Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՊԱՏ՝ ԿԱԶԻՆՈՅԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 25,2010 00:00

\"\"Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի՝ «կազինոները լավ են պետական գործառույթները ավելի լայն ընդգրկումով իրականացնելու համար»:

Ազգային ժողովը երեկ քննարկեց կազինոների մասին օրենքը: Քննարկումների ժամանակ պատգամավորները առաջարկում էին Հայաստանում մի անապատ «բացել» եւ այդտեղ տեղափոխել բոլոր կազինոները, ուրիշներն առաջարկում էին կազինոները կառուցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում, որպեսզի գոնե կազինոների հաշվին դրանք շենացվեն: Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանը 65 կողմ, 30 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Շահումներով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդ օրինագծի՝ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը խաղատուն կամ կազինո կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս՝ զբոսաշրջության վայրերում, այս դեպքում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում եւ Սեւանում, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, իսկ կառավարության կողմից հավանության արժանացած 37 միլիարդ դրամ ներդրումի դեպքում՝ կառավարության կողմից սահմանված վայրերում նույնպես:
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ մեր հասարակության մեջ կա որոշակի լուրջ շերտ, որը շահագրգռված է կազինոներով եւ «կարողանում է ու ցանկանում է այդ տեղերում լինել: Հնարավոր է նաեւ ընդհանրապես դա արգելել, բայց բոլոր դեպքերում, եթե դրանք տեղադրվեն մի տեղամասում, որտեղ առանց կարգը խախտելու, առանց հասարակությանը վնասելու եւ նեղություն տալու հնարավոր է դառնում այդ տեղամասերից երկրի բյուջեում որոշակի գումարներ հավաքել (իսկ այդ տեղերից մենք քիչ գումար չենք ստանում), դա լավ է դառնում՝ ընդհանրապես պետական գործառույթները ավելի լայն ընդգրկումով իրականացնելու համար»:
 Ըստ Վարդան Բոստանջյանի՝ օրենքը ունի որոշակի սահմանափակումներ, բայց քանի որ այս պատգամավորն, իր ասելով, չի օգտվում «այդ տեղամասերից», համարում է, որ ճիշտ չի լինի իր կողմից գնահատել «այդ պրոցեսը»: Կազինոներ չհաճախող Վարդան Բոստանջյանը «առաջին հերթին մտածում է պետական բյուջեի մասին, որը այդ կազինոների գործունեությունից փող է ստանում: Եվ այդ երեք տարածքները հաճախող մարդկանց թիվը շատ է, եւ նաեւ դա է պատճառը, որ այդ հարցերը հենց այս երեք քաղաքներում են կազմակերպվել: Իհարկե, կարելի էր նաեւ սահմանամերձ բնակավայրերում կառուցել, բայց դրանով տվյալ բիզնեսը կարող էր վնասվել, վտանգվել»:
Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է իր մի շարք առաջարկները տնտեսության վիճակի բարելավման ուղղությամբ, որոնց մասին Վարդան Բոստանջյանն ունի իր կարծիքը. «Ես չէի ուզի հատկապես ցուցադրաբար նշել՝ դա Կոնգրեսն է ասում, քաղաքական մեկ այլ ուժ է ասում, կամ ընդհանրապես քաղաքացին է ասում, բոլոր դեպքերում ճիշտ դրվածքները, ճիշտ սցենարները ընդհանրապես ինձ համար ընդունելի են:
Ճիշտ ասելով՝ ես նկատի ունեմ այն առաջարկները, որոնք ընդհանրապես պաշտպանում են մեր հասարակության, մեր պետության շահերը: Իսկ ձեր նշած առաջարկություններում բավականաչափ շատ են այնպիսի մոտեցումները, որոնք իսկապես մեր երկիրը ավելի կուժեղացնեն, ավելի կզորացնեն»: Մեր հարցին՝ պատգամավորի կարծիքով, այսօր գործող կառավարությունը հաշվի կառնի՞ այդ առաջարկները, Վարդան Բոստանջյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե: Դուք չեք նկատում կամ հակված չեք նկատելու, որ մեր կառավարության զանազան քայլերի մեջ կան այնպիսիները, որոնք նախօրոք հնչել են ամենատարբեր տեղերից, եւ եկեք չմտածենք, որ այդպես հանկարծակի կառավարությունը մտածում է, որ եթե մենք չենք առաջարկողը, ուրեմն ընդունելի չէ. այդպես չի»:
Օրերս էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ մեր երկիրը արդեն դուրս է գալիս տնտեսական ճգնաժամի փուլից, եւ ազդարարեց ճգնաժամային փուլի ավարտը: Մյուս կողմից՝ գազի գինը բարձրանում է, զուգահեռ՝ այլ ապրանքների գներ՝ նույնպես: Տնտեսագետ-պատգամավորի կարծիքով՝ գազի գնի թանկացումը ոչ մի սոցիալական ցնցում էլ չի առաջացնի, եւ մեր հասարակության անդամները փողոց դուրս չեն գա գների բարձրացման դեմ պայքարելու. «Ընդհանրապես ես մտածում էի, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը ամբողջ մոլորակի մասշտաբով արհեստածին, բստրածին երեւույթ էր, խոշոր գեոկառավարողներն ամենայն հավանականությամբ պետք էր նման բան անեին եւ արեցին: Եվ դրա (նկատի ունի ֆինանսատնտեսական ճգնաժամը- Մ. Ե.) սկսվելը, ինչպես նաեւ ավարտվելը շատ հարաբերական է: Կարծում եմ՝ Հայաստանում ոչ սկսվելու պարագայում արտակարգ մտահոգություն եղավ եւ ոչ էլ ավարտվելու կապակցությամբ, գուցե պատճառն այն է, որ մենք դեռեւս չենք տիրապետում այն գործիքներին, որոնցով կարողանայինք չափագրում անցկացնել՝ սկսվե՞լ էր, թե՞ ոչ»:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վարչապետի հավանական թեկնածուների շարքում է: Փորձեցինք պարզել՝ ԲՀԿ-ական պատգամավորը տեղյա՞կ է՝ որքանով են այս տեղեկությունները իրականության հետ կապված: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. «Ավելի շուտ ես ենթադրում եմ՝ գրում են իրավիճակը ավելի սուր դարձնելու համար»,- ենթադրում է Վարդան Բոստանջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել