կլինի անկեղծ եւ գնահատելի։ Այսօր օպերային թատրոնը հոգեւոր եւ բարոյական ճգնաժամի մեջ է։ Թատրոնի այսօրվա մթնոլորտի բարոյականությունը ոչնչացնում է ճշմարիտ աշխատանքի իմաստն ու այն գեղեցկությունը, որով պետք է ապրի թատրոնի արտիստական կազմը։ Գեղարվեստական խնդիրները վաղուց ջնջված են մեր թատրոնում:

Եվ հիմա, փոխանակ պարզ եւ կարճ ասվի եզրափակիչ խոսքը՝ ղեկավարությանը՝ արխիվ, խոսվում է նրա կատարածի կամ չկատարածի մասին։ Այս ղեկավարությունը սպառել է իրեն եւ ոչ մի «գեղարվեստական» խորհուրդ չի կարող փրկել իրավիճակը, քանզի իրագործողները իրե՛նք ապացուցեցին, որ պիտանի չեն, եւ մեր խնդիրը պետք է լինի՝ նոր ուժով բորբոքել ստեղծագործական ոգու մարող կրակը։ Պետք է քանդել այն անկենդան պատրանքը, թե մենք, իբր, ունենք գործող թատրոն։ Անհրաժեշտ է ցրել այսօր թատրոնում տիրող կեղծ, սուտ իրականությունը եւ հստակ պատկերացնել՝ ինչպիսի օպերային թատրոն է մեզ պետք, ինչ գեղարվեստական ուղղությամբ պետք է գնալ։ Մեր օպերային թատրոնի այսօրվա գեղարվեստական եւ ադմինիստրատիվ ղեկավարությունը չկարողացավ հավաքել, ի մի բերել տաղանդավոր երգչային կազմ, սովորեցնել նրանց, ղեկավարել եւ ուղղել դեպի բարձրագույն նպատակ։ Թե՛ մենակատարների կազմում, թե՛ նվագախմբում եւ երգչախմբում կան շնորհալի, նույնիսկ տաղանդավոր կատարողներ, բայց նրանք կորչում են համընդհանուր քաոսի մեջ։ Ղեկավարությունը չի կարողանում զանազանել, առանձնացնել տաղանդավորներին, աշխատասերներին, քիչ թե շատ գիտելիքներ, ձգտում ունեցողներին, նրանց հնարավորություններին համապատասխան նոր ներկայացումներ բեմադրել։ Հավատալ, թե այս ղեկավարությունը կարող է փոխել իրավիճակը, նշանակում է ընկնել ռոմանտիկ մոլորության մեջ։ Թատրոն հասկացության խորտակումը, անհեթեթ-ընկերական հնարավոր նշանակումները՝ կլինի դա գեղարվեստական ղեկավար կամ տնօրեն, դիրիժոր կամ ռեժիսոր, հերթական աղաղակող նոր սխալներ կատարելը, արվեստի հարցերը լուծել ի շահ, տնավարի, ընկեր-բարեկամ շրջանակներում, այլեւս անթույլատրելի է։

Պետք է թատրոնն անհապաղ հանել «երանելի տգիտության» մեջից, վերականգնել կորած նպատակները։ Մեր օպերային թատրոնը օրեցօր պետք է նորից վերագրավի իր կոչումը։

Երկարատեւ չհամակարգված աշխատանքը բերել է ամբողջ թատերախմբի ճահճացման: Դրանից ազատվելու համար անհրաժեշտ է ազատվել արհեստավորներից եւ ձեւավորել ինտելեկտ ու երեւակայություն ունեցող նոր անձնակազմ՝ նվիրված արտիստներով եւ ադմինիստրացիայով, որոնք կկարողանան ստեղծել Կենդանի, Անհանգիստ, մշտապես Փոփոխվող, Նորացվող թատրոն, ուր իշխում է պրոֆեսիոնալիզմն ու կարգապահությունը, ինչն այսօր բացակայում է թատրոնում։

Իրավիճակն այսօր այնպիսին է, որ ստիպում է հնարավորինս արագ ազատվել «յոլա տանելու» մտքից եւ դա իրականացնողներից։ Անհրաժեշտ է ընդհանրապես ազատվել արվեստի ծովահեններից, ինչպես եւ՝ արվեստի ներքինիներից։ Մեզ պետք չէ նաեւ անպտուղ ինտելիգենտությունը։ Մշակույթի նախարարության, երաժշտասեր հասարակության, պրոֆեսիոնալ արվեստագետների եւ թատրոնում եղած առողջ ուժերի գործունեությունը պետք է ուղղել օպերային թատրոնի հոգեւոր էներգիան, նրա աշխարհը վերականգնելուն։ Անհաշտ պայքար մղել այն չինովնիկների եւ «գործիչների» դեմ, որոնք փորձում են չափել տաղանդավոր արվեստագետներին եւ նրանց գործունեությունը՝ իրենց խմբակային շահերով։ Ընդհանուր ոչ մի բան չի կարող լինել մաքուր եւ գործունյա արվեստագետի եւ թվացյալ «երաժշտական խմբակների» միջեւ։

Հնդկական մի ասացվածք կա. «Վատը դեռ վատ չէ – բոլորին տեսանելի է նրա այլանդակությունը։ Միջակություն. ահա ինչն է վատը, որովհետեւ նրանում են տեսնում նմանությունը լավի հետ»։ Օպերային թատրոնի գործունեությունը եւ նրա փոխհարաբերությունը հանդիսալսողի հետ, վաղուց դարձել է խորը եւ ուժեղ քննադատության, հակակրանքի առարկա։ Բեւեռացնելով գլխավոր հարցը՝ նոր արվեստագետներով օպերային թատրոնը տանել նոր ուղիով, նպատակ ունենք հրավիրել մշակույթի նախարարության (եթե նա հրաժարվի «չեմ լսում, չեմ տեսնում» պահվածքից) եւ այն արվեստագետների ուշադրությունը, որոնք միավորվելով, համակարգված աշխատանքով թատրոնը կբերեն պատշաճ մակարդակի: Օպերային թատրոնի այսօրվա անհավատալի ցածր մակարդակը, աշխատանքային կարգապահության պակասի, խղճուկ ներկայացումների, պահանջների անկման, թույլ ռեժիսուրայի, դիրիժորական թույլ աշխատանքի, անկատար երգեցողության, պատշաճ քանակի փորձերի պակասի հետեւանք է։ Հայտնի ճշմարտություն է, որ ամեն ինչ սկսվում է փորձից։ Ներկայացման որակը կախված է փորձերի որակից, փորձերի որակը՝ արտիստների ինտելեկտուալ օժտվածությունից ու, ամենակարեւորը՝ ստեղծագործական կարգապահությունից։ Թատրոնի այսօրվա ներկայացումները ոչ միայն երաժշտական, այլ նաեւ բարոյական հանցանք են։

Սակավ եւ միշտ նույն (այսօրվա վիճակով՝ ծիծաղելի) երկացանկը, եթե չկա նրա ընդլայնումը, եթե չկան հստակ նպատակներ, մշտական աշխատանքային մեթոդ, կբերի վախճանի։ Մեր թատրոնի աղքատիկ խաղացանկը հիմնված է զգացական, բացարձակ միակողմանիության վրա, որն էլ բերում է, վերջին հաշվով, միօրինակության եւ հոգեւոր աղքատության, պարզունակ աշխարհաճանաչման, աշխարհընկալման։

Լրիվ կերպով դեն են շպրտված ինտելեկտուալ խնդիրները։ Եվ սա մեծ կորուստ է մեզ համար։ Ինչո՞ւ մենք այդպես խույս ենք տալիս ինտելեկտուալ երաժշտությունից։ Ընդհանրապես ինտելեկտ ունեցողներից։ Բայց մենք չենք կարող առաջ գնալ առանց նրա, Ռ. Վագների բնութագրմամբ՝ «գործուն, մղիչ ուժի, որն ունի կարգավորիչ, պտղաբեր ստեղծագործական ընթացք»։ Ինտելեկտից զուրկ արվեստը երբեք չի կարող բավարարել մեզ։

Այսօր, երբ նվազում է հասարակության մեջ հետաքրքրությունը դեպի դասական երաժշտությունը, առավել եւս մեծանում է օպերային թատրոնի դերը։ Մենք պետք է օպերային թատրոնը դարձնենք մեր երաժշտական կյանքի միջնաբերդը։ Մեր թատրոնը պետք է արտահայտի մեր երաժշտական աշխարհի գեղարվեստական կամքը, պետք է դառնա մեր երաժշտական կյանքի խորհրդանիշը։ Պետք է խիզախություն ունենալ եւ դեն նետել այսօր կուտակված ամբողջ «գեղարվեստական» խլամը, հնաոճ աշխատաձեւը, հնացած պատկերացումները եւ վերստեղծել նոր, առողջ, մտածող, նպատակասլաց, մշտապես փնտրող եւ փոփոխվող, հետաքրքիր խաղացանկով թատրոն։

Անհրաժեշտ է, որ մեր թատրոնը լինի որոշակի արժեքների, վարպետության որոշակի մակարդակով, արվեստի մասին որոշակի պատկերացմամբ թատրոն։ Եթե ճիշտ կառուցվի թատրոնի ռազմավարական պլանը, խաղացանկը, եթե ճիշտ եւ արդար բաժանվեն դերերը, եթե աշխատեն բարձր օժտվածության անհատներ, այլ ոչ թե արհեստավորներ, ամեն ինչ կշարժվի առաջ, քանզի արդարության մթնոլորտում եւ օգտակար աշխատանքում բոլորը կաշխատեն մեծ նվիրումով, վերելքով, գիտակցելով իրենց օգտակարությունը երաժշտական Տաճարի կառուցման գործում, հանդիսատեսը չի փախչի, չի խուսափի թատրոնից, որն այժմ զուրկ է որեւէ հմայքից: Հակառակը, նա առիթ կփնտրի միշտ գալ թատրոն, ուր ինքը գտնում է իր գեղարվեստական պահանջների բավարարումը։ Օպերային բեմը անողոք է, եւ եթե ներկայացումը հետաքրքիր չէ, չի պահում լսողին լարվածության մեջ, եթե կեղծ է եւ անհասկանալի, ապա կորցնում է իր երկրպագուին։ Մենք ունենք օպերա սիրող լավ, նույնիսկ շատ լավ հանդիսատես, բայց նրանք, դժբախտաբար, հազվադեպ են գալիս թատրոն, որովհետեւ չեն ստանում իրենց հուզող հարցերի պատասխանը, չեն գտնում գեղեցկություն, ճշմարտացիություն։ Էհ, գան ի՞նչ տեսնեն, ինչպիսի դերասանական խաղ եւ ռեժիսորական հետաքրքիր լուծումներ տեսնեն, ինչպիսի երգչական եւ դիրիժորական մեկնաբանություններ լսեն։ Ներկայացումները պետք է մի կայծ նետեն լսողի հոգու մեջ, շարժեն նրա միտքը։

Չնայած արտիստների ծիծաղելի աշխատավարձին, երաժիշտները ծարավ են, կարոտ են պրոֆեսիոնալ եւ օգտակար աշխատանքի։

Օպերային թատրոնին անհրաժեշտ են գործունեության կիրք ունեցող արվեստագետներ, որոնց մեջ չի մարել արարելու սրբազան կրակը։ Անհա՛տը՝ իր բարոյափիլիսոփայական չափանիշով, իր ինտելեկտուալ եւ հոգեւոր կերտվածքով, ներշնչված գործունեությամբ, իմացականության մեծ աշխարհով, երկաթյա կարգապահությամբ, միայն նա՛ կարող է փոխել իրավիճակը թատրոնում, գեղարվեստորեն անհնարինը դարձնել գեղարվեստորեն անհրաժեշտ։ Ղեկավարի՝ լինի տնօրեն, դիրիժոր կամ ռեժիսոր, նշանակալիությունը, արժեքը, կախված է իր տաղանդի չափից եւ իր գործունեության օգտակար գործողության գործակցից։ Պ. Բրուկն ասում էր. «Արվեստագետը երբեք չպետք է կանգ առնի իր պրոֆեսիոնալ զարգացման մեջ, որը նշանակում է կանգ չառնել իր մարդկային զարգացման մեջ»։ Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ այսօրվա անկենդան, մեռած թատրոնի տեղում վեր խոյանա Ծաղկող թատրոնը։

Մեր օպերային թատրոնի ճակատին կամ նրա տարեգրության տիտղոսաթերթի վրա պետք է գրվի լատինական հետեւյալ ֆրազը. «Ստեղծեցին անցողիկները, որպեսզի դու՛ դառնաս հավերժական»: Չեմ կարծում, թե այս նվիրական, սրբազան զգացողությունն ու գիտակցությունը, անմնացորդ սերը դեպի թատրոնը ունեն այսօրվա ղեկավարները։

Գյոթեի պատանեկության ընկերը՝ Յոհան Հայնրիխ Մերքը, հիանալի է ձեւակերպել, թե ինչպիսին պետք է լինի Գյոթեի դերն ընդհանրապես։ Նա ասել է. «Քո ձգտումը, քո երանելի նպատակը պետք է լինի վերստեղծել իրականությունը բանաստեղծական կերպարում…»։ Մենք ասում ենք. օպերային թատրոնի ձգտումը, նրա երանելի նպատակը պետք է լինի վերստեղծել ողջ հոգեւոր աշխարհը իրական կերպարում…։

Բեթհովենը մի հրաշալի ձեւակերպում է տվել. «Արվեստը կենդանի Աստված է։ Այդ հրաշալի նվերը տրվել է ոչ նրա համար, որպեսզի իջեցնել նրան մինչեւ սովորական մարդկանց մակարդակ, այլ նրա համար, որպեսզի մարդկանց բարձրացնել նրա մակարդակին»։ Օպերային թատրոնը, օպերան նույնպես Արվեստ է։

Մեր վատն այն է, որ մենք՝ երաժիշտներս, իրար շատ լավ ճանաչում ենք եւ տառապում ենք կեղծավոր պահվածքով, որն էլ թույլ չի տալիս ազատ արտահայտվել։ Մեր հարաբերությունները առողջ չեն։ Եվ այս պատճառով մեր արվեստը խարխափում է տարբեր խմբակների մթնոլորտում։ Չենք կարողանում օգտաբեր, արդյունավետ քննադատել եւ պայքար մղել կեղծ, միջակ, թվացյալ արվեստի դեմ, կյանքում պահպանելով լավ մարդկային հարաբերություններ։

Ռ. Շտրաուսի «Կապրիչչո» օպերայում թատրոնի դիրեկտոր Լա Ռոշը այսպես է բնորոշում օպերայի ապագան. «Նոր մարդկանցով եմ բեմը լցնել ես ուզում…/ Նոր օրենքներ, նոր բովանդակություն բերեք թատրոն։/ Այնպես ստեղծագործեք, որ ես համոզվեմ, / Որ նոր կյանք դուք ընդունակ եք թատրոնին ներշնչել»։

Մենք կցանկանայինք, որ մշակույթի նախարարությունը այս խոսքերն ասեր բարձրաձայն եւ անմիջապես այն իրականություն դարձներ։

Բրուկը, վերլուծելով Ս. Բեքետի պիեսները, ասում է։ «Նրա անողոք «ոչը», «այո» ասելու կարոտից է»։

Եթե այսօր մենք մեր օպերային թատրոնին ասում ենք «ոչ», դա «այո» ասելու կարոտից է։

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել