Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկությունները՝ լապտերներում

Մարտ 02,2010 00:00

Չինաստանի ու ծեսերի մասին

\"\"

Փետրվարի 28-ին Չինաստանում ավարտվում է Նոր տարին կամ, ինչպես չինացիներն են ասում՝ «չուն- ջհի» -ն՝ Գարնան տոնը, որը մեր տոնացույցով սկսվում է փետրվարի 14-ին: Երեւանում չինական բոլոր տոները Բրյուսովի անվան համալսարանին կից գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի նախաձեռնությամբ առիթ ունենում են նշել նաեւ Հայաստանում ապրող չինացիները: Փետրվարի 28-ին չինական «Դրակոն» ռեստորանում նշվեց Լապտերների օրը, երկինք բաց թողնվեց ավանդական փոքր օդապարիկը: Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Նաիրա Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հայ ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում չինական տոների եւ ընդհանրապես Չինաստանի հանդեպ: Չին դասախոսների օգնությամբ սովորում են չինարեն, ծանոթանում չինական մշակույթին: Միջոցառմանը Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողները կատարեցին չինական ավանդական երգ ու պար, նաեւ ներկայացրին չինական խաղեր: Չինաստանում Լապտերների տոնին չինացիները միլիոնավոր լապտերներ են վառում, մի մասը փոքրիկ նավակներով թողնում ջրի վրա, մյուս մասը՝ փոքր օդապարիկների տեսքով բաց թողնում երկինք: Ամեն լապտերի հետ մարդիկ ցանկություն են պահում՝ հուսալով, որ տվյալ տարում այն անպայման կիրականանա:
Գարնան տոնը խորհրդանշում է երջանկություն, լիություն ու մաքրություն: Լապտերների տոնի ավանդական կերակրատեսակը հատուկ խմորի մեջ բրնձի ալյուրով, չամիչով ու ընկույզով պատրաստված տամպլին է: Հայաստանում Չինաստանի դեսպանի օգնական Բոյ Սյոմինի խոսքով՝ «Գարնան տոն է կոչվում, որովհետեւ այդ օրը կարող են տեսնել Նոր տարվա լիալուսինը»:
Մեկ ուրիշ չինացի էլ ստուգաբանեց իր անունը՝ Պաի Շյո Մինին: Ասաց, որ թարգմանաբար նշանակում է՝ վաղ առավոտյան, որովհետեւ ինքը ծնվել է վաղ առավոտյան: Պաի Շյո Մինիին խնդրեցինք չինարեն շնորհավորել նոր տարին: Դա այսպես է հնչում՝ «Շնե խո լո»:
Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողուհի Կարինե Հովհաննիսյանն էլ ասաց. «Ավանդական կերակրատեսակը շատ համեղ էր, ճիշտ է՝ մի փոքր անսովոր մեզ համար, որովհետեւ չինականը շատ է տարբերվում հայկականից՝ սուր համերով եւ յուրահատուկ բաղադրություններով: Չինաստանում դեռ չեմ եղել, հույս ունեմ հաջորդ տարի այցելել»: Հետաքրքրվեցինք՝ չինացիները ինչպե՞ս են վերաբերվում հայկական մշակույթին ու խոհանոցին: Կարինեն պատասխանեց. «Մենք նրանց ոչ միայն մեր երկիրը, մշակույթը, այլեւ խոհանոցն ենք լավագույնս ներկայացնում: Այցելել ենք հայկական ռեստորաններ, ասում են՝ շատ են հավանում»:
Չինաստանում յուրաքանչյուր տոնից հետո չինացիներն աշխատում են չզբաղվել որեւէ գործով, նույնիսկ մազերը չեն կտրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել