Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՌԱՀ-ի չափորոշիչները գրաքննություն են, բայց տեղին»

Փետրվար 27,2010 00:00

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչները ինքնաբուխ չեն եղել, դրանք ծնվել են հասարակական պահանջից»,- ասում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության
տնօրեն Դավիթ Հակոբյանը:

Ուսումնասիրությունները փաստում են, որ մեր օրերում հիմնական ժամանցի ձեւերից մեկը հեռուստատեսությունն է, եւ այն հասարակության ենթագիտակցության վրա ազդում է իր հաղորդումներով: Պարոն Հակոբյանը ենթադրում է, որ հասարակական որոշ շրջանակներում բողոք է առաջացել, որ եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո մենք կունենանք վտանգված սերունդ, քանի որ մեր նոր սերունդը ծանոթ չէ ազգային արժեքներին: Նրանք շատ ավելի լավ են տիրապետում ժարգոնին, նոր տերմիններին, փորձում նմանվել սերիալային կերպարներին: Հասարակության կողմից ճնշում է եղել, եւ պետությունը ինքն էլ գիտակցելով, որ ունենք վտանգված սերունդ, դիմել է որոշակի քայլերի: «Մեր սերունդը հերիք չի՝ պատերազմի տարիներին է ծնվել, մութ ու ցուրտ տարիներին է մեծացել, հիմա էլ հեռուստաեթերից ստանում է այն աղբը, որը ներկայացվում է»,- ասում է Դավիթ Հակոբյանը: Նրա կարծիքով, եթե այս փոփոխությունները ձեւական բնույթ չունենան, հեռուստաընկերությունները ստիպված կլինեն մտածել նոր եթերային արտադրանքի մասին, որը չի նշանակի, որ եթերը կդառնա ձանձրալի, հեռուստաընկերությունները կփակվեն կամ էլ ստիպված կլինեն հեռարձակվել կեսգիշերից հետո:
Դավիթ Հակոբյանի կարծիքով, ՀՌԱՀ-ի չափորոշիչները կարելի է գրաքննություն համարել: «Այո՛, գրաքննություն է, բայց տեղին գրաքննություն: Եթե մեր պետությանը, հասարակությանը պետք է, ինչո՞ւ ոչ, թող լինի նաեւ գրաքննություն: Մենք ունենք մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկիր, թշնամիներով շրջապատված, մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր տարածք, եւ մենք իրավունք չունենք վտանգել մեր սերնդին»,- նշում է զրուցակիցս: Չափորոշիչների դեմ հնչած կարծիքները պարոն Հակոբյանը բացատրում է նրանով, որ մենք խոսել եւ էկրանին հայտնվել սիրող ազգ ենք, եւ ամեն մեկը իր կարծիքն է հայտնում՝ նպատակ ունենալով խելացի մարդու տպավորություն գործել: «Օրենքի նախաձեռնողը մի քանի անգամ նշել է, որ եթե ինչ-որ մեկը առաջարկներ ունի, կարող է գրավոր տարբերակով ներկայացնել իրենց»,- ասում է նա: Պարոն Հակոբյանը կցանկանար, որ չափորոշիչների մեջ կետ մտցվեր լեզվի անաղարտության մասին, բայց մտածում է, որ հեռուստաընկերությունների վրա միանգամից այդքան ճնշում գործադրելու դեպքում՝ հնարավոր է, որ իրավիճակը էլ ավելի խճճվի: Նա կարծում է, որ նախագիծը անբավարար կիրառելու դեպքում հասարակական ընդվզում կբարձրանա, իսկ բավարար կիրառման դեպքում՝ որոշ խնդիրներ կլուծվեն: «Եթե պետք է, որ ես ինչ-որ բան փոխեմ իմ հեռուստաընկերությունում, ես պատրաստ եմ՝ միայն թե մեր հեռուստաեթերը շտկվի: Մենք հանրային եթեր ենք զբաղեցնում եւ հասարակության առաջ պատասխանատվություն ենք կրում: Մի քանի տնտեսվարող սուբյեկտի փող աշխատելու պատճառով մենք իրավունք չունենք կործանել հասարակությունը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել