Լրահոս
Օրվա լրահոսը

Արջը խաղալիք չէ

Փետրվար 27,2010 00:00

Կարենը որոշեց այլեւս գիշատիչ կենդանիներ չպահել

Գործարար Կարեն Հովակիմյանը չորս տարի առաջ որոշեց առյուծ պահել: Նա Սամարայում է ապրում ու կենդանուն սկզբում որպես իր տան դեկորացիա գնեց: «Անունը Ալեքս դրեցինք, պապաս էր կերակրում: Մեր առյուծը օրը մի կովի գլուխ էր ուտում»,- պատմում է գործարարը: Ամիսներ անց ընկերները Կարենին արջի քոթոթներ նվիրեցին: «Հո չէ՞ի հրաժարվելու, որոշեցի էդ արջերին էլ պահել, մանավանդ որ՝ շատ սիրուն էին»,- ասում է նա: Արջուկները օրական ութ կիլոգրամ սպիտակաձավարի շիլա էին ուտում: Նրանց նույնպես Կարենի հայրը՝ Հարութն էր կերակրում: Փոքր ժամանակ արջերը տան բակում ազատ ման էին գալիս, բայց երբ մի քիչ մեծացան, նրանց «բնակարանը» վանդակը դարձավ: «Ճիշտ է, արջերը էնքան չէին մեծացել, որ մեզ կարողանային վնասել, բայց տանը փոքր երեխաներ ունենք, իրենց համար վախեցանք»,- ասում է տիկին Մարիամը՝ Կարենի մայրը: Վայելելով իրենց «մանին»՝ արջերը օր օրի մեծանում էին: Մի օր, հերթական կերը տալուց հետո Հարութը արջերի վանդակի դուռը մոռացավ կողպել: Սրան գումարած՝ տնեցիներն էլ տան դարպասները չէին փակել: Արջերն էլ, օգտվելով հնարավորությունից, որոշեցին տնից փախչել ու քաղաքով մի երկու պտույտ անել:
«Ահավոր բան էր, բայց հիմա, որ հիշում եմ՝ ծիծաղս ա գալիս, ոնց որ կինո լիներ,- ասում է Հարութը,- ուրեմն՝ մայթով արջերն են վազում, հետեւից իմ շունը, չոբանի մեծ շուն ա, էդ երեքի հետեւից էլ՝ ես: Մարդիկ գոռում են, էս ու էն կողմ են վազում, բարձրանում են ծառերի վրա: Մի խոսքով, հազիվ դրանց բռնեցինք, քնաբեր սրսկեցինք, կապկպեցինք, որ տանենք Բուզուլուկ»: Կարենը ճանաչում էր Բուզուլուկի գյուղապետին ու արջերին վաճառեց հենց նրան: «Ընտանիքիս անդամները ուզում էին, որ Ալյոշին էլ ծախեի, բայց ձեռքս չգնաց, արդեն սովորել էի էդ կենդանուն, համ էլ իրա համար խելոք ապրում էր, էլի»,- ասում է Վանուշը: Ամիսներ առաջ Ալեքսը հիվանդացավ ու սատկեց: «Ճիշտ ա, թոռնիկս ու տղաս ծանր տարան, բայց ես ուրախացա, որովհետեւ վախը միջիցս դուրս եկավ»,- ասում է տիկին Մարիամը:
Ալեքսի պատմությունն այսքանով ավարտվեց, բայց ահա արջերը իսկական պատուհաս դարձան այս անգամ արդեն Բուզուլուկի գյուղապետի գլխին: Կերը տալու ժամանակ արջերից մեկը հարձակվել էր աշխատողի վրա: «Մինչեւ հասել-կրակել էին արջին, էդ մարդն արդեն մահացած ա եղել»,- ասում է Հարութը:
«Էս դեպքը շատ ազդեց վրաս, մինչեւ հիմա սիրածս կենդանիները աչքիս գրողը դարձան,- ասում է Կարենը,- չէի պատկերացնում, որ ամեն ինչ էսպիսի ավարտ կունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել