Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԼՈՂԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Փետրվար 25,2010 00:00

Իսկ քյաբաբն ու խորովածը սեքսի հետ անհամատեղելի են

«Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը եւ խորհուրդ տալիս սեռական ֆունկցիան բարելավելու համար ճիշտ սնունդ օգտագործել:
«Առաջին հերթին մեր ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք: Այսինքն՝ ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդը՝ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան: Սեռական ֆունկցիայի վրա դրական է անդրադառնում սոխը, սխտորը: Ի դեպ, հնուց եկած խոսք կա: Սեռական հասունացման շրջանում աղջկան խորհուրդ էին տալիս մեծ կուրծք ունենալու համար շատ սոխ ուտել: Դրական է ազդում նաեւ մսեղենը, ծովամթերքը, սունկը: Սեռական ֆունկցիայի վրա վատ են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները՝ գազավորված հյութերը, թեյը, սուրճը եւ, իհարկե, ծխախոտը: Ալկոհոլը քիչ քանակությամբ՝ վնաս չէ: Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանությամբ: Իսկ դրանցից ամենապետքականը սեռական ֆունկցիայի համար E վիտամինն է, որին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված՝ անվանում են վիտամին սեքս: Վերջինն էլ շատ կարեւոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: Վիտամին E կա ցածրորակ հացերի մեջ, հացահատիկի, ընկույզի…»,- ասում է Ա. Գրիգորյանը:
Ի դեպ, բժիշկը ասում է, որ մսեղենը ցանկալի է լինի ոչ տապակած, այլ շոգեխաշած: Պարզվում է, կան նաեւ հատուկ էրոտիկ ճաշատեսակների բաղադրատոմսեր, որոնք ակտիվացնում են սեռական ցանկությունները: Ըստ մեր զրուցակցի՝ այդ տեսակի բաղադրատոմսերով հարուստ է հատկապես հնդկական խոհանոցը: Այնպես որ, ի գիտություն համադամասերների՝ ավանդական խորովածներն ու քյաբաբները ցանկալի չեն:
Խոսելով սեռական հատուկ սննդակարգի մասին, բժիշկը անդրադարձավ անչափ կարեւոր եւս մեկ հարցի՝ մարմնի հիգիենային:
«Սափրվելն ու ձեռքերը լվանալը դեռ չի խոսում այն մասին, որ մարդը պահպանում է իր անձնական հիգիենան»,- ասում է սեքսապաթոլոգը: «Առաջին հերթին ուշադրություն է պետք դարձնել մարմնի հիգիենային: Դա վերաբերում է թե տղամարդկանց, թե կանանց: Մարմնի հիգիենա ասելով, ես նկատի ունեմ, որ տղամարդիկ ավելի հաճախ սափրվեն, լողանան, նույնը վերաբերում է կանանց: Հիգիենա ասելով՝ նաեւ նկատի ունեմ սեռական օրգանների մաքրությունը: Ցանկալի է ամեն օր սեռական օրգանների լվացում անել, որովհետեւ մեզի մնացած կաթիլները ստեղծում են միկրոբների համար բարենպաստ պայմաններ»,- մանրամասնում է բժիշկը ու հավելում, որ լվացումները կարելի է անել հատուկ ինտիմ օճառներով, որոնք քիչ են գրգռում լորձաթաղանթը:
Բժիշկը խորհուրդ է տալիս սեռական օրգանների լվացման համար օգտագործել ոչ թե հակաբակտերիալ, այլ փափուկ, մանկական օճառներ:
«Սեռական հարաբերությունից առաջ եթե տղամարդուց կամ կնոջից քրտինքի հոտ է գալիս, դա կարող է տհաճություն առաջացնել: Վերջին շրջանում զգացել եմ, որ այցելուներս հետեւում են իրենց մարմնի հիգիենային՝ կապված սեռական օրգանների հետ: Իսկ դա ողջունելի է: Այսօր ավելի քիչ ենք հանդիպում անփույթ հիվանդների: Կա դրական տեղաշարժ, թեեւ շատ ընտանիքներում մի ընդունված սովորություն կա՝ ամուսինները անկողին կարող են մտնել ոչ խնամված վիճակում, մտածելով՝ կարիք չկա որեւէ բան ապացուցել կողքինին…»,- ասում է զրուցակիցս ու պատասխանում մեր հարցին, թե ժողովրդի մեջ ընդունված կարծիք կա՝ հարաբերությունից հետո լողանալը սխալ է:
«Նախ լողանալն անհրաժեշտ է սեռական հարաբերությունից առաջ: Իսկ հարաբերությունից հետո պարտադիր չէ անմիջապես վազել լոգարան: Շատ կանայք հարաբերությունից հետո ներքին լվացումներ են կատարում: Ներսի լվացումը արվում է հակաբորբոքային նյութերով, ինչը ցանկալի է անի մասնագետը, ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա գաղտնիք չէ, որ ընդունված է օգտագործել մերամիստինի լուծույթ: Հաճախ հանդիպում եմ այցելուների, որոնք արդեն այս հարցերում իրենց մեծ գիտակներ են համարում եւ նույնիսկ ուրիշներին են խորհուրդներ տալիս՝ ավտոմեքենայում պարտադիր ունենալ այդ լուծույթը: Ասեմ, որ այդ լուծույթը բավական արդյունավետ միջոց է, մանավանդ, եթե սեռական ակտը եղել է չպաշտպանված, առանց պահպանակի: Բայց լուծույթը ունի շատ լուրջ թերություն՝ հաճախակի օգտագործման ընթացքում այն կորցնում է իր ուժը: Հակաբորբոքային նյութերը սպանում են մեր օրգանիզմում երբեմն պետքական բակտերիաները: Դա ամենալուրջ խնդիրն է: Եվ այս պարագայում հիվանդը շատ դժվար է բուժվում»,- ասում է Ա. Գրիգորյանը:
Ի դեպ, օրալ սեքսի սիրահարներին էլ բժիշկը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել բերանի խոռոչին:
«Բերանի խոռոչում ավելի շատ բակտերիա կա, քան հեշտոցում: Թեեւ թվով ամենաշատ բակտերիաները գտնվում են ուղիղ աղիքում: Օրալ սեքսը կարող է հանգիստ պատճառ դառնալ մի շարք բորբոքային հիվանդությունների՝ թե տղամարդկանց մոտ, թե կանանց: Օրալ սեքսից կարելի է վարակվել տրիպեր, հոնորեա… Հիվանդության աղբյուր կարող է լինել անգամ կարիեսը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հաճախակի այցելել ատամնաբույժներին եւ հավուր պատշաճի պահպանել 32-ը»,- եզրափակեց Ա. Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728