Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

Փետրվար 27,2010 00:00

Ըստ ԱԼՏ հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ընդունած չափորոշիչները ստեղծվել են, որպեսզի ապագայում հայ նորագույն պատմությունը բովանդակային առումով անաղարտ ու անթերի ներկայացվի…
«Այսօր յոթերորդ դասարանում գրատախտակի վրա նոր դասն եմ բացատրում, իսկ իմ աշակերտները մեծ ոգեւորությամբ քննարկում էին, թե ով է «Որոգայթի» Ջոկերը,- ասում է Սարդարապատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանը։- Էս էրեխեքը սերիալից բացի ոչ մի բանով չեն հետաքրքրվում, մի օր չեղավ, որ գային ու նոր գրքի մասին խոսեին»: Երեխաների նախասիրությունները պարզելու համար նույն դպրոցի 4-րդ գ դասարանում հարցում անցկացրի ու պարզվեց, որ տասնյոթ աշակերտից տասը դիտում է միանգամից չորս սերիալ, մյուս յոթը՝ երկու կամ մեկ: Առաջատար դիրքերում «Որոգայթ» եւ «Բանակում» սերիալներն են: Հերոսները, որոնց ցանկանում են երեխաները նմանվել, Մալխասն է, Հովոն, Մինասը, Վարոսը, Զիտան ու Կարինեն: Գուցե սա հաշվի առնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց չափորոշիչներ մտցնել եթերում: «Ընդհանրապես ոչ մի երկրում հեռուստատեսությունը դաստիարակությամբ չի զբաղվում, դրա պատվիրատուն պետությունը պետք է լինի, պետությունը թող պատվիրի, վճարի ինձ, ես էլ մասնագետների միջոցով զբաղվեմ սերնդի դաստիարակությամբ, էդ պարտականությունը պետությունն է իր վրա վերցրել, ոչ թե հեռուստաընկերությունները»,- ասում է Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը: Ըստ նրա, այդ չափորոշիչները լղոզված են, դրանք ոչ թե կանոնակարգում են եթերը, այլ հնարավորություն են տալիս յուրաքանչյուր պահի ճնշում գործադրել որեւէ հեռուստաընկերության վրա. «Վերցնենք «Հին օրերի երգը» ֆիլմը, որտեղ Սերոբը հարվածում է հաշմանդամ մարդուն: Սա բռնություն է եւ ֆիզիկական արատ ունեցող անձի նսեմացում: Ի՞նչ է, այս ֆիլմը այլեւս չե՞նք ցուցադրելու»: Խաչիկ Դանիելյանի խոսքերով, չափորոշիչները պոռնոգրաֆիան ու բռնությունը վերացնելու համար չեն ստեղծվել: «Պատմական արժեքների, հերոսների նսեմացում. բոլորս էլ գիտենք, որ մեր պատմությունը գրվել է ինչ-որ մեկի թելադրանքով, եւ սերունդները իրավունք ունեն նաեւ եթերով քննարկելու տարբեր փաստեր ու վարկածներ: Ամենակարեւորը՝ մենք այսօր նորագույն պատմություն չունենք, որը վաղն է գրվելու, այսօվա պատմությունը բովանդակային առումով ապագայում անթերի ներկայացնելու խնդիր կա»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի փոփոխության հետեւանքով, ըստ պրն Դանիելյանի, անհավասարություն է առաջանում: «Ենթադրենք, մեր հայկական հեռուստաընկերությունները պահպանում են էդ օրենքները, բայց չէ՞ որ կան արտասահմանյան հեռուստաընկերություններ՝ ԿՀՁ, ՀՁՀ…եւ, վերջապես, սպառողը երկուսից էլ հավասարապես օգտվելու հնարավորություն ունի: Մեզ մոտ կսկսեն արտասահմանյան ալիքներ դիտել, նրանք գումար կաշխատեն, մենք էլ կտեսնենք, թե ինչ սիրուն ա ամեն ինչ»,- ասում է Խաչիկ Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել