Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ, ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Փետրվար 27,2010 00:00

\"\"Վարդան Մինասյանը պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հավաքականում նրան օգնելու են Արթուր Ավագյանն ու Արթուր Մկրտչյանը, ինչպես նաեւ արգենտինացի մասնագետ Ռոդրիգոն, ով նրան օգնում է նաեւ «Փյունիկում»:
Հրավիրված մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը առանձնահատուկ նշեց, որ վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնում տեղացի մասնագետ է նշանակվել ու կոչ արեց համախմբվել հավաքականի շուրջ, նպաստել նրա հաջող ելույթներին: Ֆեդերացիայի նախագահը փաստեց, որ հավաքականի ղեկին տեղացի մարզիչ ունենալու գաղափարն իրեն խորհուրդ է տվել Էդուարդ Մարգարովը՝ նախորդ տարվա հոկտեմբերին: Նա նաեւ հիշեց, որ մշտապես ասել է, թե Հայաստանում գոյություն չունի այնպիսի մասնագետ, ով կկարողանար գլխավորել ազգային հավաքականը, սակայն՝ չի ասել, որ երբեւէ չի լինի նման մարզիչ:
Հավաքականի
խնդիրների ու
ծրագրերի մասին

Խոսելով հավաքականի խնդիրների մասին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ երբեւէ մեր ազգային թիմի առջեւ մրցաշարային աղյուսակի ետեւներում քարշ գալու խնդիր չի դրել: «Բոլորդ գիտեք, որ ես մաքսիմալիստ եմ: Ես եւ Վարդան Մինասյանը Իսպանիայի հավաքականին էլ ենք երազում հաղթել: Մենք մեր ֆուտբոլիստներին պարտվելու համար չենք պատրաստել»,- ասաց ֆեդերացիայի նախագահը՝ ավելացնելով, որ հիմա էլ ենթախմբում հաջող հանդես գալու խնդիր է դրված:
Իսկ ահա Վարդան Մինասյանը նշեց, որ իր համար գերխնդիրը միավորներ վաստակելն է: Ինչ վերաբերում է հավաքականում առկա խնդիրներին, ըստ Մինասյանի, առաջնային են ազգային թիմի խաղի կայունացումն ու հավաքականում մրցակցության ստեղծումը: Վերջինի համար բազմաթիվ հիմքեր կան, քանի որ շատ լավ սերունդ է փոխարինման գալիս երիտասարդական հավաքականից: Մարզչի խոսքերով՝ արդեն սեպտեմբերին երիտասարդականի մի քանի անդամներ կտեղափոխվեն ազգային թիմ:
Ըստ ՀՖՖ նախագահի՝ այսօր մեր հավաքականի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է արտասահմանում հանդես եկող մեր ֆուտբոլիստների՝ հավաքական չգալու հարցը: Մասնավորեցնելով թեման՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ եթե Քարամյան եղբայրները չմասնակցեն մարտի 3-ին Բելառուսի դեմ կայանալիք խաղին, ապա այլեւս ազգային թիմ չեն հրավիրվի, քանի որ նրանց վարվելակերպն ու վերաբերմունքը «վիրուսի» պես փոխանցվել է մյուս տղաներին: Ավելի կոնկրետ, ըստ ՀՖՖ նախագահի, ազգային եւ երիտասարդական թիմեր չժամանելու խնդրանքով դիմել են Գեւորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Եվ միայն Մխիթարյանն է հատուկ արտոնության արժանացել. նախագահը նրան թույլ է տվել չժամանել: «Ազգային հպարտություն է պետք ունենալ: Հավաքականում համոզելով, փշի-փշի անելով չեն խաղում, այլ՝ էնտուզիազմով»,- ասաց ՀՖՖ նախագահը:
Առհասարակ, ասուլիսի ընթացքում քանիցս շոշափվեց ֆուտբոլիստների խնդիրը: Վարդան Մինասյանը անդրադարձավ դարպասապահի հարցին. «Հավաքականի ամենացավալի կողմը դարպասապահի խնդիրն է:Ռոման Բերեզովսկուն փոխարինող գտնելը բարդ է: Ունենք Գեւորգ Կասպարով, բայց այժմ խնդիրներ կան նրա հետ:Հերթափոխ չունենք:Էդվարդ Հովհաննիսյանը, որը ելույթ է ունենում երիտասարդականում, դեռ աչքի չի ընկնում:Նրան առայժմ ժամանակ է պետք:19 տարեկանների հավաքականում ունենք լավ դարպասապահ, բայց նրան եւս ժամանակ է պետք»:Ինչ վերաբերում է Քարամյաններին, ապա, ըստ մարզչի, Արմանը եւ Արտավազդը մեր ազգային հավաքականին անհրաժեշտ են, եւ ինքն այդ թեմայով դեռ կխոսի ֆեդերացիայի ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է արտասահմանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, Վարդան Մինասյանն արդեն ակտիվ գործունեություն է ծավալել՝ վերջիններիս ներուժն ուսումնասիրելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջերս նա ներկա է գտնվել «Միկա»-«Ուրալ» խաղին, որտեղ ռուսական թիմի կազմում հանդես են գալիս Դենիս Թումասյանն ու Նիկոլայ Սաֆրոնիդին: Սակայն նրանք չեն բավարարել մարզչի պահանջները:«Նրանք չունեն այն մակարդակը, որ ելույթ ունենան ազգային հավաքականում»,-ասաց Մինասյանը:
Անդրադառնալով հավաքականի ծրագրերին՝ Վարդան Մինասյանն ասաց, որ շատ մեծ նախապատրաստական ծրագրեր են կազմված: Այսուհետեւ յուրաքանչյուր ամիս Հայաստանում թիմը հավաք է անցկացնելու տեղի կադրերով, ու նաեւ՝ ընկերական հանդիպումներ թե հայաստանյան ակումբների ու թե երիտասարդական հավաքականի հետ:
Ի դեպ, ՀՖՖ նախագահը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները՝ Արգենտինայի ընտրանու հետ հավանական ընկերական խաղի մասին, ասաց, որ, ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումը կկայանա: Այլ մանրամասներ Ռուբեն Հայրապետյանը չներկայացրեց՝ պարզաբանելով, որ լրագրողները հաճախ խանգարում են բանակցություններին:
Խաղացանկի մասին
Վարդան Մինասյանը անդրադարձավ նաեւ առաջիկայում Մոսկվայում քննարկվելիք՝ Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղացանկին ու մասնավորապես՝ հայկական կողմի նախապատվություններին: Մարզիչը նշեց, որ հայկական կողմն արդեն ընտրել է իրեն հարմար տարբերակը:«Հիմնականում կա երկու կետ, որը շատ ցանկալի է մեզ համար: Մենք ցանկանում ենք մրցաշարն սկսել տանը՝ Իռլանդիայի կամ Սլովակիայի հետ, քանի որ հաջող մեկնարկը կարեւոր է: Երկրորդ տուրում ուզում ենք հյուրընկալվել Անդորրային:Ցանկալի է մարտին հանդիպել Ռուսաստանի հետ, քանի որ այդ ժամանակ մենք լավ վիճակում չենք ու Ռուսաստանն էլ խաղային պրակտիկայի խնդիր ունի:Ես խնդրել եմ, որ այս երկու կետն ապահովենք: Մնացած հանդիպումների ժամանակացույցն այդքան էական չէ»,- եզրափակեց Վարդան Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728